Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 7-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին որպես վկա հարցաքննվեց Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը։
Հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը Միսակ Հովսեփյանին հարցեր ուղղեց Արշավիր Սարգսյանի հետ համատեղ իրականացված բիզնեսգործունեության մասին։
– Նախորդ հարցաքննության ժամանակ Դուք ասացիք՝ 2006, 2007 թվականներից Արշավիր Սարգսյանի հետ սկսել եք բիզնեսգործունեություն ծավալել, առաջինը հիմնադրվել է «Սուրբ աղբյուր» հէկ-ը, երբ Ձեզ հարց տվեցի՝ ինչ ներդրումներ եք արել, ասացիք՝ չեմ հիշում՝ ներդրում արել եմ, թե ոչ, պետք է փաստաթղթեր նայեմ։ Այժմ որևէ տվյալ կարո՞ղ եք հայտնել։
– Ես ասացի նախորդ հարցաքննությանը, որ գործարքային ինչ-որ բաներ ենք արել, և այդտեղից առաջացած գումարները ներդրել ենք Սուրբ աղբյուրում։ Այս պահին չեմ հիշում՝ ինչ գործարքներ արեցինք, սակայն գոյացած գումարը երկկողմանի համաձայնությամբ ներ ենք դրել։ Ինչ վերաբերում է հէկ-ին, վարկային միջոցով է կառուցվել։
– Վարկային միջոցները Ձեր կողմի՞ց են վերցվել։
– Ընկերության կողմից են վերցվել։
Արշավիր Սարգսյանի առաջին ցուցմունքը դատարանում՝ այստեղ։
Դատախազն ասաց՝ այդ հէկ-ի 50 տոկոս բաժնեմասն այլ անձի է պատկանել, հետո փոխանցվել է Աղվան Հովսեփյանի մյուս որդուն՝ Նարեկ Հովսեփյանին, հարցրեց՝ եթե բաժնեմասը պատկանել է եղբորը, ինքն ինչ կապ է ունեցել ընկերության հետ։
Միսակ Հովսեփյանն ասաց՝ եղբայրն ակտիվ ներգրավված չէր, ավելի շատ պետական գործերով էր զբաղված, և այդ պատճառով ինքն էր մասնակցում ընկերության հետ կապված աշխատանքներին։
– Ես, օրինակ, որ նայում եմ Ձեր ծննդյան տարեթիվը, այդ ժամանակ 24 տարեկան եք եղել, ուզում եմ հասկանամ՝ դրանից առաջ ինչ գործունեություն եք կատարել։
– Ես արդեն ասացի՝ առաջարկն իր (Արշավիր Սարգսյանի) կողմից է եղել, ես իրեն ման չեմ եկել, գտել, ինքն ա հայտնվել մեր կյանքում, ինքն ա առաջարկել, քանի որ եղբայրս զբաղվում էր պետական ծառայությամբ, հայրս զբաղվում էր պետական ծառայությամբ, ես էլ համալսարանը նոր էի ավարտել, զբաղվում էի իմ գործունեությամբ, ինքը ազատ էր այդ գործարքների, որոշումների մեջ մինչև իմ ներգրավվելը․ իսկ ի՞նչ ա, 24 տարեկանում թույլ չի տրվում ինչ-որ բանով զբաղվել։
– Կհիշեք՞ք՝ ինչ-որ ընկերություն, որ էլի համատեղ մինչև «Սուրբ աղբյուր» հէկ-ը հիմնադրել եք։
– Ամբողջությամբ ինքն ա եղել ներգրավված, իմ մեջ ցանկություն կար, ես մասնագիտությամբ ստոմատոլոգ եմ, բայց ցանկություն կար բիզնեսով զբաղվելու։ Հաշվի առնելով ընտանիք մյուս անդամների կարգավիճակը՝ ինչ-որ չափով ես եմ ներգրավված եղել, բայց սկզբնական շրջանում շատ ազատ ա եղել ինքը որոշումների, զարգացման ուղիների մեջ։
Դատախազը հետարքրքվեց՝ երբևէ Միսակ Հովսեփյանը բանկային փոխանցմամբ կամ առձեռն Արշավիր Սարգսյանին գումար փոխանցել է, թե ոչ, վերջինս ասաց՝ առձեռն գումար տվել է։ Դատախազը հարց ուղղեց նաև Արշավիր Սարգսյանի կողմից 600 հազար ԱՄՆ դոլար վարկ վերցնելու և հէկ-ի կառուցմանն ուղղելու վերաբերյալ, Միսակ Հովսեփյանն ասաց, որ չի հիշում՝ ինքը կամ եղբայրը վարկի ստացման համար երաշխավոր լինեին, բայց այդ հարցը քննարկվել է Սարգսյանի հետ։
Հանրային մեղադրողը հարցադրումներ կատարեց նաև գործով մյուս վկայի՝ Ռոբերտ Նազարյանի ու Միսակ Հովսեփյանի ծանոթության, նրանց շփման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ այս քրեական գործով դատարանում Ռոբերտ Նազարյանը, որը հանդիսացել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահը, ևս ցուցմունք է տվել։ Նա հայտնել էր, որ իր մոտ են գնացել Միսակ Հովսեփյանը և Արշավիրը, ովքեր բողոքել են, որ անհարկի ձգձգվում է լիցենզիայի տրամադրումը, նրանց ներկայությամբ կապվել է այդ պահին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ փորձելով հասկանալ ինչն է խնդիրը։
Նա հայտնել է, որ Միսակ Հովսեփյանի հետ հենց այս գործով են ծանոթացել, աշխատավայրում քարտուղարն ասել է, որ Հովսեփյան Միսակն է իրեն սպասում, այդ պահին չի հիշել, թե ով է վերջինս, աշխատակացից ճշտել է, իմացել, որ խոսքը Աղվան Հովսեփյանի որդու մասին է։ Դատախազի այն հարցին, թե հնարավոր է, որ մինչև այդ ևս տեսած լիներ Միսակ Հովսեփյանին, վկան պատասանել է՝ մի անգամ էլ է վերջինս գնացել իր մոտ, այդ ժամանակ մենակ է եղել։ Առաջին հանդիպման ժամանակ է իմացել, որ Միսակն Աղվան Հովսեփյանի տղան է։
Միսակ Հովսեփյանը դատարանում հայտնեց, որ Ռոբերտ Նազարյանի հետ ծանոթացել է ընդհանուր միջոցառման ժամանակ, եթե չի սխալվում՝ իր հոր կողմից կառուցված տառերի պուրակի բացման արարողությանը։
«Ջրօգտագործման թույլտվության հետ Նազարյան Ռոբերտի էդ ժամանակվա ղեկավարած կառույցը կապ չի ունեցել։ Իրար հետ լիցենզիայի վերաբերյալ հարց ենք քննարկել, «Վայոց» հէկինն ենք քննարկել, նենց չի, որ բոլոր լիցենզիաները ստանալիս գնացել ենք․ քննարկել ենք այն ժամանակ, երբ քննարկելու նյութ ա եղել»,-ասաց Միսակ Հովսեփյանը։
Դատախազի հարցին՝ եղել են դեպքեր, երբ Ռոբերտ Նազարյանի հետ հանդիպմանը նաև Նարեկ Հովսեփյանը ներկա լինի, վերջինս ասաց՝ չի հիշում։
«Վարդահովիտ» հէկ-ի վերաբերյալ հարցադրման ժամանակ Աղվան Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանը խնդրեց 2 րոպեով ընդմիջել դատական նիստը։ Ընդմիջումից հետո պաշտպանության կողմը խնդրեց նիստը հետաձգել՝ հայտնելով, որ Աղվան Հովսեփյանը բարձր ճնշում ունի ու այդ պայմաններում չեն կարող շարունակել։
Դատական նիստն այսքանով հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հուլիսի 17-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան