ԲԴԽ-ն 194 միլիոն դրամ հատկացրեց դատարաններին՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից 300 համակարգիչ և տարբեր ընկերություններից այլ սարքավորումներ ձեռք բերելու համար

Iravaban.netը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-74-Ո-139 որոշումը, որով կարգավորվում է ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից գումարների հատկացումը և կատարվում են փոփոխություններ ԲԴԽ 2025 թվականի հունվարի 8-ի թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման մեջ։

Որոշման հիմնական նպատակը

Որոշման համաձայն՝ Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի շրջանակներում պահուստային ֆոնդից կհատկացվի ընդհանուր 194,104,660 ՀՀ դրամ, որից՝

  • 205,000 ՀՀ դրամ՝ «Մասնագիտական ծառայություններ» հոդվածին,
  • 193,899,660 ՀՀ դրամ՝ «Վարչական սարքավորումներ» հոդվածին։

Հատկացումների բաշխումը

Որոշմամբ նախատեսված գումարները կուղղվեն հետևյալ ծախսերի ֆինանսավորմանը.

  1. 205,000 դրամ՝ «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի վարչական շենքերում հակահրդեհային համակարգերի վերանորոգման և սպասարկման ծառայությունների համար,
  2. 136,800,000 դրամ՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի հետ կնքվելիք պայմանագրով նախատեսված 300 հատ ամբողջը մեկում համակարգիչների ձեռքբերման համար,
  3. 39,342,420 դրամ՝ «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ի հետ կնքվելիք պայմանագրով նախատեսված 10 հատ ձայնագրառման համակարգերի ձեռքբերման համար,
  4. 10,560,000 դրամ՝ «Գոռա Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված 200 հատ 3 տեղանի նստարանների ձեռքբերման համար,
  5. 7,197,240 դրամ՝ «Արլիվաչ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված 150 հատ փաստաթղթերի պահման պահարանների ձեռքբերման համար։

Բացի այդ, որոշմամբ փոփոխություն է կատարվում ԲԴԽ 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 24-րդ հավելվածում:

Իրավական հիմքերը

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

«Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի մասին

Iravaban.netը ուսումնասիրելով ԲԴԽ որոշման մեջ նշված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի տվյալները, պարզել է, որ ընկերությունը գրանցվել է 2018 թվականի մայիսի 10-ին:

Ընկերության միակ բաժնետերն է Արամ Ալբերտի Ստեփանյանը, ով տնօրինում է ընկերության 100% բաժնեմասը, որի արժեքը կազմում է 1,000 ՀՀ դրամ: Արամ Ստեփանյանը միաժամանակ հանդիսանում է ընկերության գործադիր տնօրենը:

«Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ն գրանցված է Երևան քաղաքի Արաբկիր համայնքում։ Ընկերության հարկ վճարողի հաշվառման համարն է 00180633։

Հատկանշական է, որ ընկերության նկատմամբ նախկինում կիրառվել են արգելանքներ՝

  • 2021թ. հոկտեմբերի 27-ին՝ Վարույթ՝ 08237238, հարուցման (վերսկսման) ամսաթիվ՝ «27» հոկտեմբեր 2021թ., Կատ.թերթ՝ 48771-1 Ա, տրված՝ «02» օգոստոս 2021թ., Պետական բյուջեի օգտին 697,742 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով, որն արդեն հանվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին:
  • 2024թ. հունիսի 12-ին՝ Վարույթ՝ 12181541, հարուցման (վերսկսման) ամսաթիվ՝ 12 հունիսի 2024 թ., Կատ. թերթ՝ 12181541, տրված՝ 19 մարտի 2024 թ., Պետական բյուջեի օգտին 832,631 ՀՀ դրամի պարտավորությունների վճարման պահանջով, որն արդեն հանվել է 2024թ. հունիսի 19-ին:

Պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ ընկերությունը լուծարման գործընթացում չէ և շարունակում է իր գործունեությունը: Ինչպես արդեն նշվեց, այժմ այս ընկերության հետ է կնքվելու 136,800,000 ՀՀ դրամի պայմանագիր ՀՀ դատական դեպարտամենտի համար 300 հատ համակարգիչների ձեռքբերման նպատակով,- հայտնում է Iravaban.netը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել