ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ «քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները»:
Գործերը վարել՝ նշանակում է ներկայացնել հայց, հանդես գալ դատարանում, կատարել այլ դատավարական գործողություններ, նաև բողոքարկել դատական ակտը: Սակայն 2014 թվականի հունիսի 10-ին ընդունված` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքով սահմանվել է, որ գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:
Նույն կարգավորումն է տրված նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: