«Բյուրականի առանձնատուն գնալուց առաջ ասել են՝ ինձ ինչպես պիտի պահեմ, ուր եմ գնում»․ Աղվան Հոսվեփյանի գործով շարունակվում են վկաներ հարցաքննվել

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատախազ Կորյուն Սերոբյանը Աղվան Հովսեփյանի գործով վկաներից մեկին՝ Աստղիկ Դավթյանին հարց ուղղեց, թե արդյոք նա կարդացե՞լ է իր ցուցմունքները, և ինչո՞ւ առարկություն չունի։

«Երեք անգամ են ինձ կանչել, ես երեք անգամն էլ նույն պատասխանն եմ տվել»,-նշեց վկան ու հավելեց, որ լարվածությունից կարող է ինչ-որ նախադասություն լավ չհասկանա։

Դատախազի հարցին, թե կինը հիմա լարվա՞ծ է, նա պատասխանեց՝ այո։ Կորյուն Սիմոնյանը ասաց, որ այդ դեպքում հնարավոր է հետո էլ կանչեն հարցաքննության, իսկ կինը ասի, որ նախորդ նիստին լարված է եղել, և հարցը չի հասկացել։

Վկան պնդեց, որ լարված չէ։

Վկա Աստղիկ Դավթյանի հարցաքննությունից հետո Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ ցանկանում է դատարանի ուշադրությունը հրավիրել «քննիչի կեղծիքի՝ ոչ օբյեկտիվ, միակողմանի քննության վրա, որ ամեն մի վկայի հարցաքննության հետ բացահայտվում է։ 

Աղվան Հովսեփյանը ընթերցեց իր ձեռքի թղթի վրայի տեքստը, որում նշված է․ «Տեղեկություն է ստացվել այն մասին, որ աճուրդը կրել է ձևական բնույթ»։

Հովսեփյանը ընդգծեց, որ 45 տարի քննչական ապարատում է աշխատել․ «Ի՞նչ կասեք քննիչի այս հարցի մասին, որ ըստ տեղեկությունների՝ աճուրդը կրել է ձևական բնույթ»։

Այս նիստին հաջորդիվ հարցաքննվեց մյուս վկան՝ Իշխան Իշխանյանը։ Նա հայտնեց, որ չի հանդիսանում դատական նիստի մասնակիցներից որևէ մեկի ազգականը, Աղվան Հովսեփյանին ճանաչում է, գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ․ «Մոտավորապես 2005 թվականին, քանի որ ոստիկանությունում ձևական բնույթ էր կրում տեխնիկական զննության կատարումը, չունեինք ոչ մի տեսակի սարքավորումներ, շենքային պայմաններ, ոստիկանության կողմից որոշում կայացվեց դիմել Կառավարությանը և նախագահական՝ քննարկելու հագեցման խնդիրները։

2005 թվականին աշխատանքային խումբ ստեղծվեց, գնացել ենք մի շարք երկրներ, ուսումնասիրություններ ենք արել»:

Հարցաքննվեց նաև վկա Արմեն Սարգսյանը։ Նա հայտնեց, որ Աղվան Հովսեփյանին ճանաչում է որպես Գլխավոր դատախազ և աշխատել է նրա առանձնատանը․ «Էլեկտրիկ-ինժեներ եմ, հոսանքի մոնտաժման աշխատանքներ եմ արել Բյուրականի առանձնատանը՝ մոտավորապես 20 տարի առաջ»։

Ասաց նաև, որ վարձատրել է Արշավիր Սարգսյանը, որն էլ հենց ծանոթացրել է գործին․ «Արշավիր Սարգսյանը մորաքրոջս աղջկա ամուսինն է, այսինքն բարեկամական կապ կա։ Գիտեմ, որ համատեղ բիզնես են ունեցել Արշավիր Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, երևի ուրիշ մարդիկ էլ կային, պատկերացում չունեմ»։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանը տվյալ գործով վկա Արմեն Սարգսյանին հետաքրքրվեց, թե նա որտեղի՞ց գիտի, որ Արշավիր Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը համատեղ բիզնեսներ կամ բիզնես են ունեցել։ Վկան ասաց, որ հենց Արշավիրից էլ է լսել, սակայն մինչ այդ ասել էր, որ «Արշավիրի հետ նման թեմաներով խոսակցությունները բացառված են»։

«Սեղանի շուրջ նստած եմ իմացել, անունը չգիտեմ բիզնեսի, բայց երբ վերադարձավ Ռուսաստանից և ասաց, որ աշխատանքի եմ, գիտեմ, որ համատեղ բիզնեսներ ունեն էդ մարդիկ հենց Աղվան Հովսեփյանի հետ»,-ասաց վկան։

Նա նաև հայտնեց, որ երբ Արշավիր Սարգսյանը իրեն կանչել է գրասենյակ և հայտնել աշխտանքի մասին, ասել է նաև, որ համատեղ բիզնես ունեն։ Աղվան Հովսեփյանի մյուս պաշտպանի հարցին, թե վերջինս չի մանրամասնե՞լ՝ ինչ բիզնեսի մասին է խոսքը, վկան ասաց՝ «թույլ էլ չէի տա ինձ հարցնեի»։

Բյուրականի առանձնատան վերաբերյալ հարցին ի պատասխան, վկան ասաց՝ գիտեր, որ Աղվան Հովսեփյանին է պատկանում, բացի այդ, Արշավիր Սարգսյանն իրեն ուղարկել է այնտեղ աշխատանքի ու ասել, թե ում տանն է աշխատելու։

«Ասել ա, թե ես ինձ ինչպես պիտի պահեմ, ուր եմ գնում»,-ասաց վկա Արմեն Սարգսյանը։

Փաստաբանի հարցին, թե կարող էր արդյոք այդ տունն Աղվան Հովսեփյանի ընտանիքի մյուս անդամներից մեկին պատկաներ, իսկ ինքը որևէ տեղեկություն չունենար, վերջին ասաց՝ այո։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանը վկային հարցրեց, թե քննիչի մոտ հարցաքննվելիս ինչպես է ասել, որ 1 միլիարդ դոլար է կազմել առանձնատան գումար այն դեպքում, երբ այժմ հարցաքննվելիս որևէ արժեք չի նշել։

«Նոր էլ ասեցի, մի քանի միլիոն դոլար կարար արժենար, ես ի՞նչ իմանամ՝ ինչ ա արժեքը»,-նշեց վկան։

– Դատարանում բոլորիս հարցին պատասխանեցիք, որ Ձեզ աշխատանքները կատարելու դիմաց վճարել է Արշավիրը կանխիկ, նախաքննության ընթացքում Դուք ասել եք, որ Համլետ Մակարյանն է Ձեզ վճարել։

– Երկուսի դեպքում էլ վճարումներ եղել են։

– Ո՛չ, նախաքննության ընթացքում ընդամենը ասել եք, որ մի անգամ է Արշավիրը գումար տվել՝ 350 հազար դրամ, Ձեր ցուցմունքը ես հրապարակեցի։

– Հասկանում եմ, բայց ինչ-որ թյուրիմացություն կա։

– Բայց իմ հարցին պատասխանեցիք, որ Համլետ Մակարյանը Ձեզ ընդհանրապես գումար չի տվել։

– Բյուրականի հետ կապված Համլետ Մակարյանը չի վճարել, որովհետև ինքը կոնսուլտատիվ ա եկել-գնացել։

Հաջորդ նիստին կշարունակվի գործով մյուս վկաների հարցաքննությունը։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել