Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հաջորդ զրուցակիցը «Վարդանյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր-փաստաբան Վարուժան Վարդանյանն է:
Ընկերությունը ստեղծվել է 2012 թվականին: Տրամադրում է ինչպես իրավախորհրդատվական ծառայություններ, այնպես էլ դատական ներկայացուցչություն:
Այս իրավաբանական գրասենյակի հիմնադիրները երկուսն են` փաստաբաններ Վարուժան Վարդանյանը և Ներսես Իսաջանյանը, ով որպես փաստաբան որակավորված է նաև Միացյալ նահանգներում:
Վարուժան Վարդանյանը և Ներսես Իսաջանյանը ոչ միայն գործընկերներ են, այլև մտերիմ ընկերներ: Հենց սա էլ համարում են իրենց ընկերության գլխավոր առավելությունը:
– Ինչպե՞ս է առաջացել ընկերությունը ստեղծելու գաղափարը:
– Աշխատելով հայաստանյան մի քանի խոշոր ընկերություններում` միշտ նպատակ եմ ունեցել սեփական իրավաբանական գրասենյակն ունենալ, թեև կարծում եմ, որ առանց աշխատանքային փորձի դա շատ դժվար է: Պետք է ունենալ ծառայություններ մատուցելու հմտություններ: Բարեբախտաբար ինձ մոտ դա ստացվեց: Արդեն 2 տարուց ավելի է մեր գրասենյակը գործում է:
– Ո՞րն է Ձեր ընկերության հիմնական նպատակը:
– Սկզբնական շրջանում իմ և Ներսեսի նպատակը եղել է իրավաբանական որակյալ ծառայությունների միջոցով շահույթ ստանալը, քանի որ իրավաբանական ծառայությունների մատուցումը բիզնեսի տեսակ է, որը ՀՀ-ում նոր է զարգանում:
Բայց թերևս սա առաջնային նպատակն էր: Բացի այս մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը:
-Ինչպե՞ս եք կատարել ընկերության անվան ընտրությունը:
-Մենք ի սկզբանե որոշել էինք մտացածին անուն չդնել: Մեր գրասենյակի անվանումը պետք է առաջին հայացքից որոշակի տեղեկատվություն փոխանցի ընկերության մասին: Որոշեցինք այնպես անել, որ հիմնադիրներից մեկի ազգանունն անպայման երևա անվան մեջ: Սա նպաստում է նաև գրասենյակների առավել թափանցիկ գործելուն:
–Ձեր պաշտոնական կայքից կարելի է ենթադրել, որ թիմը բավական փոքր է: Արդյոք դա չի՞ խանգարում աշխատանքի արդյունավետությանը:
Փոքր թիմը մեր աշխատանքի արդյունավետությանը չի խանգարում: Դա կարող է խանգարել միայն այն դեպքում, երբ մենք ունենանք այն ծավալի գործեր, որ երեք հոգին ֆիիզիկապես չի հասցնի կատարել: Այդ դեպքում էլ մենք ունենք գործընկեր փաստաբաններ, ովքեր ժամանակ առ ժամանակ ներգրավվում են: Նման խնդիր չունենք:
–Հատկապես ո՞ր ոլորտներում եք մասնագիտացած:
-Ընկերությունը մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում: Քրեական գործերով չենք զբաղվում: Երբ մեզ դիմում են քրեական իրավունքի հետ կապված հարցերով, մենք որպես փաստաբաններ, ովքեր ամեն դեպքում տիրապետում են քրեական իրավունքին, նրանց տրամադրում ենք նախնական խորհրդատվություն կամ խորհուրդ ենք տալիս քրեական իրավունքի ոլորտում գործող այլ մասնագետի: Փաստաբան Ներսես Իսաջանյանը մասնագիտացած է նաև հարկային իրավունքի ոլորտում, քանի որ ԱՄՆ-ում ուսումնասիրել է հենց այդ ճյուղը:
–Ի՞նչն եք հատկապես կարևորում Ձեր աշխատանքում:
– Առհասարակ փաստաբանի աշխատանքում կա 3 կարևոր հատկանիշ: Առաջինը պրոֆեսիոնալությունն է: Երկրորդը` բարեխղճությունը, որն իր մեջ ներառում է ազնվությունը, փաստաբանական գաղտնիքի պահպանումը: Վերջինը շատ կարևոր է փաստաբանական ծառայություններում: Մեր փաստաբանական գրասենյակի կանոնակարգի մեջ է մտնում նաև այն, որ ոչ փաստաբանական գրասենյակը, ոչ էլ անհատ փաստաբանները չեն երաշխավորում դատական գործի դրական ելքը հօգուտ պատվիրատուի: Մենք միայն իրավունք ունենք կատարել կանխատեսումներ: Երրորդ կարևոր կետը օպերատիվությունն է և տեղեկացվածությունը: Իրավաբանի մասնագիտությունը փոխկապակցված է օրենսդրությանը: Փաստաբանը պետք է պարբերաբար տեղեկանա փոփոխությունների մասին, ամեն օր պետք է աշխատի իր գիտելիքների բարելավման ուղղությամբ:
Շատ կարևոր է նաև, որ ցանկացած գործ կատարվի ողջամտության սահմաններում, իսկ հնարավոր ուշացման դեպքում էլ պետք է զգուշացնել: Այս կետը վերաբերում է զուտ խորհրդատվական ծառայությունների մատուցմանը, քանի որ դատարաններում ուշացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
–Ձեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները միայն վճարովի հիմունքո՞վ են կատարվում:
-Մեզ մոտ իրավաբանական ծառայությունների մատուցումը մեծամասմաբ կատարվում է վճարովի հիմունքներով, սակայն երբեմն քաղաքացիներին անվճար տրամադրում ենք խորհրդատվություն: Դա հիմնականում այն դեպքում է արվում, երբ նրանց պետք է հասկանալ իրենց խնդիրը, կողմնորոշվել հետագա անելիքներում:
Օրինակ՝ երբեմն մեզ դիմում են արտասահմանյան ընկերություններ Հայաստանում բիզնես ձեռնարկելու նպատակով, ցանակնում են հասկանալ, թե ի՞նչ պետք է անեն: Սա կատարվում է անվճար:
Բայց երբեմն դիմում են տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են այս կամ այն իրավական խնդրի վերաբերյալ ստանալ իրավաբանական կարծիք կամ իրավաբանական հաշվետվություն: Այս դեպքում ծառայությունը մատուցվում է վճարովի հիմունքներով:
Ցանկանում եմ նշել, որ մեր գրասենյակի փաստաբանները` որպես անհատ փաստաբաններ, տրամադրում են անվճար խորհրդատվություն: Այն քաղաքացիներին, ովքեր վճարունակ չեն, մենք օգնել ենք նրանց, տարբեր պետական մարմիններ դիմելու համար կազմել ենք տարբեր փաստաթղթեր, դիմումներ: Պարզապես այդ ծառայությունները գրասենյակի միջոցով չեն մատուցվում: Գրասենյակը որպես այդպիսին կոմերցիոն բնույթ ունի:
–Ոլորտում գործող իրավաբանական գրասենյակները բավականին շատ են, ինչպե՞ս եք շահում Ձեր հաճախորդների վստահությունը:
-Մեր ամենամեծ առավելությունն այն է, որ մենք գտնվում ենք ընկերական հարաբերությունների մեջ և ունենք բարձր վստահություն միմյանց նկատմամբ: Մենք բոլորս շահագրգռված ենք, որ մատուցվելիք ծառայությունները լինեն բարձր որակով, իսկ հաճախորդներն էլ` առավելագույնս բավարարված:
Առավելություն է նաև այն, որ մենք խորհրդատվություն ենք տրամադրում ոչ միայն մեր մայրենի լեզվով, այլ նաև անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:
–Հիմնականում քաղաքացիների հետ եք աշխատում, թե՞ ընկերությունների:
-Մեր գրասենյակի առաջարկը հիմնականում ուղղված է առևտրային կազմակերպություններին: Երբեմն լինում են նաև դեպքեր, երբ ծառայություններ ենք մատուցում անհատներին, բայց առավելապես աշխատում ենք կազմակերպությունների հետ ամսական սպասարկմամբ:
–Դուք ծառայություններ եք մատուցում նաև արտասահմանյան ընկերություններին: Մի փոքր կմանրամասնե՞ք, հատկապես ո՞ր ոլորտներում:
-Արտասահմանյան ընկերությունները մեզ դիմում են հիմնականում այս կամ այն հարցի շուրջ իրավական գնահատական ստանալու կամ որևէ հաշվետվության համար: Օրինակ՝ վերջերս մեզ էր դիմել մի ընկերություն, որը ցանկանում էր Հայաստանում մասնաճյուղ ունենալ: Նրանց հետ աշխատում ենք կոնկրետ գործերով, ամսական սպասարկում չունենք:
–Կարո՞ղ եք ձեր պրակտիկայից որևէ հետաքրքիր գործ հիշել:
-Զրպարտության և վիրավորանքի գործ էր: Մենք ներկայացնում էինք հայցվոր կողմին, ում հեռուտատեսությամբ հաղորդման ժամանակ մեկ այլ անձ անվանել էր անշնորք: Նա պահանջում էր ներողություն խնդրել այդ արտահայտության համար:
Դատարանը 8 ամիս գործը քննելուց հետո վճռով մերժեց մեր հայցը` նշելով, որ անշնորք բառը վիրավորանք չէ` հղում կատարելով Աղայանի բառարնին, որտեղ ասվում է, որ անշնորք նշանակում է շնորքից զուրկ, իսկ դա վիրավորանք չէ:
Այս դատական ակտը մենք բողոքարկեցինք վերաքննիչ, որտեղ բեկանվեց և ուղարկվեց նոր քննության: Այս պահին գործը դեռևս շարունակվում է:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Վարուժան Վարդանյանը վստահեցրեց՝ փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. «Պետք է լինել այնպիսի փաստաբան, ում անձը կվստահի իր խնդիրը»:
Թեև մեզ մոտ վստահությունը իրավաբանական ծառայությունների նկատմամբ այնքան էլ բարձր չէ, բայց տարիներին դրական աճ նկատվում է: Այպիսին է մեր զրուցակցի տեսակետը:
Ի դեպ, «Վարդանյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակին է արդեն միացել Վահե Սիմոնյանը, ով ևս ընկերության հիմնադիրների մտերիմ ընկերն է և սովորում է Փաստաբանական դպրոցում:
Արև Ավագյան