Օգնություն չցուցաբերելու հետևանքները․ պատասխանատվություն վտանգի մեջ թողնելու համար

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ անձը չի ցուցաբերում անհրաժեշտ օգնություն կամ գիտակցաբար թողնում է մեկ ուրիշին կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում։

Ի՞նչ է համարվում «վտանգի մեջ թողնելը»

ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ վտանգի մեջ թողնելը կարող է արտահայտվել հետևյալ ձևերով

  • Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, եթե հանցավորն այդ անձին  օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել։
  • օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե պարտավոր չի եղել հոգ տանել նրա մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր վիճակի մեջ

Այսպիսի դեպքերում նախատեսվում է․

  • տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներ՝ մինչև 100 ժամ տևողությամբ։

Երբ վտանգի մեջ թողնելը դիտվում է ավելի ծանր

Եթե անձը

  • պարտավոր է եղել խնամել վտանգի մեջ հայտնվածին, կամ
  • հենց ինքն է նրան դրել կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակի մեջ (առանց դիտավորությամբ կյանքից զրկելու կամ վնաս հասցնելու նպատակի),

ապա պատասխանատվությունը կարող է լինել ավելի խիստ՝

  • տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներ՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ
  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ
  • ազատության սահմանափակում՝ մինչև 2 տարի ժամկետով։

Վատթարացնող հանգամանքներ

Նախատեսված արարքը, որը կատարվել է`

  1. հղի կնոջ նկատմամբ,
  2. անչափահասի նկատմամբ,
  3. հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
  4. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ, կամ
  5. մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Այս դեպքերում նախատեսվում է

  • տուգանք՝ 20-50ապատիկի չափով, կամ
  • հանրային աշխատանքներ՝ 150-270 ժամ տևողությամբ, կամ
  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ 3-7 տարի ժամկետով, կամ
  • ազատության սահմանափակում՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ
  • կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով։

Կարևոր է իմանալ

  • Օգնություն ցուցաբերելը կամ դրա մասին համապատասխան մարմիններին հաղորդելը համարվում է ոչ միայն բարոյական, այլև իրավական պարտավորություն։
  • Վտանգի մեջ թողնելու հանցակազմը առկա է միայն այն դեպքում, երբ օգնության ցուցաբերումը եղել է հնարավոր և ակնհայտ անհրաժեշտ։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել