«Պետք է կարողանալ հետևողականորեն, բարեխիղճ կերպով ամբողջ դատական գործընթացը վարել՝ ելնելով վստահորդիդ շահերից»․ Մարատ Ատովմյան

Atovmyan Law փաստաբանական ընկերությունն առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձված մասնագետների կողմից: Ընկերությունը ստեղծվել է Մարատ Ատովմյանի կողմից 2019 թվականին։ Նա երկար տարիներ աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է։

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի զրուցակիցը Atovmyan Law փաստաբանական գրասենյակի հիմնադիր Մարատ Ատովմյանն է։  Նա կպատմի գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության դժվարությունների, խնդիրների մասին:

– Ե՞րբ է հիմնադրվել Ձեր փաստաբանական գրասենյակը, համառոտ կպատմե՞ք Ձեր գործունեության մասին:

– Մեր փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2019 թվականին։ Բնականաբար, իմ մասնագիտական ուղին սկսվել է շատ ավելի վաղ՝ 1996 թվականից։ Աշխատել եմ տարբեր բնագավառներում, տարբեր բնույթի մարմիններում՝ պետական , միջազգային, նաև հասարակական կազմակերպություններում, և 2019 թվականին հիմնադրել եմ այս ընկերությունը՝ որպես տարատեսակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն։ Մենք մի քանի ուղղություններով ենք աշխատում, մի ուղղությամբ ֆիզիկական անձանց, քաղաքացիներին, մատուցում ենք տարբեր իրավաբանական ծառայություններ։ Իրավաբանական անձանց համար ենք իրականացնում կորպորատիվ սպասարկում կամ հիմնադրում ենք ընկերություններ, և երրորդ ուղղության մեջ մտնում են մասնագիտական դասընթացներն այն ձևաչափով, որոնք ավելի կիրառական օգուտ կտան երիտասարդ մասնագետներին, իրավաբաններին իրենց գործնական աշխատանքում։

Մեր ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Երևանում և մարզերում, բոլոր տեսակի գործերով զբաղվում ենք՝ քաղաքացիական, քրեական և վարչական։

Ըստ էության, իմ գործունեությունը սերտորեն փոխկապակցված է եղել իրավաբանության հետ։ Ինքս ունենալով փաստաբանի գործունեության արտոնագիր՝ ավելի շատ իրավախորհրդատվությամբ եմ զբաղվել տարբեր կազմակերպություններում։ Աշխատել եմ Սոցապ նախարարությունում, ՄԻՊ աշխատակազմում, ղեկավարել եմ Հրազդանի և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնները, այսինքն՝ իմ մասնագիտական ուղին կապված է եղել մարդկանց իրավաբանական աջակցություն ցուցաբերելու հետ։ 24 տարի այլ կազմակերպություններում աշխատելուց հետո եկավ մի պահ, որ որոշեցի հիմնադրել իմ ընկերությունը և դրա շրջանակներում շարունակել այն, ինչով տարիներ շարունակ զբաղվել եմ։

– Փաստաբանական ընկերությունների համար Հայաստանում ի՞նչ խոչընդոտներ են առաջանում, ի՞նչ լուծումներ եք դրանց համար տեսնում։ 

– Առհասարակ, փաստաբանի գործունեությունը շատ դժվար է, որովհետև, օրինակ, դու կարող ես օրվա մեջ ունենալ 3, անգամ 4 դատական նիստեր․ ես ունեցել եմ այսպիսի օրեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են եղել։ Պետք է հասցնել այդ բոլոր նիստերին մասնակցել, ակտիվորեն քո աշխատանքը կատարես, ոչ միայն ֆիզիկական տեղաշարժի խնդիր է, այլև պետք է բավարար ժամանակ ծախսես դատական նիստերին նախապատրաստվելու համար։ Աշխատանքային օրդ սկսում է, օրինակ, առավոտյան ժամը 08։00-09։00-ին, ավարտվում է գիշերը ժամը 11-ին, 12-ին։ Աշխատանքը բավական ծանր է ֆիզիկական, էմոցիոնալ առումով։ Մարդկանց հետ աշխատելը դժվար է, որովհետև քո ամեն մի վստահորդն ունի իր մոտեցումները, իր պատկերացումները, և ամեն մեկի հետ պետք է կարողանաս աշխատել, հաղորդակցվել։ Յուրաքանչյուր դատավոր ունի իր մոտեցումը, նույն իրավանորմը մի դատավոր մի կերպ կարող է կիրառել, մեկ այլ դատավոր՝ հակառակը, որը շատ բարդացնում է փաստաբանի գործունեությունը, որովհետև դժվար է լինում կողմնորոշվել՝ ի վերջո դու ճի՞շտ ես մոտեցել հարցին․ մի դեպքում այս ձևով ես մոտենում գործը շահում ես, մյուս դեպքում դատավորը, օրինակ, հայցդ մերժում է։

– Ի՞նչ խնդիրների լուծման և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար են շատ հաճախ դիմում քաղաքացիները։

– Մեզանում տարածված է ամուսնաընտանեկան վեճերը, մենք էլ ունենք բազմաթիվ գործեր, որոնք կապված են ամուսնալուծության, ալիմենտի, գույքի բաժանման, երեխաների տեսակցության, աշխատանքային վեճերի, պետական տարբեր մարմինների, իրավապահ մարմինների գործունեության հետ։ Օրինակ՝ ինչպե՞ս ձևակերպել կամ ստանալ ժառանգություն, պայմանագրեր կնքել։ Մարզերում, գյուղաբնակ վայրերում, որտեղ հողային, նաև գույքի ձեքբերման  վաղեմության հետ կապված խնդիրներ կան, օրինակ՝ տարիներ ի վեր մարդն ապրում է կամ մշակում է այդ հողատարածքը, խնամում է և այլն, բայց իր սեփականության իրավունքը ձևակերպված չէ։ Մենք ունենք տարբեր գործեր, հիմնականում՝ շահած, երբ կարողացել ենք ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել տվյալ անձի սեփականությունը։ Դժվարությունները լինում են հիմնականում այն ժամանակ, երբ կողմերը հանդես են գալիս թշնամական դիրքերից իրար հանդեպ, և չեն գնում որևէ կերպ փոխզիջման, ամեն կողմն ուզում է իրենն առաջ տանել, իրենն ապացուցել՝ հաճախ մոռանալով երեխայի լավագույն շահը։ Այստեղ, իհարկե, դա ստեղծում է անհարկի էմոցիոնալ ֆոն, հույզեր, լինում են դեպքեր, երբ կողմերը սկսում են դատական նիստի ժամանակ անպատվել իրար։

– Ինչպիսի՞ն պետք է լինի փաստաբանն իր գործունեության շրջանակներում։

– Պետք լինել համառ, համբերատար, առաջին հերթին պետք է համբերատար լսես վստահորդիդ, ճշգրտող հարցերի միջոցով փորձես հասկանալ խնդրի էությունը՝ ողջ կոմպլեքսի մեջ, մանրակրկիտ ուսումնասիրես փաստաթղթերը, եթե կա անհրաժեշտություն լրացուցիչ փաստաթղթեր ձեռք բերելու, ճիշտ կարողանաս այդ ամենը կազմակերպել հայցադիմումով, որ դատավորի համար նաև հասկանալի ու ակնհայտ լինի և՛ իրավիճակը, և՛ քո պահանջը։ Պետք է կարողանալ հետևողականորեն, բարեխիղճ կերպով ամբողջ դատական գործընթացը վարել՝ ելնելով վստահորդիդ շահերից։ Լինում են դեպքեր, երբ վստահորդդ գալիս, ասում է՝ ես ունեմ այս խնդիրը, դու իրեն լսում ես կամ դիտարկում ես իր փաստաթղթերը և ուղղակի խորհուրդ ես տալիս, որ ինքը չդիմի դատարան։

Մարիամ Շահնազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել