Փաստաբանական ընկերությունների զարգացման տեսլականը դրանց միավորումն է, խոշորանալը. պետք է օգտագործել խմբի պոտենցիալը և ունենալ առավել մեծ արդյունքներ: Իրավաբան.net-ի զրուցել է «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սասուն Խաչատրյանի հետ` «Հայաստանի իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում:
-Պարոն Խաչատրյան, խնդրում եմ պատմեք գրասենյակի գործունեության մասին, ե՞րբ է այն հիմնադրվել, իրավունքի ի՞նչ ոլորտներում է մասնագիտացած:
-Գրասենյակը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 4-ին, հիմնադիրը Մհեր Խաչատրյանն է, ով երկար տարիներ դատական ատյաններում զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, վերաքննիչ դատարանի նախագահ, Արաբկիր վարչական շրջանի դատարանի նախագահը: Մինչ այդ նաև փաստաբանությամբ է զբաղվել: Եվ որոշել է թոշակի անցնելուց հետո իր փորձն ու գիտելիքները ներդնել այս ոլորտում, հիմնադրել է «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը:
Հիմնական ուղղվածությունը քրեական գործերով իրավաբանական օգնությունն է: Այս պահին քաղաքացիական և վարչական գործերով մենք չենք զբաղվում, այդ դեպքերում համագործակցում ենք այլ փաստաբանների կամ իրավաբանական ընկերությունների հետ, ովքեր մասնագիտացած են քաղաքացիական, վարչական իրավունքի ոլորտում: Մեր խնդիրը որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելն է: Նապոլեոնն է ասել, որ չկա ավելի մեծ անբարոյականություն, քան ստանձնել մի աշխատանք, որն անել չգիտես:
Քրեական գործերով անխտիր բոլոր դեպքերում կարող ենք ապահովել պատշաճ պաշտպանություն, նաև ներկայացուցչություն, եթե խոսքը քրեական գործերով ներգրավված տուժողների կամ քաղաքացիական հայցվորերի մասին է:
-Ըստ Ձեզ, ինչու՞ պիտի քաղաքացին ընտրի հենց Ձեր գրասենյակը:
-Նախ նշեմ, որ թե ես, թե հայրս, թե եղբայրս, ով ընկերության համահիմնադիրներից է, ունենք մեծ փորձ քրեական արդարադատության ոլորտում: Ես 16 տարի աշխատել եմ դատախազությունում՝ զբաղեցրել տարբեր պաշտոններ: Եղբայրս՝ Դավիթ Խաչատուրյանը, իրավական հարցերով պատասխանատու է աշխատել է ԱՄՆ դեսպանատանը: Մեծ փորձ ունի միջազգային դատական ատյաններում ներկայացուցչության:
Քրեական արդարադատության ոլորտում մենք ունենաք լուրջ փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ: Եվ մենք այս մեծ մրցակցության պայմաններում որոշեցինք մտնել դաշտ և հիմնել ընկերությունը: Կարծում եմ, որ մեր անցած ճանապարհը և թողած հետագիծը պետք է մարդկանց հուշեն, որ մեզ կարելի է վստահել և աշխատել մեզ հետ:
Միգուցե մտածեն, որ մի ժամանակ «բարիկադների» այն կողմում էի, հիմա այս կողմում եմ, սակայն ես այլ կերպ եմ հարցին մոտենում. խնդիրը արդարադատության իրականացումն է՝ անկախ, թե որ կողմում ես: Թյուր պատկերացումներ կան, որ դատախազությունում բոլորը զբաղված են մեղադրանք սարքելով կամ այդ մեղադրանքն ամեն կերպ պաշտպանելով: Օրինակ, ես իմ գործունեության ընթացքում այլ սկզբունքներով եմ առաջնորդվել. թեև դու գտնվում ես մեղադրանքի կողմում, սակայն պարտավոր ես վերհանել ինչպես մեղադրող ապացույցները, այնպես էլ արդարացնող ապացույցները, և, ի վերջո, վերհանել օբյեկտիվ իրականությունը:
-Ի դեպ, ժամանակին շատ էին խոսում դատախազների ու փաստաբանների անհավասար դիրքերում գտնվելու մասին: Ասում են, թե ժամանակին դատախազները կարող էին մտնել դատավորի աշխատասենյակ, գործի մանրամասներ քննարկել:
-Չեմ կարծում, որևէ դատախազ իպաշտոնե կարող է մտնել դատավորի մոտ: Եթե նա մտնում է դատավորի մոտ, ապա կարող է խոսքը անձնական մտերմության մասին լինել: Ես ինքս էլ ունեմ ընկերներ, ովքեր դատավոր, դատախազներ են աշխատում, սակայն մտնել դատավորի սենյակ նրա աշխատանքային ժամին, այդպես չի կարող լինել:
… Իմ կարծիքով այսօր ամենամեծ խնդիրը դատարանների անկանխատեսելիությունն է՝ կապված ալտերնատիվ սանկցիաների մեծ տարբերության հետ: Սա օրենսդրական խնդիր է: Օրինակ, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը կատարելու համար կարող են պատիժ նշանակել 200 հազար դրամ տուգանք կամ 5 տարվա ազատազրկում: Տեսնում եք ինչ մեծ տարբերություն է: Մեկ այլ խնդիր. այս նույն դեպքում նույն պատիժն է սահմանվում խուլիգանության համար, որը «կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից», այնինչ, մենք հասկանում ենք, որ մի խումբ անձանց կողմից կատարվածը նվազ վտանագավոր կարող է լինել, քան կազմակերպված խմբի կողմից կատարվածը:
Դուք կարող եք ասել մարդիկ լինում են տարբեր՝ անչափահաս, կրկնահանցագործ, և այլն: Իհարկե, և պետք է լինեն չափորոշիչներ, թե որ դեպքերում ինչ պատիժ պետք է սամանվի: Վճռաբեկ դատարանը փորձում է նախադեպային որոշումներով այս բացը լրացնել, սակայն կարծում եմ, որ սա պետք է օրենսդրական կարգավորումներով լուծվի: Օրինակ, ԱՄՆ մի շարք նահանգներում այդ հաշվարկները շատ հստակ են:
-Պարոն Խաչատրյան, այսօր արդիական խնդիրներից մեկն այն է, որ որպես խափանման միջոց համատարած կալանքի միջնորդություն է արվում և դրանք մեծամասամբ բավարարվում են:
-Երբ մենք ԱՄՆ-ում հանդիպում ունեցանք դատավորներից մեկի հետ, առաջին հարցերից մեկն այն էր, թե քանի տոկոսն են կազմում դեպքերը, երբ շերիֆի կողմից բերած կալանքի վերաբերյալ միջնորդությունները մերժում եք: Դատավորն ու շերիֆը նայեցին իրար, դատավորը պատասխանեց, թե չի հիշում դեպք, երբ այդ միջնորդությունը մերժել է: Դատավորը բացատրում էր, որ շերիֆն ու դատախազը այս երկրի թշնամիները չեն, եթե նրանք այդ մարդուն կալանքի տակ վերցնելու միջնորդություն են ներկայացրել, ապա հիմքերը կան դրա համար, և ինչու ինքը սեպ խրի աշխատող մեքենայի մեջ:
Խնդիրն այստեղ կապված է վստահության, կադրերի ընտրության հետ: Պետք է որպես քննիչ ու դատախազ ընտրվեն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են: Այսօր աբսուրդային ինստիտուտներ ունենք, որոնց հիմքում հենց վստահության պակասն է:
-Ի՞նչ ինստիտուտի մասին է խոսքը:
-Ընթերակների ինստիտուտը: Աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում նման ինստիտուտ չկա:
Տարիներ առաջ ԱՄՆ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյից փորձի փոխանակման խումբ էր եկել Հայաստան, մեզ ցույց էին տալիս, թե ինչպես ապացույցը վերցնել, ֆիքսել. օրինակ, բաժակը վերցնում էին, գցում տոպրակի մեջ, փակում ու վերջ՝ ուղարկում էին փորձաքննության: Հարցրեցինք՝ չե՞ք փաթեթավորում, կնքում, բա ընթերակաները … Ասացին՝ ընթերական ի՞նչ է, բացատրեցինք: Պատասխանեցին՝ ձեր պետությունը ձեզ չի՞ վստահում: Եթե չի վստահում, թող ձեզ աշխատանքի չվերցնի: Նրանք չէին հասկանում, թե ինչու պիտի քննիչը ինչ-որ բան կեղծի, ինչ-որ ապօրինություն անի:
Այսինքն, տվյալ դեպքում ղեկավարվում ենք մեղավորության, ապօրինության կանխավարկածով. իսկզբանե մտածում ենք, որ քննիչը ապօրինություն է անելու: Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե բարոյական բարձր հատկանիշներով մարդ ընտրենք, բարձր աշխատավարձ տանք նրան ու վստահ լինենք, որ նա ապօրինություն չի անելու:
-Ի դեպ, ոլորտի մասնագետները հաճախ են բարձրաձայնում այս ինստիտուտի անարդյունավետության մասին: Կարծես, օրենսդրական փոփոխություններ նույնպես նախատեսվում են:
-Օրենսդրական փոփոխությունների մասին ես արդեն տասը տարի շարունակ լսում եմ: Սակայն այդ ինստուտը դեռևս գործում է: Եվ դրա գոյությունն ինքնին ստիպում է, որ քննիչը կեղծիք կատարի: Օրինակ, քննիչը պետք է մատյանի զննություն կատարի, որը կարող է օրեր տևել: Եվ դա պետք է արվի ընթերակայի ներկայությամբ, ովքե՞ր կարող են գալ ու առանց վարձատրության, առանց փոխահատուցման օրերով քննիչի մոտ նստեն: Մենք քննիչին ստիպում ենք, որ նա արձանագրություն կազմելիս գրի, օրինակ, իրենց մոտ աշխատող հավաքար կնոջ անունը, խնդրի՝ ստորագրել դրա տակ:
-«Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի զարգացման ի՞նչ տեսլական ունեք:
-Կառուցվածքային առումով գրասենյակը ընդլայնվելու միտում ունի: Անխուսափելիորեն պիտի համագործակցենք այլ մասնագետների հետ: Նույնիսկ քրեական իրավունքի ոլորտում կան դեպքեր, երբ նեղ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ են պահանջվում, օրինակ, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների, բժշկական սխալի գործերով և այլն: Միանշանակ փորձելու ենք համագործակցել լավագույնների հետ և մենք էլ բաց ենք համագործակցության համար:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ փաստաբանական դաշտում զարգացման խթանը պետք է լինի համագործակցությունը, փաստաբանական գրասենյակների միավորվելը, խոշորանալը: Խմբային աշխատանքը, խմբային պաշտպանությունը կարող է առավել արդյունավետ լինել: Մարդու հնարավորությունները սահմանափակ են, պետք է օգտագործել խմբի, մեծ թիմերի պոտենցիալը:
-Պարոն Խաչատրյան, արդեն իսկ հանրային քննարկման է դրված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի, փաստաբանական գրասենյակների տնօրենները, սեփականատերերը պետք է փաստաբանական արտոնագիր ունենան: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես կարծում եմ, որ այդպիսով ցանկանում են բոլորին այդ դաշտ բերել, չեմ կարծում, որ կարող են խնդիրներ լինեն, եթե գրասենյակի տնօրենը փաստաբան չէ: Տնօրեն լինելը ենթադրում է վարչական, կառավարչական գործառույթյուներ իրականացնել, և հավանական է, որ նա նույնիսկ պաշտպանություն էլ չիրականացնի:
-Հիմնավորվումներից մեկն այն է, որ փաստաբանական գրասենյակից այն կողմ ամեն ինչ փաստաբանական գաղտնիք կարող է լինել և գրասենյակի տնօրենն ու սեփականատերերն էլ պետք է ենթարկվեն փաստաբանի վարքականոնով սահմանված նորմերին:
-Այդ հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանա: Օրինակ, նույն գրասենյակում աշխատում է գործավար, նա փաստաբան չէ, բայց նա կարող է դառնալ փաստաբանական գաղտնիքի կրող: Եվ ի՞նչ, նրանից էլ պահանջենք՝ փաստաբան դառնալ: Առավել խելամիտ կլինի, որ քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանվի՝ փաստաբանական գաղտնիքի հրապարկման համար:
-Խնդիրը նաև այն է, որ կան հիմնավոր մտահոգություններ, երբ փաստաբանական գրասենյակները իրականում կառավարվում են դատավորների, դատախազների կողմից:
-Եթե կան նման դեպքեր, ապա, միանաշանակ, շահերի բախման խնդիրն ակնհայտ է: Սակայն, այնուամենյանիվ, օրենսդրական այդ նախաձեռնությունը լուծում չի կարող լինել: Լուծումը պետք է հակառակ կողմում փնտրել. Պետք է ամրագրվեն դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների և այլ աշխատակիցների համար որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ փաստաբանակն գրասենյակիների մասնակցության արգելքը: Իսկ եթե չեն հարգի այդ արգելքը, ծպտյալ եղանակներով նման գործունեություն կծավալեն, ապա, իվերջո, կան էթիկայի հանձնաժողովներ:
Նաև ուզում եմ ասել, որ ես պատրաստվում եմ փաստաբանական դպրոց դիմել և ստանալ արտոնագիր, սակայն սկզբունքորեն դեմ եմ այս նախաձեռնությանը, քանի որ, ինչպես ասացի, փաստաբանական գաղտնիքի կրող կարող են լինել նույն ընկերության այլ աշխատակիցներ ևս և անհասկանալի է՝ բոլորվին ձևականորեն փաստաբան դարձնելու իմաստը:
Հարցազրույցը`Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Այս շարքի մյուս հարցազրույցներն են`
Միակ բանը, որ վատ է` մարդկանց վճարունակությունն է. փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Կատեգորիկ արդարադատություն չկա, կա լավ կամ վատ իրավաբան. Հակոբ Ղարախանյան
Քաղաքացիական իրավունքն ճշգրիտ է և ամեն խնդրի դեղատոմսն ունի. Ալեքսանդր Սիրունյան
Մենք չենք ցանկանում, որ քաղաքացին անտեղի ծախս կատարի. Գուրգեն Մալխասյան
Իրավաբանական սխալի ապահովագրման ինստիտուտը պետք է կայանա Հայաստանում. Տարոն Սիմոնյան
«Դատավորները մտնում են փաստաբանական շուկա». Գևորգ Գյոզալյան
Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ
Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան
Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան
Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան
Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան
«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ–ում դատական գործն ընդդեմ Հայաստանի
Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ–տնտեսական վիճակը
«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան
«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել
«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր
Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է