Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատախազ Կորյուն Սերոբյանը հրապարակեց վկա Արշավիր Սարգսյանի հարցաքննությունների արձանագրությունները։
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ դատական նիստն է՝ շարունակվում է Սարգսյանի հարցաքննությունը։
Արշավիր Սարգսյանի՝ դատարանում տված նախորդ ցուցմունքն այստեղ։
Արշավիր Սարգսյանը նախաքննական ցուցմունքներից մեկով հայտնել է, որ համատեղ բիզնեսգործունեության ընթացքում ինքն ու Աղվան Հովսեփյանը որոշել են կառուցել մի քանի փոքր հէկեր, քանի որ ըստ կատարած հաշվարկների այն շահավետ բիզնես էր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոքր հէկերի կառուցման դեպքում մասնաբաժին կունենա, սկզբում 26 %, սակայն հետագայում չի հիշել, թե ինչ պատճառով է նրա մասնաբաժինը դարձել 15 %։
«Իմ մասնաբաժինն Աղվան Հովսեփյանն առաջարկեց գրանցել որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, մենք ընդհանուր համաձայնության եկանք այդ հարցի շուրջ, որոշեցինք նոր ընկերություն հիմնադրել այդ փոքր հէկերի աշխատանքների համար, սակայն, քանի որ Սամվելն իմ հիշելով արդեն հիմնադրած ընկերություններ ուներ, որ կոչվում է «Վարդահովիտ» ՍՊԸ, որոշեցինք՝ այդ ընկերությամբ իրականացնել փոքր հէկի շինարարություն»,-իր ցուցմունքով հայտնել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սկզբում մասնակիցներ են հանդիսացել Սամվելի կինը՝ Ագնեսա Ստեփանյանն ու իր կինը՝ Կարինե Սարգսյանը, հետագայում միացել են Նարեկ Հովսեփյանն ու իր դուստրը՝ Սեդա Սարգսյանը։ Ընկերության համար վարկ վերցնելու նպատակով երաշխավորներ են հարկավոր եղել, Հովսեփյանն ասել է՝ իր որդին երաշխավոր չպետք է լինի, ինչից հետո Նարեկ Հովսեփյանը դուրս է եկել մասնակիցների կազմից, նույն պատճառաբանությամբ նաև Արշավիր Սարգսյան է հանել իր դստերը։
«Վարդահովիտ» փոքր հէկի կառուցումից հետո Աղվան Հովսեփյանի հետ որոշել են «Սուրբ աղբյուր» ընկերության համար կառուցել ևս մեկ փոքր հէկ։
Արշավիր Սարգսյանն այդ ամենի վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ ցուցմունք է տվել․ «Այդ ընթացքում ինձ առաջարկեցին, որ գնեմ Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող Արփա գետի վրա նախատեսված փոքր հէկի նախագծմայի փաթեթ, խորհրդակցեցի Աղվան Հովսեփյանի հետ, և նա նույնպես համաձայնություն տվեց, որ կարելի է ձեռք բերել այդ փաթեթը և կառուցել ևս մեկ փոքր հէկ։ Ես 360 հազար դոլարով վաճառեցի ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող իմ բնակարանը և 400 հազար դոլարով ձեռք բերեցի այդ նախագծային փաթեթը, և ինքս դարձա ընկերության 100 % սեփականատերը, բայց ինչպես նախկինում նշել եմ, Աղվան Հովսեփյանի հոտ ունեցած բանավոր պայմանավորվածության հիման վրա այդ ընկերության եկամտի 50 %-ը նույնպես պետք է նրան պատկաներ՝ չնայած, որ ներդրումներն ամբողջությամբ ես էի կատարում»,-նշել է Արշավիր Սարգսյանն իր ցուցմունքում։
Նա հայտնել է՝ իր և Աղվան Հովսեփյանի առաջին համատեղ բիզնեսը եղել է ավտոմեքենաների տեխզննման կայանը, որը հիմնադրվել է 2007 թվականին՝ իր առաջարկությամբ։ Վերջինս ակնկալել է, որ կունենա 50 % մասնաբաժին, սակայն Հովսեփյանն ասել է, որ իր աշխատակիցներից Աշոտ Զալինյանը ևս պետք է իրենց հետ աշխատի։ Նաև այդ նույն գործի մեջ է ներգրավվել Օհան Մուրադյանը, որն ունեցել է համապատասխան տարածք, միայն անհրաժեշտ է եղել սարքավորումներ բերել և լիցենզիա ստանալ։ Սարքավորումների և լիցենզիայի ձեռքբերման գործողություններով զբաղվել է Արշավիր Սարգսյանը։
Արշավիր Սարգսյանն անդրադառնալով իր և Հովսեփյանի միջև առաջացած տարաձայնություններին՝ հայտնել է, որ բիզնեսների վերաբերյալ վերջինիս ֆինանսական տվյալներ է ներկայացրել, իսկ մինչ այդ բանավոր կերպով են տեղի ունեցել ֆինանսական շարժերի, ծախսերի ու եկամուտների վերաբերյալ։
«Սկսած 2015 թ․ սկզբներից՝ Աղվան Հովսեփյանն ինչ-որ կասկածամիտ վարքագիծ է դրսևորել իմ գործունեության հետ կապված, որը նախկինում երբեք չէր եղել, և ինձ ասաց՝ պետք է ամբողջ համատեղ բիզնեսի ժամանակահատվածի համար նոր հաշվարկներ կատարվեն, ես նրան տեղեկացրի՝ այդ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվել է, բացի այդ, վերջին 3 տարիներին ամբողջ հաշվապահությունն իրականացվել է իրենց կողմից բերված հաշվապահական կազմակերպպության հաշվապահների կողմից։
․․Աղվան Հովսեփյանն ասաց՝ այդ հաշվարկները կկատարի իր որդու՝ Արմեն Հովսեփյանի կնոջ հայրը՝ Գարիկ Նուշիկյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, ես համաձայնեցի նրա առաջարկին։ Գարիկը սկսեց հաշվապահների հետ հաշվարկներ կատարել՝ չնայած, որ հաշվապահներին ներկայացնում էին այլ տվյալներ և հիմնավորումներ՝ որոշ ժամանակահատվածների հետ կապված, բայց Գարիկը դրանք չէր ընդունում՝ առանց որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, և Աղվան Հովսեփյանի հետ ինձ հայտնեցին՝ ես շուրջ 3 միլիոն դոլար իբր թե համատեղ բիզնեսի մեջ խաբել եմ Աղվան Հովսեփյանին»,-հայտնել է Արշավիր Սարգսյանը։
Արշավիր Սարգսյանը նախաքննության ընթացքում իր կողմից տրված և դատախազի հրապարակած հատվածների վերաբերյալ հայտնեց՝ հիշողության հետ կապված խնդիրներ ունեցել է, սակայն այն, ինչ գրվել է, ճիշտ է, նույնը նաև պնդել է դատարանում։
Նախաքննական մարմնում ցուցմունք տալիս Սարգսյանը հայտել է, որ Աղվան Հովսեփյանը տարբեր պաշտոնատար անձանց հետ խոսել է՝ բիզնեսի համար որոշակի խոչընդոտներ վերացնելու նպատակով, նա կրկին պնդեց՝ այն, ինչ արձանագրվել է, ճիշտ է։
Վկան դատարանում հայտնեց՝ ինքը բողոքել է պետական մարմինների դեմ՝ կատարած անօրինականությունների համար․ «Բնականաբար, երբ հրավիրվել ենք քննչական մարմին, նենց չի, որ ամեն օր գալիս ենք էդ քննչական մարմինները, ու մեզ ամեն օր ընդեղ հարցեր են տալիս, մենք էլ գիտենք՝ էս հարցը ոնց պետք ա լինի, հարցրել են, իրանք գործը գիտեն, բնույթը գիտեն։ Հո, մենք լուսնից չենք իջել, բա նեղվածություն կա, պրոբլեմներ կան, ինչքան էլ մենք մի կտոր հաց ենք կերել, պանիր ենք կերել, ջուր ենք խմել իրար հետ, բայց նեղվածություն կա, ընտանիքում հարցեր կան, ինքնասիրության հարցեր կան, ընկերական հարաբերություններ կան էդ ամեն ինչը խախտվել ա, լիքը բաներ ա կատարվել, լիքը խարդախություններ։ Ուզես, թե չուզես, քո մեջ արթնանում ա էն բանը, որդ դու ուզում ես հասնես իրական ճշմարտությանը։
․․Ես իրա տղաներին էլ եմ ասել, եթե ես կյանքում մեկնումեկի հանդեպ հարամություն անեմ, խաբեմ, Աստված ինձ պատժելու ա 10 անգամ, կրկնում եմ նորից, թող իրա տղաներն էլ լսեն ու հիշեն, եթե ինձ կխաբեն, Աստված իրանց պատժելու ա հազարապատիկ»։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վկային հետևյալ հարցն ուղղեց․ «Ցանկացե՞լ եք տեղեկություններ հայտնելու պահին էդ տեղեկություններն ունենան արդյունք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տեսքով»։
Սարգսյանն ասաց՝ երբեք չի մտածել, որ Հովսեփյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն ու երբեք չի ցանկացել։
– Բաներ կան, որ հիմա Դուք ավել եք ասում, ինչը նշանակում ա՝ Ձեր հիշողությունն այս պահին ավելի լավ ա էդ հարցի համատեքստում, հիմա ո՞նց ա ստացվում՝ էն ժամանակ էդ ասածի վերաբերյալ տվյալներ չեք հիշում հստակ, բայց բաներ կան, որ հիմա ասում եք ավելին, ինչը ասել եք քննիչի մոտ, էդ առումով Ձեր հիշողությունը շատ լավ վիճակում ա։
– Ընդամենը մարդկային ֆակտոր, պահի տակ ինչ-որ բաներ հիշում ես հետո գնում ես տուն, մեկ էլ մի 2 բան ավել ես հիշում։ Օրինակ, էդ ժամանակ, որ պարոն դատախազը 3-4 անգամ հարց տվեց, ասեց հիշում եք 40 հազար դոլարը Դուք եք տվել, թե չէ, 4 անգամ էլ ասեցի՝ ես չեմ տվել, բայց հետո գնացի տուն, հիշեցի, որ իրականում տենց չի եղել, ես եմ էդ մարդուն փողը տվել։ Ես իմ օրգանիզիմի հետ ի՞նչ անեմ, էդ ա։
– Ասեցիք՝ երբ մտել եք Միսակի հետ պարոն Ծառուկյանի մոտ, Ձեզ ասել ա, որպեսզի Դուք դուրս գաք, կոպի՞տ ձայնով ասեց, կոպի՞տ տոնայնությամբ ասեց։
– Չեմ հիշում, գիտեմ, որ ասեց պետք ա դուրս գաս ստեղից, ես էլ դուրս եմ եկել, գնացել եմ, կարող ա կոպիտ ա ասել, կարող ա՝ ոչ կոպիտ ա ասել։
– Իսկ պարոն Ծառուկյանը Ձեզ կոպիտ ասելու առիթ ունե՞ր, թե՞ չէ։
– Ինչի՞ համար, ես իրան չեմ ճանաչել, չեմ շփվել ընդհանրապես։
– Եթե պարոն Ծառուկյանը Ձեզ ասեր, օրինակ՝ աշխատասենյակից խնդրում եմ դուրս եկեք, ես առանձին Միսակի հետ խոսելու բան ունեմ, քաղաքավարի դուրս հանելու պարագայում, կգնայի՞ք պարոն Հովսեփյանի մոտ, դրա մասին կասեի՞ք։
– Իհա՛րկե, ինձ չի էլ թվում, որ ես շատ ոչ քաղաքավարի հարց ա եղել, որովհետև էդ ժամանակ ես հասկացա՝ կոնկրետ իմ բիզնեսը իմ ձեռից գնում ա, ես էդ բիզնեսի մեջ չկամ, ու շատ կարևոր էր պարոն Հովսեփյանի հետ իմ հարցերը հասկանալ։
– Ձեզ դուրս հանելն ինչո՞ւ պետք է Աղվան Հովսեփյանն ասեր, որ դա իր դեմ ուղղված է։
– Ի՞նչ իմանամ, կյանքը ցույց տվեց, որ հետագայում արդեն ես էդ բիզնեսը պետք ա կորցնեի, և ես ճիշտ էի մտածել։
Աղվան Հովսեփյանի մյուս պաշտպան Աննա Մանթաշյանը վկային հարցրեց՝ եղել են դեպքեր, երբ ինքը գնա պաշտոնատար անձանց մոտ ու շեշտի Աղվան Հովսեփյանի անունը՝ նշելով, որ նրա հետ բիզնեսներ ունի, որպեսզի «աշխատանքներն առաջ գնան», Արշավիր Սարգսյանն ասաց․ «Չեմ հիշում, կարող ա հա, կարող ա՝ չէ, նայած ինչ պաշտոնատար անձ էր»։
Նախագահող դատավորը հետաքրքրվեց, թե եղել է դեպք, երբ առանց Աղվան Հովսեփյանին տեղյակ պահելու է որևէ պաշտոնատար անձի մոտ գնացել, Սարգսյանն ասաց՝ ոչ։
Մանթաշյանը հարցրեց, թե երբ է դադարեցրել համատեղ բիզնեսգործունեությունը Աղվան Հովսեփյանի հետ, վկան ասաց՝ 2015 թվականին։
– Ինչո՞վ կպայմանավորեք, որ 2015 թվականին Ձեր պոռթկումը, վիրավորանքը չեք արտահայտել որևէ կերպ, և 2021, 2022 թվականների հարցաքննությունների ժամանակ սկսել եք հիշել ինչ-որ հանգամանքներ։
– Վե՞րջ հարցը։
– Դե, եթե լռել եմ, ուրեմն՝ վերջ։
– Դե, եթե լռել եք, ուրեմն հիշեք․ ի՞նչ գիտեք, որ չեմ ասել էն ժամանակ, էն ժամանակ էլ եմ ըմբոստացել, էն ժամանակ էլ եմ ինչ պետք ա արել, ո՞վ ա ասում, էն ժամանակ ինչ անում էր, լրիվ հակառակ ինձ էր, ես կարայի գնայի, դուռ ծեծեի, մեկին մի բան ասեի՞։
– Իսկ Դուք հաղորդում ներկայացրե՞լ եք։
– Իհա՛րկե։
– Ո՞ւմ եք ներկայացրել։
– Հաղորդումները մի քանիսն են եղել։
– Ե՞րբ եք ներկայացրել էդ հաղորդումները։
– Չեմ հիշում։
– Իսկ դրանց վերաբերյալ ի՞նչ որոշումներ ունեք Ձեր ձեռքի տակ։
– Ոչ մի։
Մեղադրյալ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով քննիչի կողմից արձանագրված հարցաքննությունների մեջ ենթադրյալ էական սխալներ թույլ տալուն․
«Վկայի ցուցմունքների մեջ մի քանի հարյուր անգամ, եթե ոչ ավել, անընդհատ կրկնվում ա՝ Աղվան Հովսեփյանը, Աղվան Հովսեփյանը, Աղվան Հովսեփյանը․ անընդհատ ամեն նախադասության մեջ թվարկվում է, անցած անգամ ես շեշտեցի, որ ես ունեմ 3 տղա, որոնք բոլորն էլ զբաղվել են բիզնեսներով՝ էդ ժամանակ էլ, դրանից հետո էլ։ Տղաներս հիմա յուրքանչյուրն իր բիզնեսով ա զբաղվում ու յուրաքանչյուրը արդեն 40 անց մարդիկ են, ընտանիքներ ունեն, այսինքն՝ էդ ո՞նց եղավ, մինչև էդ բիզնեսով զբաղվել են, էդ ժամանակ զբաղվել են՝ բացի էս բիզնեսները, դրանից հետո բիզնեսով զբաղվում են, բայց քրեական գործում քննիչի գրած արձանագրություններում ամենուր գրված է Աղվան Հովսեփյանը, Աղվան Հովսեփյանը, վկան էլ հայտնում է՝ իմ պարտնյորը Հովսեփյանն ա եղել, որը գիշեր-ցերեկ աշխատանքի մեջ ա եղել։
Եթե ցուցմունքներից հանում ես Աղվան Հովսեփյան անուն, ազգանունը և դնում ես Նարեկ Հովսեփյան, Միսակ Հովսեփյան, Արմեն Հովսեփյան, ամեն ինչ ընկնում է իր տեղը, ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրեմ Ձեր ուշադրությունը քննիչի կողմից կեղծ գրառումների մասին»։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, որի ժամանակ կհարցաքննվեն գործով դատակոչված մյուս վկաները։
Մարիամ Շահնազարյան