Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ի դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր, հայտնել է երկրի պետական անվտանգության ծառայությունը։
Ծառայությունից նշում են, որ Թբիլիսիում զենքի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ դիվերսիա էր պլանավորվել նախագահական նստավայրի գրավման փորձին զուգահեռ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է վրացական ԶԼՄ-ներից։
Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ Վրաստանում չեզոքացվել են այն անձինք, որոնք պետք է զենք և պայթուցիկ նյութեր հասցնեին Թբիլիսիի կենտրոն՝ դիվերսիայի համար։
Նշենք նաև, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած հավաք երեկվա իշխանությունը տապալելու փորձի և անկարգությունների շարունակությունն է։
Որոշ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներ հայտարարել են կիրակի օրը՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում կառավարության դեմ բողոքի ցույց անցկացնելու մասին։ Նախորդ՝ ընտրության օրը, ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական պալատ՝ այդպիսով սկսելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։ Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։
«Մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքները կանխելու համար», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։