Քրեական ոստիկանության Արարատի մարզի ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը հափշտակել է մի աղջկա բջջային հեռախոսը և անձնական իրերը:
Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել էին, որ սեպտեմբերի 5-ի առավոտյան ժամը 7-ին գյուղի Հախնազարյան փողոցում 27-ամյա երիտասարդը ինչ-որ նյութ էր փչել 20-ամյա տուժողի աչքերին, ապա հափշտակելով նրա բջջային հեռախոսը՝ բանկային քարտի հետ միասին, և պայուսակը, որի մեջ փող և անձնական իրեր էին, «Հոնդա» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներին միացած Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 22-ին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: