ԿԿՀ-ն տուգանել է դատավորի ամուսին փաստաբան Հայկ Ալումյանին 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Iravaban.netը ուսումնասիրել է Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից 2025թ. սեպտեմբերի 17-ին կայացված որոշումը, որը վերաբերում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմենուհի Սամվելի Բադիրյանի ընտանիքի անդամ Հայկ Ալումյանի նկատմամբ վարչական տույժի կիրառմանը: Ստորև ներկայացնում ենք որոշման հիմքերը:

Նախապատմություն

2025թ. սեպտեմբերի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմենուհի Սամվելի Բադիրյանի ընտանիքի անդամ Հայկ Ռուբենի Ալումյանի նկատմամբ։ Հայկ Ալումյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան, ով հանդիսանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմենուհի Սամվելի Բադիրյանի ամուսինը:

Որպես դատավորի ընտանիքի անդամ, Հայկ Ալումյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պարտավորությունը՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը սահմանված ժամկետում Հանձնաժողովին ներկայացնելու մասով:

Վարույթի ընթացքը

Հանձնաժողովը 2025թ. հուլիսի 30-ին Հայկ Ալումյանին ծանուցել է ուղարկել հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ և առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան հայտարարագիրը:

Այս ծանուցումը Ալումյանի կողմից ստացվել է 2025թ. հուլիսի 9-ին (համապատասխան փոստային առաքանի համարը՝ AL0128540394 AM), սակայն սահմանված 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չի ներկայացվել:

Հանձնաժողովը 2025 թվականի օգոստոսի 18-ին թիվ 01/3214-2025 գրությամբ Հայկ Ալումյանին գրավոր ծանուցել է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված ծանուցումը Հայկ Ալումյանի կողմից ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին (փոստային առաքանի համարը՝ APC0129171308 AM):

Հայկ Ալումյանի դիրքորոշումը

2025 թվականի սեպտեմբերի 11-ին Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաղորդագրությանը կից Հայկ Ալումյանը կրկին ուղարկել է 2025 թվականի օգոստոսի 27-ին իր կողմից Հանձնաժողով ուղարկված հաղորդագրությունը, որով խնդրել էր հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

«1. Ինչպես և նախկինում, այժմ ևս պատրաստակամ եմ տրամադրելու լիազորագրեր՝ իմ գույքային դրության վերաբերող ցանկացած տվյալ ցանկացած աղբյուրից ձեռք բերելու համար,

  1. Կան տվյալներ, որոնք Հանձնաժողովը, նույնիսկ լիազորագրի առկայության դեպքում, հնարավորություն չունի ձեռք բերելու (օրինակ՝ կանխիկ գումարի չափը, թանկարժեք առարկաներ): Այդ տվյալները ես պատրաստ եմ հայտարարագրել, սակայն հայտարարագրի ձևը հնարավորություն չի տալիս լրացնելու միայն այդ տվյալները, այլինքն՝ այդպիսի տվյալներ հայտարարագրում լրացնելու դեպքում ես ստիպված եմ լինելու լրացնել նաև այն տվյալները, որոնց Պետությունը տիրապետում է (օրինակ՝ անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ): Գտնում եմ, որ Պետության պարտականությունն է՝ մշակել ու կիրառել հայտարարագրի այնպիսի ձև, որը զերծ կլինի այս թերությունից:»:

Միաժամանակ, 2025 թվականի օգոստոսի 27-ի հաղորդագրությամբ Հայկ Ալումյանը խնդրել էր հաշվի առնել նաև 2025 թվականի օգոստոսի 25-ին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ընթացքում իր կողմից ներկայացված առարկությունները, իսկ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ընթացքում վերջինս որպես առարկություն նշել էր, որ օրենքն իր համար վերջնաժամկետ չի սահմանում և պետությունն իրենից պահանջում է այնպիսի տվյալներ լրացնել, որի տիրապետողը հենց ինքն է և հայտարարագրի ձևը հնարավորություն չի տալիս լրացնել բացառապես այն տվյալները, որոնց պետությունը չի տիրապետում, այն է՝ կանխիկ գումարը, օտարերկրյա պետություններում գույքը, թանկարժեք գույքը և այլն:

Իրավական հիմքերը և հանձնաժողովի եզրահանգումները

ԿԿՀ-ն արձանագրել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետներում:

Հանձնաժողովը նշել է, որ հայտարարագիրը պարտավոր է կատարել հայտարարատու պաշտոնատար անձի կողմից հայտարարագրի ներկայացման պարտականության համար սահմանված կարգով և ժամկետներում: Համաձայն որոշման, անձնական պատասխանատվության սկզբունքի, անձնական տվյալների պաշտպանության հաշվառմամբ, ինչպես նաև պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդրամի հայտարարագրերի թվայնականության տարբերությանը պատճառով, տեխնիկական լուծումների հետևանքով, չեն կարող մեկնաբանվել որպես հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդրամների կողմից հայտարարագրի ներկայացնելու օրենքով ժամկետ սահմանված չլինելու մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովի որոշումը

Հանձնաժողովը որոշել է Հայկ Ռուբենի Ալումյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով:

Որոշվել է տուգանքը վճարել գանձապետական 900005001335 հաշվեհամարին՝ «Իրավախախտումների համար կիրառվող վարչական տուգանքներ և պատժամիջոցներ» հաշվեհամարին, վճարման անդորրագրի «նպատակ» դաշտում պարտադիր նշելով սույն որոշման համարը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Ռուբենի Ալումյանին այն սահմանված կարգով հանձնելու (համացված համարվելու) հաջորդող օրվանից:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել