Ինչպե՞ս դառնալ դատավոր

Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննությունների արդյունքներով: Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 15-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:

Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 22-ից 60 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, օրենքով սահմանված կարգով զրկված չեն Դատական դպրոց դիմելու իրավունքից:

Հայտերը ներկայացվում են Արդարադատության խորհրդի աշխատակազմ որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայտերի հետ նշված անձինք ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև Արդարադատության խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:

Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: Արդարադատության խորհրդի աշխատակազմը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:

Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե դիմումը ներկայացնելու պահից մինչև որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ: Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել վարչական դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և որակավորման ստուգումների ընթացակարգը:

Արդարադատության խորհրդի աշխատակազմի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուն իրավունք ունի անցնելու որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու հաջորդ որակավորման ստուգմանը:

Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուից գանձվում է պետական տուրք` 30.000 դրամի չափով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել