Դեղերի մասին տեղեկատվության նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչությանը դեղերի կեղծումից և ապօրինի օգտագործումից պաշտպանելն է:
Այդ նպատակով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է դեղերի մասին տեղեկատվությունը և գովազդը:
Նշված հոդվածը անդրադարձել է նաև դեղի փաթեթի մեջ թուղթ-ներդիրի ձևով տեղեկատվությանը, որը պետք է պարունակի բուժվողի համար տվյալ դեղի ճիշտ օգտագործման մասին անհրաժեշտ տեղեկություններ:
Իսկ ինչ վերաբերում է դեղերի շրջանառությամբ զբաղվող մասնագետների համար դեղերի մասին տեղեկատվությանը, ապա այն կարող է ներկայացվել մենագրությունների, տեղեկատուների, գիտական հոդվածների, այլ հրատարակությունների, գիտաժողովների և նման այլ միջոցառումների ժամանակ ներկայացված զեկուցումների, ինչպես նաև դեղեր դուրս գրելու իրավունք ունեցող բժիշկների համար նախատեսված հրահանգների ձևով:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքը արգելում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդը (ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերով, հանդեսներով, ցուցանակներով, ազդագրերով, լուսային և գովազդային այլ ձևերով): Ինչպես նաև արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`
– դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,
– դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,
– այլ դեղերից առավել արդյունավետ է,
– դրա օգտագործումն զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,
– կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:
Արգելվում է նաև Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: