Ո՞վ է ապացուցելու` Փայլակ Հայրապետյանը զրպարտել է նախկին վարչապետին, թե` ոչ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախկին վարչապետ և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն ընդդեմ ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի գործով դատավարությունը: Գործի քննում է դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ

Հայցվոր Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան  Արամ Օրբելյանը դատարանին ներկայացրեց հայցի հիմքը, ըստ որի՝  shamshyan.com  էլեկտրոնային կայքի միջոցով 2015 թվականի մարտի 24-ին լույս է տեսել սկանդալային օֆշորային գործի մասին հոդված, որտեղ հարցազրույց է տվել Փայլակ Հայրապետյանը: Տվյալ հոդվածի մեջ տեղ են գտել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հայցվորի ներկայացուցչի, զրպարտում են Տիգրան Սարգսյանին: Արամ Օրբելյանը նաև ներկայացրեց հայցի  առարկան . «Հայցի առարկան է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին  shamshyan.com էլեկտրոնային կայքի միջոցով հերքել  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Փայլակ Հայրապետյանից հոգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ լուծել դատական ծախսերի հարցը»:

Հիշյալ հոդվածում Փայլակ Հայրապետյանը, ով իր ունեզրկման հիմանական մեղավորներ է համարում Տիգրան Սարգսյանին, Նավասարդ Կճոյանին ու ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին ասել է, թե 7.5 միլիոն դոլար է նախկին վարչապետի բանկային հաշվեհամարին փոխանցվել ու այդ գումարով Սուքիասյանը 90 կգ ոսկի է գնել, ինչի սեփականատերը  Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը առարկություն ներկայացրեց պահանջի դեմ, ըստ որի՝   Փայլակ Հայրապետյանը  այս ընթացքում ընդամենը կրկնել է լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունները, ըստ որոնց, սնանկացման հիմնական պատճառը Տիգրան Սարգսյանի,  ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի և  Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հիմնած ընկերություններն են: Նա նաև հավելեց, որ այդ մասին կան բազմաթիվ հրապարակումներ և շատ լրատվամիջոցներ են անդրադարձել դրան: Նա դատարանին ներկայացրեց այն հետաքննական նյութերը,  որոնք հրապարակվել են դեռևս 2013 թվականին:

Գրիշա Բալասանյանը դատարանում հայտարարեց, որ դատարանի կողմից իրենց ուղարկված հայցադիմումում որպես զրպարտչական տեղեկություն ներկայացված է միայն 2 դրվագ՝  Փայլակ Հայրապետյանի կողմից 7,5 մլն դոլար Տիգրան Սարգսյանի բանկի հաշիվին  փոխանցելու  և  Տիգրան Սարգսյանի ժողովին մասնակցելու վերաբերյալ:  Սակայն հայցվոր կողմը դատարանում ներկայացրել է ևս մեկ դրվագ` կապված  90 կգ ոսկի գնելու հետ, որը հայցադիմումում բացակայում է: Այս հանգամանքը հաշվի առնելով Գ. Բալասանյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ պետք է ծանոթանա գործի նյութերին,  որպեսզի կարողանա հստակ պաշտպանություն իրականացնել:

Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել նաև այն նպատակով, որպեսզի պատասխանողը կողմնորոշվի և ավելի հստակ ներկայացնի պատասխանողի դիրքորոշումը՝ ճշմարտացի՞ են արդյոք տվյալները, թե` ոչ, եթե ոչ, ապա որ դրույթներն են կիրառելի, որպեսզի դատարանը հնարավորություն ստանա ապացուցման բեռ բաշխել: Դատաավորի խոսքով`  դեռևս դատարանի համար հասկանալի չէ պատասխանողի առարկությունների էությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 4-ին:

Ազնիվ Սիրադեղյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել