Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանը «Լուրերի» ուղիղ եթերում նոր մանրամասներ է հայտնել Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ:
Ըստ քննիչի՝ տեսանկարահանող սարքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը դիմակավորված է եղել և ոտքով վազելով է մոտեցել զոհերին: «Դիմակավորված անձի՝ ավտոմեքենայով մոտենալու փաստ չունենք արձանագրված: Հենց նույն տեսանկարահանող սարքերով երևում է, որ ոտքով վազելով է մոտենում և կրակահերթ արձակում անձանց ուղղությամբ», – ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով զոհվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը: Դեպքի հետևանքով քաղաքացի Արծրուն Գալստյանը վիրավորվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Քննիչը նշել է, որ տեսանկարահանող սարքերից երևում է, թե ինչպես են զոհերը բնակելի հատվածից դուրս եկել և անմիջապես դարպասի դիմաց կանգնել, մի քանի վայրկյան զրուցել, որից հետո տեղի է ունեցել ողբերգական միջադեպը: «Կնշեի, որ բնակելի տունը կառուցման, վերանորոգման փուլում է և բնակելի չէ», – ավելացրել է նա:
Քրեական գործը, հաշվի առնելով դրա հնչեղությունը և բարդությունը, ՔԿ նախագահի հանձնարարությամբ փոխանցվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն:
Քննիչը տեղեկացրել է նաև, որ հանցագործությունը ենթադրաբար կատարած անձի ինքնությունը դեռևս հայտնի չէ: «Այս պահին ինչպես ենթադրյալ հանցանք կատարած անձի, այնպես էլ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են իրականացնել, դեռ կիրականացվեն մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ, նաև փոխգործակցելով ոստիկանության հետ՝ օպերատիվ-հետախուզական և լայնածավալ գործողություններ», – ասել է Արտակ Հովհաննիսյանը:
Ըստ քննիչի, դեպքի վկաները արդեն հարցաքննվել են, սակայն վիրավորը դեռ չի հարցաքննվել, քանի որ դրա համար բավարար վիճակում չէ:
Ինչպես այս մասին տեղեկացրել է Iravaban.net-ը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է:
Լուսանկարը՝ «Լուրերի»