Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին շարունակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործի քննությունը։ Նիստին նախատեսված էր հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Նիստին ներկա են եղել հայցվոր, զինվորական կենտրոնական դատախազության ներկայացուցիչ Աղավնի Մադոյանը, պատասխանող Մովսես Հակոբյանը, վերջինիս ներկայացուցիչ Մուշեղ Ալեքսանյանը, պատասխանող Արմեն Հայրությունյանը և վերջինիս ներկայացուցիչ Հակոբ Յենոքյանը։
Iravaban.net–-ի՝ դատական նիստը լուսաբանելու միջնորդությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ Մուշեղ Ալեքսանյանը առարկեց, նաև նշեց որ նիստը դռնփակ կարգով անցկացնելու միջնորդություն է ներկայացնում։ Նա հիմնավորեց, որ կան բազմաթիվ նյութեր, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիքներ։
Պաշտպան Յենոքյանը ևս դեմ արտահայտվեց տեսանկարահանման միջնորդությանը, իսկ դռնփակության առումով կողմ էր։ Այսպիսով, Դատարանը որոշեց նիստը անցկացնել դռնփակ։
«Գործի քննության նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը արձանագրել էր դռնփակ կարգով քննելու անհրաժեշտություն, այս դատական նիստով ևս այդ անհրաժեշտությունը պահպանվում է։ Պետական անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվելու դատական նիստում կամ առնվազն կարող են քննարկվել, մեծ է հրամայականությունը։ Հետևաբար, դրանով պայմանավորված դատարանը որոշում է կայացնում դատական նիստը դռնփակ կարգով շարունակելու վերաբերյալ»,- նշեց դատավոր Լիլի Դրմեյանը։