Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը վիճարկում է մեղադրանքի բովանդակությունը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Գլխավոր դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ, որը  Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է  քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Արուսյակ Ալեքսանյանը իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօր կայացած դատական նիստում դատավոր Դոլմազյանը անդրադարձ կատարեց մեղադրանքում առկա մի քանի հանգամանքների, որոնք կապված էին գործընկերների հասցեին արված անպարկեշտ հայտարարությունների հետ։  Հանրային մեղադրողը այս արտահայտությունները մեղադրանքում ներառել է որպես հետրանք։ Դատավորի խոսքով, վիրավորական արտահայտություն հնչեցնելը  441-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն չի կարող լինել։

Մեղադրողը նշեց, որ վիրավորանքի ձևով որևէ գործողությունների իրականացումը որպես լիազորությունների չարաշահում  չէ նկարագրված, այլ  նկարագրված է որպես հետևանք։
Ի պատասխան իր ելույթում պաշտպան  Երեմ Սարգսյանը, որ նկարագրված արարքը հանցավոր գործողության արդյունք չէ։
«Եթե հանցավոր գործողությունների արդյունքում չէ, հանցագործություն չէ»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
դատական նիստի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ տեսանյութում։
Գործի քննությունը շարունակելու համար նշանակվեց նոր նիստ։ Հաջորդ դատական նիստը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 16։00։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել