Պոչամբարի թափոնաջրերը հոսում էին ճանապարհով. ի՞նչ է արվել Իրավաբան.net-ի ահազանգից 3 տարի անց

Դեռևս 2012թ. դեկտեմբերի 1-ին Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնն ահազանգեց, որ այդ ժամանակ՝ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի», իսկ ներկայումս՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: Այս ահազանգի հիման վրա քրեական գործ հարուցվեց:

Այսօր արդեն «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից վստահեցնում են, որ այս հատվածում նմանաբնույթ ելքով վթարներ այլևս չեն կարող լինել:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի արհեստացուցիչ ֆաբրիկայի մենեջեր Արմենակ Գրիգորյանի փոխանցմամբ՝ վթարներից խուսափելու համար ընկերությունը հատուկ աշխատանքներ է տարել: Մասնավորապես այն հատվածներում, որտեղ խողովակաշարերը միանում են, փակվել է երկաթե պատնեշով, որպեսզի հավանական արտահոսքի դեպքում թափոնաջրերը կրկին չհոսեն ճանապարհով:

Բացի այդ, հարակից ձորի մեջ կառուցվել է բետոնե ստորգետնյա ռեզերվուար, եթե հանկարծ վթար տեղի ունենա, ապա թափոնաջրերը համապատասխան խողովակաշարով կխոսեն հենց այդ ռեզերվուարի մեջ: Արմենակ Գրիգորյանը փոխանցեց, որ դեռևս վթար տեղի չի ունեցել, այնպես որ խողովակաշարի և ռեզերվուարի գործունեության արդյունավետությունը կարողացել են տեսնել միայն անձրևաջրերի շնորհիվ:

Ի դեպ, թափոնաջրերի համար նախատեսված խողովակաշարերը իրար միանում են հատուկ ամրաններով՝ կոմպենսատորներով, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից մեզ փոխանցեցին, որ 2012թ. վթարից հետո կատարվել է ներքին ծառայողական քննություն, որը ցույց է տվել, որ այդ կոմպենսատորները վնասված են եղել, կասկածներ կան, որ մինչ այդ որևէ մարդիկ դրանք շարքից դուրս են բերել, ինչն էլ հանգեցրել է թափոնաջրերի արտահոսքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել