«Իրավաբանները ինչ-որ առումով հասարակության ճարտարապետներն են, և եթե մենք ինքներս սկսենք խարխլել այդ կառույցի հիմքերը, ավելացնել թերությունները, բնականաբար չենք ունենա այն հասարակաությունը, որի մասին երազել ենք դպրոցում կամ համալսարանում»,- «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում ասում է «ELL գործընկերություն» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, ղեկավար Տարոն Սիմոնյանը:
–Խնդրում եմ պատմեք, թե ե՞րբ է ստեղծվել փաստաբանական գրասենյակը, իրավունքի որևէ ոլորտում մասնագիտացա՞ծ է:
-«ELL գործընկերություն» իրավաբանական գրասենյակը ստեղծվել է 2011 թվականի հունիսի 10-ին: Մենք որդեգրել ենք դաշտում իրավաբանական նոր մշակույթ ձևավորելու քաղաքականությունը` հայաստանյան և արտասահմանյան փորձի վրա: Ես կրթությունս ստացել եմ նաև արտերկրում, և փորձում ենք այնտեղի մշակույթն այստեղ կիրառական դարձնել:
Մեր գրասենյակի հիմնական ուղղությունը կորպորատիվ (գործարարական) իրավունքն է: Հիմնականում սպասարկում ենք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գործարարությամբ զբաղվող կազմակերպություններին: Մեծ ուշադրություն ենք դարձնում մասնավոր միջազգային իրավունքին, դատական պրակտիկայով ևս զբաղվում ենք:
Միևնույն ժամանակ չենք բավարարվում դասական իրավաբանությամբ զբաղվելով, մի շարք ծրագրերի հեղինակ և համահեղինակ ենք: Դրանցից առաջինը իրավաբանական գրականության տպագրության ծրագիրն է: Վերջին անգամ տպագրեցինք «Քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություն» ձեռնարկը, բավականին մեծ պահանջարկ ունեցավ, շատ փաստաբանների ու դատավորների սեղանի գիրքը դարձավ: Ավելին` պահանջարկն այնքան մեծ էր, որ երկրորդ անգամ տպագրեցինք:
Մենք կարծես առաջինն ենք դաշտում, որ ուսանողական կրթաթոշակ ունենք: Կրթաթոշակը սահմանված է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողների համար և ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի անվամբ է:
Մյուս ծրագիրը էլեկտրոնային գործունեության հետ է կապված: Շատ շուտով կբացենք անգլալեզու Lawfirms.am կայքը, և հայաստանյան փաստաբանական գրասենյակներին հնարավորություն կտրվի կայքի միջոցով իրենց ծառայությունները «արտահանել»` չբավարարվել միայն Հայաստանով:
Ունենք տեղեկատվական կայք` legalinfo.am-ը, որը իրավական տեղեկություններ է տարածում, և ծրագրային կայք` e-lawyer.am-ը, որը տվյալների էլեկտրոնային բազա է:
Նաև վերապատրաստման ծրագրեր ենք իրականցնում կորպորատիվ իրավունքի արդիական ճյուղերի վերաբերյալ:
–Ասացիք, որ ինքներդ արտասահմանում եք կրթություն ստացել, և, հավանաբար, տեղի գրասենյակներում պրակտիկա անցած կլինեք: Հատկապես ինչ դրական առանձնահատկություններ եք նկատել այնտեղ, որոնք ցանկնում եք ներդրնել ձեր պրակտիկայում:
-Իրավաբանական ծառայությունների մատուցման ընդհանուր մշակույթը: Ես չեմ ասում, թե հայկական իրականությունում այդ մշակույթը թերի է կամ նոր է զարգանում: Բայց պետք է նկատենք, որ արևմտյան իրավական մշակույթը, թերևս, այս ժամանակահատվածում ավելի զարգացած է, քան մերը, և այնտեղից վերցնելու շատ բան ունենք` սկսած հաճախորդների հետ շփումից, ծառայությունների որակից, փաստաթղթավորումից, դրանց բովանդակությունից, նյութը ներկայացնելու հմտությունից և այլն: Միայն արևմտյան փորձով չենք սահմանփակվում, չենք մոռանում, որ, ըստ էության, արևելյան եվրոպական մշակույթի կրողն ենք, մասնավորապես` ռուսաական դպրոցի: Ես անձամբ Ռոսւաստանում էլ եմ սովորել: Աշխատում ենք այս երկու իրավական մշակույթների փորձը վերցնել և կիրառական դարձնել մեր գրասենյակում:
–Ըստ Ձեզ, այսօր ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ փաստաբանական գրասենյակը: Վերջերս էլ Փաստաբանների պալատում հանդիպում-քննարկում կազմակերպվեց գրասենյակաների ղեկավարների հետ: Ի՞նչ տպավորություններ ունեք:
-Ես էլ էի ներկա այդ հանդիպմանը, և այն խնդիրները, որ ունի մեր գրասենյակը, ըստ էության, նույնական են մյուսների համար: Հիմնական խնդիրը շուկայի փոքր լինելն է. գործը քիչ է, գրասենյակները շատ են: 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում, որտեղ տնտեսությունը շատ զարգացած չէ, փաստաբանությունը չի կարող շատ ավելի զարգացած լինել, քան այդ տնտեսությունը: Այս առումով շուկայի փոքրությունը խնդիր է առաջացնում:
Մյուս խնդիրը կապված է դատական պարկտիկայի հետ: Դրանք, իհարկե, լուծվում են, սակայն չափազանց դանդաղ կերպով: Շատ դեպքերում փաստաբաններն ահռելի աշխատանք են կատարում, ահռելի հետազոտություն են իրականացնում, բայց արդյունքը լինում է այն, ինչ ցանկանում է դատավորը, ինչն, ըստ էության, չի բխում օրենքի ոգուց և տրամաբանությունից: Սա կարծում եմ բոլոր փաստաբանների համար էլ պրոբլեմ է:
–Ըստ էության, խոսում եք կոռուպցիոն ռիսկերի մասին:
-Ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի մասին: Կոռուպցիոն ռիսկեր, բնականաբար, կան, և պետք է պայքարել դրանց դեմ: Չեմ կարող ասել սակայն, որ կոռուպցիան է խանգարում դատական համակարգին: Ես շատ դատավորներ գիտեմ, ովքեր, պարզապես, իրավունքը լավ չեն հասկանում կամ ժամանակակից իրավունքի փոփոխություններին չեն կարողանում հարմարվել: Դատական գործ ունեինք, որ դատավորը խուսափում էր կիրառել միջազգային պայմանագիրը, որը վավերացված է ՀՀ-ի կողմից և որը գերակայություն ունի ՀՀ օրենսդրության նկատմամբ: Ես չեմ կարող ասել, որ նա կոռումպացվածության պատճառով չի ուզում կիրառել: Էստեղ խնդիրը համալիր է, կոռուպցիան դրա մի մասն է:
Պետք է նկատեմ նաև, որ գրագիտության առումով վիճակը գնալով լավանում է, նոր սերնդի դատավորներ են մտնում դաշտ: Հուսանք, որ կամաց-կամաց կմաքրի դատական համակարգը, և փաստաբանի աշխատանքը կսկսվի գնահատվել: Ինչու եմ այդպես ասում, քանի որ այսօր այն ինչ անում են լավ փաստաբանները, և ինչ ստանում են դրա դիմաց, համաչափ չէ: Դատարանում կատարված աշխատանքը և դատարանի կողմից տրված գնահատականը համաչափ չեն: Դատական ակտը պետք է հիմնված լինի նաև փաստաբանի կատարած աշխատանքի վրա: Փաստաբանը կարող է իր գործը մինչև վերջ կատարյալ անել, բայց ստանա այնպիսի մի դատական ակտ, որը որևէ կապ չուներ դատավարության ընթացքում ներկայացված ապացույցների, փաստարկների հետ, կամ քիչ կապ ուներ:
–Ներկայումս բավականաչափ խոսվում է նաև հենց փաստաբանների գրագիտության ոչ բավրար մակարդակի մասին: Ի՞նչ կասեք:
-Համաձայն եմ, փաստաբաններս շատ ենք, և, բնականաբար, ոչ բոլորն են կատարելապես տիրապետում օրենսդրական դաշտին և իրավաբանական հմտություններին: Փաստաբանների պալատը փորձում է խնդիր լուծել իր լիազորությունների սահմաններում` վերապատրաստումներ կազմակերպելով, կարգապահական վարույթներ հարուցելով, բայց թե ինչքանով ու երբ կլուծվի, հարց է:
–Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, թե փաստաբանի աշխատանքի համար դժվարություններ են առաջացնում նաև այն փաստաբանները, որոնք անազնիվ ճանապարհն են ընտրել: Եվ բոլորը հավասար պայմաններում չեն աշխատում: Համաձա՞յն եք:
-Իհարկե, նման խնդիր կա, դա մեծ հարված է իրավաբանության, փաստաբանության զարգացմանը: Հենց իմ նշած խնդրի շարունակությունն է դա, երբ փաստաբանի աշխատանքը չի գնահատվում դատավորի կողմից: Գնահատվում է այն, որ մյուս կողմը ավելի մոտիկ է իրեն կամ կապեր ունի իր հետ: Մի խոսք կա, չէ՞, թե լավագույն փաստաբանը նա չէ, ով լավ գիտի օրենքը, այլ նա, ով լավ գիտի դատավորին: Կարծում եմ, որ ամիսների ու տարիների աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել նրան, որ դատավոր-փաստաբան համագործակցությունը վերանա և միայն մասնագիտական աշխատանքով փոխկապակցված լինեն: Միայն մասնագիտական աշխատանքի շնորհիվ է հնարավոր արդարադատություն ապահովել: Նույն այդ փաստաբանը գիտի, որ այսօր ինքը լավ կապ ունի մի դատավորի հետ, մյուս օրը մեկ այլ դատավոր, որ մեկը այլ փաստաբանի հետ լավ կապեր ունի, իր վստահորդի դեմ որոշում կարող է կայացնել: Յուրաքանչյուր փաստաբան պետք է գիտակցի, որ այսօրվա փող աշխատելով չէ, որ ինքը պետք է արդարացնի իր փաստաբանի արտոնագիրը: Յուրքանչյուր փաստաբան նաև սոցիալական պատասխանատվություն է կրում, և պետք է ամենօրյա աշխատանքով նպաստի թե իր մասնագիտական, և թե փաստաբանական մասնագիտության զարգացմանը: Եթե այս ամենը գիտակցող շատ փաստաբաններ լինեն, ապա կունենանք լավ փաստաբանական համայնք, լավ դատական համակարգ, լավ իրավական մշակույթ:
–Արտերկրում բավականին լայն կիրառվում է իրավաբանական սխալի ապահովագրությունը: Ի՞նչ կարծիք ունենք այդ ինստիտուտի ՀՀ-ում ներդման վերաբերյալ:
-Միանշակ կողմ եմ, սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, և քանի որ հաճախորդները ևս որոշակի առումով պետք է ներգրավված լինեն, ապա կարծում եմ հաստատ չի խանգարի, որ այս ինստիտուը Հայաստանում կայանա: Այստեղ պետք է հասկանալ, թե որն է իրավաբանական սխալը: Շատ հաճախորդների կարծիքով, իրավաբանական սխալը միշտ առկա է, եթե գործը պարտվում են: Սակայն փաստաբանը չի երաշխավորում գործի ելքը, այլ միայն իր աշխատանքի բարձր որակն ու մակարդակը: Եթե դատարանում պարտվեց, ապա չի նշանակում թեդա սխալի հետևանքով է եղել: Փաստաբանը է կարող է կոնկրետ սխալ թույլ տված լինել` ապացույց չներկայացնել, որևէ ժամկետ բաց թողնել. հենց այս սխալները պետք է ապահովագրել:
–Հայաստանում իրավաբանաական գրասենյակները հիմնականում կառավարվում են մեկ անձի կողմից և պատականում են մեկ անձի: Ի՞նչ կարծիք ունեք բաժնետիրական կառավարման մոդելի մասին:
-Մեր գրասենյակը հիմնելու օրից այս մեխանիզմը սահմանել ենք, և մեր գրասնեյակում բոլորն անխտիր կարող են դառնալ բաժնետեր, գործընկեր: Պատահական չէ, որ գրասենյակը կոչվում է «ELL գործընկերություն»:
Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Այս շարքի մյուս հարցազրույցներն են`
«Դատավորները մտնում են փաստաբանական շուկա». Գևորգ Գյոզալյան
Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ
Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան
Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան
Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան
Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան
«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի
Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը
«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան
«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել
«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր
Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է