Քրեական հեղինակության սպանության գործով հետազոտվեցին տեսանյութերը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի և երկու ընկերների սպանության գործով այսօր շարունակվեց դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հետազոտման էին ներկայացվել գործուղ առկա ապացույց համարվող տեսանյութերը, որոնց հետազոտումը այս անգամ էլ խոչընդոտներով լի էր:  Նախ պարզվեց, որ ոչ բոլոր տեսանյութերի դեպքում էր հնարավոր  ցուցադրել հենց այն հատվածները, որոնք էական նշանակություն ունեն, հետո էլ՝ ոչ բոլոր տեսանյութերն են հնարավոր նայել՝ ծրագրային ինչ-որ խնդրի պատճառով: Մի դեպքում  էլ ֆիքսված չէին հատվածները, որոնք պետք է հետազոտվեին և դատարանը պետք է շուրջ 1 ժամ դիտեր տեսանյութը՝ համապատասխան մի քանի վայրկյանը տեսնելու համար:

Սակայն կար ավելի խնդրահարույց մի դրվագ. տեսանյութերի արձանագրություններում նախաքննական մարմինը նշել էր, որ տեսանյութում երևացողը կոնկրետ անձ է (ամբաստանյալներից), հստակ անուն-ազգանունով, մինչդեռ տեսանյութերում դեմքեր չէին երևում և նույնականցնելը այնքան էլ միանշանակ չէր: Նման խնդիր էր նաև ավտոմեքենաների հետ. քննիչն արձանագրության մեջ նշել է տեսանյութում երևացող մեքենաների պետհամարանիշները, մինչդեռ դրանք տեսանյութերում չեն երևում:

Ի դեպ, քննիչի կողմից արձնագրության կազմելու այս սխալը ընդունեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Սակայն նշեց նաև, որ մինույն ժամանակ արձանագրությունը չէ ապացույց, և պետք չէ այդ թերությունների առկայության դեպքում վիճարկել ապացույցի ապացուցողական նշանակությունը:

Դատարանում ցուցադրվեցին կադրեր դեպքի վայրից, և հանրապետության մի շարք հատվածներից, որտեղ տեսախցիկները, ըստ նախաքննական մարմնի, էական նշանակություն ունեցող գործողություններ են ֆիքսել:

Հետաքրքրականն այն է, որ տեսանյութերի հետ կապված խնդիրները նաև գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վրդովմունքն էին առաջ բերում, իսկ այդ վրդովմունքի թիրախում հայտնվում էր տեսանյութերը ցուցադրող աշխատակիցը. «Չեմ հասկանում, ինչի՞ է պետությունը ձեզ փող տալիս», «Ասքանազ, էլի խմա՞ծ ես»:

Ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանն էլ չզսպեց իր վրդովմունքը ու ելյութ ունեցավ՝ բողոքելով լրատվամիջոցների ու քննչական, դատախազական մարմինների աշխատանքից. «Թող դատախազի վրա շառ անեն, գնա, 15 օր նստի, իմանա` դա ինչ ա, տեսնենք` կդիմանա՞: Պատկերացրեք` բերդում նստած ես, իմանում ես, որ զրպարտում են, քար պիտի լինես, որ դիմանաս»:

Փոքրիկ երկխոսություն սկսվեց ամբաստանյալի և դահլիճում նստած սպանվածներից մեկի հարազատի միջև. «Պետք է պարզվի, ով է սպանություն կատարել, էս մարդիկ իմանան՝ ով է իրենց թշնամին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, ` Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանն (Տլե) ու Սարգիս Գրիգորյանը(Ծգլ)  2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում  նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:  Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել