Սեպտեմբերի 18-ին Հաագայում՝ «Խաղաղության պալատում», տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նախարար Միրզոյանը, Դատարանի գլխավոր քարտուղարը, Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանը։
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակն իր խոսքում նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը։
Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։
Միջոցառմանը տեղի ունեցել է Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։
Գոյություն ունի ազգային աթոռների գեղեցիկ ավանդույթ. այդպիսի ազգային աթոռի իրավունքն ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Այս աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է: Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը: