«Ձեր որդին ինչո՞ւ չի ներկայացել դատարան»․ դատավորը՝ Աղվան Հովսեփյանին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունիսի 9-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործով մի քանի դատակոչված վկաներ կային, սակայն որևէ մեկը չէր ներկայացել։ Նրանց թվում էր նաև Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը։ Նախագահող դատավորը ամբաստանյալից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որդին դատարան չի ներկայացել։

Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ տղան մոտ մեկ շաբաթ ընտանիքի հետ գյուղում է եղել․ «Վիրակապված է հետ եկել։ Զգուշացրել էր դատարանին, ինձ չէր էլ ասել։ Հետո իմացա, որ դեպք է եղել։ Պետք է այսօր բժշկի գնար»։

Պաշտպան Երեմ Սարգսյանը նույնպես նշեց, որ տեղյակ է դեպքի մասին, վիրակապված է եղել․ «Իրեն վատ է զգացել, որ չի կարողանալու գալ։ Կարծում եմ՝ հարգելի է, հաջորդ նիստին, վստահ եմ, կներկայանա»։

Մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը նշեց՝ լավ կլինի, որ հաջորդ նիստի ընթացքում առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ ներկայացվի։ Դատավորն ավելացրեց՝ Միսակ Հովսեփյանի հարցաքննությունը նախորդ նիստին սկսվել էր, սակայն չէր ավարտվել։ Մեկ անգամ էլ ներկայացել էր, սակայն նիստը հետաձգվել էր։

Դատավորն ասաց, որ հաջորդ՝ հուլիսի 7-ին նշանակված նիստին նրա հարցաքննությունը կշարունակվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել