Iravaban.net-ի զրուցակիցը «Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Վահե Աստվածատրյանն է։ Նա պատմել է գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության, տարիների ընթացքում ձևավորված վստահության մասին:
-Պարոն Աստվածատրյան, կպատմե՞ք Ձեր փաստաբանական գրասենյակի գործունեության մասին, ե՞րբ է այն հիմնադրվել։
–9-10 տարեկանում, ոգեշնչված ամերիկյան ֆիլմերից մեկով, որտեղ քրեական հանցագործության համար մեղադրվող դեռահաս տղային, որը իրականում անմեղ էր, պաշտպանում էր քրեական գործերով փաստաբանը, հասկացա, որ փաստաբանը այն մարդն է, ով հանուն արդարության պայքարում է, անմեղ մարդկանց պաշտպանում է։ Հասկացա, որ դա այն մասնագիտությունն է, որը ուզում եմ՝ պայքարել հանուն արդարության։
Արդեն 2015 թվականին որոշեցի հիմնել առանձին գրասենյակ՝ «Բեսթ Սոլյուշնս»-ը, որի անունը հենց ընտրեցի՝ մտածելով, որ ցանկացած, այդ թվում՝ իրավական խնդիր, միշտ ունի արդարացումներ կամ լուծումներ, այդտեղից էլ եկավ «Լավագույն լուծումներ» անվանումը:
-Իրավունքի ո՞ր ճյուղերում է Ձեր ընկերությունը ծառայություններ մատուցում քաղաքացիներին, և ի՞նչ ինքնատիպ առաջարկներ կարելի է գտնել Ձեզ մոտ։
-Մեր հիմնական ոլորտը քաղաքացիական և վարչական իրավունքն է, այդ երկու իրավունքի ճյուղերում գրեթե բոլոր հարաբերությունների հետ կապված ունենք ծառայություններ, որոնք առաջարկում ենք թե՛ կազմակերպություններին և թե՛ անհատներին։ Ծառայությունների ցանկը բավականին լայն է՝ ամուսնաընտանեկան իրավունք, պայմանագրային իրավունք, կորպորատիվ իրավունք, հեղինակային իրավունք։
-Կա՞ որևէ սկզբունք, որով առաջնորդվում եք գործերն ընտրելիս։
-Մեզ մոտ հիմնական շեշտը դրվում է կորպորատիվ հաճախորդների վրա, որովհետև բիզնեսն ու բիզնես մոդելը մեզ համար շատ ավելի հարմար են աշխատելու և համագործակցելու առումով։ Անհատների մասով առաջնորդվում ենք այն ձևաչափով, որ գործը նախ լինի միջին և միջինից ավել բարդության, երկրորդ՝ հետաքրքրի մեզ, երրորդ՝ վստահ լինենք, որ քաղաքացին, ով դիմել է մեզ, հասկանում է, ընդունում է մեր սկզբունքները, մեզնից 100 տոկոս երաշխիքներ չի պահանջում, հասկանում է, որ մեր երաշխիքը մեր ծառայությունների բարձր որակն է, որն էլ մշտապես նշում ենք, որ կարող են ստուգել ցանկացած փուլում։
Մանրամասները՝ տեսանյութում։