«Պատահական ոչ մի բան այս կյանքում չի լինում, ամեն ինչ ի վերուստ որոշված է, և մարդը հանդես է գալիս որպես գործիք։ Ինքը Աստծո գործիքն է երկրի վրա, և կարող է ինչ-որ տեղ էլ միջնորդի կարգավիճակում լինել, բայց այդ միջնորդը ես ավելի կասկածում եմ, քան գործիքը։ Շատերը ասում են՝ ինձ Աստված տվեց այս ինչ կարողությունը, որ ես կարողանամ ստեղծել, իսկ ես ասում եմ՝ Աստված բոլորին տալիս է և՛ կարողություն, և՛ հնարավորություն, և՛ ցանկություն»,-ասում է նկարիչ Վարդան Գաբրիելյանն ու վստահություն հայտնում՝ ամեն մեկն այդ հնարավորությունն օգտագործում է յուրովի։
Արվեստագետը կոչ է անում գոհանալ Աստծո պարգևներով և ստեղծել ու նվիրված լինել սեփական ստեղծածին․ «Հասարակ մի խոսքից կարող է ծնվել մի կտավ ու մի մեծ պատերազմից կարող է էլի մի կտավ ծնվել»։
Մեր հերոսի խոսքը միաժամանակ ներառական է՝ ընդունելով, որ բոլոր մարդիկ կարողություն ու հնարավորություն ունեն, և պահանջկոտ՝ շեշտելով, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր ստացած պարգևները ճիշտ օգտագործելու հարցում։
Նա ընդգծում է, որ արվեստը կարող է արձագանքել և՛ առօրյային, և՛ գլոբալ ողբերգություններին։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնյոթերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, ներկայացնում է նկարիչ Վարդան Գաբրիելյանի ստեղծագործական և հոգևոր աշխարհը։ Արվեստագետը խոսում է այն վստահության մասին, որ ստեղծագործելը զուտ տեխնիկական հմտություն չէ, այլ ներշնչում, պատասխանատվություն և Աստծո կամքը լսելու պատրաստակամություն։ Ինչպե՞ս է մի հասարակ խոսք դառնում կտավի սերմ, կամ ինչպե՞ս է մարդը դառնում գործիք՝ արարման ճշգրիտ պահին։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
«Անընդհատ նույն զգացողություններով չես մտնում արվեստանոց, այդ ցիկլը ամբողջ կյանքի համար է․ դու նվիրված ես քո գործին, սա քո գործն է, սա քո պարտականությունն ու անելիքն է։ Ես ոչ ոքի պարտք չեմ, բայց երբ նկարում եմ, ոնց որ ինչ-որ տեղ պարտքս փակեմ»,-մտորում է Վարդան Գաբրելյանն ու նշում՝ երբ սովորական աշխարհն արվեստի նման լինի, այդ ժամանակ լավ չի լինի, ու լավ չէ, երբ ստեղծած արվեստն է աշխարհի նման։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: