Մեղադրողը պետք է հրաժարվի այդ վկաներից. վիրավորված անչափահասի հայրն ու վկաները դատարան չեն ներկայանում

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող 30-ամյա Ռ-ի գործով այսօրվա դատական նիստին, ինչպեսև նախորդ մի քանի նիստերին, վկաներն ու տուժողի օրինական ներկայացուցիչը՝ կրակոցից վնասվածք ստացած անչափահաս երեխայի հայրը, դատարան չէին ներկայացել:

Դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ՝ դատարանը կողմերին ներկայացրեց ոստիկանությունից ստացված գրությունն այն մասին, թե ինչու տուժողի օրինական ներկայացուցչին և չորս վկաներին դատարան բերման ենթարկելու որոշումը չի կատարվում: Գրության մեջ նշվում է, որ բերման չենթարկելու պատճառը տվյալ բնակության հասցեներում չբնակվելը կամ հաշվառված չլինելն է:

Մեղադրող կողմը այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց՝ ոստիկանությանը ևս 20 օր ժամանակ տալ՝ այդ անձանց ներկայությունը դատարանում ապահովելու համար: Սակայն պաշտպան Ինեսսա Պետրոսյանն նշեց, որ ոստիկանության գրությունից հայտնի է դառնում, որ պատշաճ բոլոր աշխատանքները կատարվել են և ակնհայտ է, որ վերջիններս թաքնվում են քննությունից.

«Դատական նիստեր են հետաձգվում՝ անբարեխիղճ վկաների պատճառով, ինչի հետևանքով դատական ռեսուրսներ են վատնվում: Նրանց ներկայացնում է մեղադրանքի կողմը և մեղադրողն էլ պետք է հետևություններ անի և հրաժարվի այդ վկաներից. այլ տարբերակ չի կարող լինել այս դեպքում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Նա հայտնեց նաև, որ դեմ է այդ անձանց նախաքննական ցուցմունքները դատարանում հրապարակելուն, քանի որ դրանք վերցվել են դատավարական մի շարք խախտումներով և որ կարևորն է՝ խախտվել է իր պաշտպանյալի Եվրակոնվենցիայով ամրագրված իրավունքը՝ հնարավորություն չի ունեցել նախաքննության ընթացքում առերեսվել իր դեմ ցուցմունք տված անձանց հետ:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրանց պաշաճ և թույլատրելի ապացույց լինելու հարցին կանդրադառնա վերջնական դատական ակտում՝ դատավճռում:

Այսպիսով, տուժողի օրինական ներկայացուցիչ Արմեն Աբրոյանը նախաքննական իր ցուցմունքում պատմել է, թե նախորդ տարվա հուլիսի 7-ի հյուրընկալված է եղել իր ընկերոջ տանը ու հարևան տղաների հետ այդ օրը երեկոյան զրուցարանում թղթախաղ են խաղալիս եղել, երբ արդեն ցանկացել են դուրս գալ, երկրորդ հարկի հարևանը գոռացել է. «Դավայ, դավայ, ցրվեք, արա»: Փորձել են հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, նա շարունակել է. «Ցրվեք, դավայ, հեսա «գրանատ» կգցվեմ ձեզ վրա»: Իսկ հետո մեկ անգամ կրակոց է եղել, այնուհետև շարունակվել են կրակոցները, նա տեսել է իր անչափահաս որդուն, ով վիրավորվել է կրակոցից, գրկել է նրան ու վազել դեպի շքամուտք: Նա իր խոսքում նշել է նաև, որ զրուցարանում նստած երբեք հայհոյանքներ չեն տվել, և կրակոցներից հետո, երբ իր որդին վիրավորվել է, միայն այդ ժամանակ է ինքը հայհոյել:

Այս ցուցմունքի հրապարակվելուց հետո պաշտպանը հայտնեց, որ Աբրոյանը ցուցմունք է տվել ռուսերեն, ցուցմունքը թարգմանվել է, սակայն թարգմանիչը չի ունեցել համապատասխան որակավորում ու նույնիսկ նրա թարգմանության մեջ տառասխալներ են եղել:

Ցուցմունքի բովանդակությունը նույնպես հակասական է. գործում առկա տեսանյութերում երևում է, որ նա չի գրկում իր որդուն ու վազում դեպի շքամուտքը:

Վկաների ցուցմունքները նույնպես հակասական են. պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում նրանց հարցեր տալու հնարավորություն չունենալու հետևանքով այդպես էլ հնարավոր չի դառնում մի քանի կարևոր հարցերի պատասխանները ստանալ, մասնավորապես, թե որ պահին է անչափահաս երեխան վնասվածք ստացել:

Իսկ վկաներից Արմեն Եփրամյանի ցուցմունքում նույնիսկ սուտ տեղեկություն կա. նա հայտնել է, թե մինչ միջադեպը ամբաստնյալ Ռ-ին չի ճանաչել, այնինչ՝ ամբաստնյալը պնդել է, որ ոչ միայն ճանաչել է, այլև նրա հետ առանձնազրույց է ունեցել բակի զրուցարանում ուշ ժամերին հավաքվելու և աղմկելու վերաբերյալ:

Պաշտպանի խոսքով, վկաների ցուցմունքները նույնպես դատավարական խախտումներով են ձեռքբերվել. մասնավորապես մեկ այլ վկայի ցուցմունքից հայտնի է դառնում, որ նրանց դեպքից հետո բոլորին տարել են ոստիկանություն, ամբողջ գիշեր այնտեղ են պահել, բոլորին միասին են հարցաքննել և հարցաքննել են փաստացի կասկածյալի, բերման ենթարկվածի կարգավիճակով:

Ցուցմունքների հրապարակվելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց օգոստոսի 7-ին:

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Ռ-ն գործով չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու իր վարձակալած բնակարանում ապօրինի պահել է արհեստագործական եղանակով պատրաստված, 5.6մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային հրացանային փամփուշտներ`նախատեսված կրակելու համար, ակոսավոր հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք 29 փամփուշտներ:

Այնուհետև 2014-ի հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում շենքի բակի զրուցարանում թղթախաղով զբաղվող 4 տղամարդկանց հետ վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս, ինչպեսև շենքի բնակիչների նկատմամբ իր բնակարանի պատուհանից զենքի գործադրմամբ կրակոցներ է արձակյել, շուրջ 20 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել շենքի բնակիչների հանգիստը և հասարակական կարգը, որի ընթացքում Գրիգոր Աբրոյանին դիտավորությամբ պատճառել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել