Զինվորական ծառայությունը ՀՀ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման կարգը։
Ի՞նչ է պարտադիր զինվորական ծառայությունը.
Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են՝
- 18 տարեկանից մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները,
- Իգական սեռի քաղաքացիները, որոնք կամավոր դիմել են ծառայության անցնելու համար՝ մինչև 27 տարեկանը,
- Գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած անձինք՝ մինչև 28 տարեկան,
- Բարձրագույն ուսումնական հաստատությունում զինվորական պատրաստություն անցած կամ պահեստազորի սպայական կազմի քաղաքացիները՝ մինչև 35 տարեկան։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաև․
- 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները:
- Եթե առկա չեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը, ապա կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ինչպե՞ս է իրականացվում զորակոչը.
- Շարքային կազմի զորակոչը իրականացվում է կառավարության որոշմամբ՝ տարին առնվազն երկու անգամ։
- Պահեստազորի սպայական կազմի զորակոչը տեղի է ունենում առնվազն տարին մեկ անգամ։
- Պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչերի կազմակերպման մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրվում է զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման։
Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության ովքե՞ր չեն զորակոչվել.
- անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով
- անձը, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության։
Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ կամ 201-րդ կամ 393-րդ կամ 402-րդ կամ 463-րդ կամ 465-րդ կամ 467-րդ կամ 526-րդ կամ 527-րդ հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար (հոդվածները կարող եք գտնել այստեղ․ https://old.arlis.am/DocumentView.aspx?DocID=210019 )
Սահմանված տարիքը լրացած և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության․
- 24 ամիս ծառայություն անցնել՝ վճար չի պահանջվում,
- 12 ամիս ծառայություն անցնելու փոխարեն՝ վճարել 2․500․000 ՀՀ դրամ,
- 6 ամիս ծառայություն անցնելու փոխարեն՝ վճարել 5․000․000 ՀՀ դրամ,
- 1 ամիս ծառայություն անցնելու փոխարեն՝ վճարել 8․000․000 ՀՀ դրամ,
- եթե քաղաքացին չի ցանկանում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնել և չունի օրենքով սահմանված ազատման կամ տարկետման հիմք՝ վճարել 15․000․000 ՀՀ դրամ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։