Բարձրագույն դատարանի հինգ դատավորներից չորսը 70-ամյա Ժաիր Բոլսոնարուին մեղավոր ճանաչեցին դավադրության կազմակերպման համար, որն ուղղված էր իշխանությունը պահելու փորձին՝ այն բանից հետո, երբ նա 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվեց ձախ ուժի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, փոխանցում է rfi-ն։
Ըստ մեղադրանքի՝ դավադիրները, մասնավորապես, ծրագրում էին սպանել Լուլա դա Սիլվային, սակայն այդ պլանները չիրականացվեցին՝ զինվորական ղեկավարության աջակցությունից զրկվելու պատճառով։
2023 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած անկարգությունները, երբ Բոլսոնարուի հազարավոր կողմնակիցներ գրոհեցին Բրազիլիայում պետական հիմնարկների շենքերը՝ Լուլայի պաշտոնավարման մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ անց, ըստ ամենայնի, համարվել է դավադրության իրականացման «վերջին ջիգը»։
Ժաիր Բոլսոնարուն՝ ծայրահեղ աջակողմյան գործիչ, նախկին զինվորական, որը Դոնալդ Թրամփին էր համարում իր կուռքը և բազմիցս պաշտպանում էր 1964–1985 թթ․ ռազմական դիկտատուրայի ժամանակաշրջանը, Բրազիլիայի նախագահ է եղել 2019-ից մինչև 2023 թվականը։
Նրա նախագահության տարիները նշանավորվել են COVID-19-ի համավարակի և պատվաստանյութերի հանդեպ ցուցաբերած կասկածանքով, ինչպես նաև հանքարդյունաբերության ոչ պաշտոնական շահագործման և հողերի մաքրման աջակցությամբ անասնապահության համար, ինչը հանգեցրել է Ամազոնիայի անտառահատման ռեկորդային մակարդակի։
Բոլսոնարուն, որը գտնվում է տնային կալանքի տակ, չի մասնակցել դատավճռի հրապարակմանը՝ առողջական խնդիրների պատճառով, հայտնել է նրա պաշտպանական թիմը։ Նա բազմիցս առողջական խնդիրներ է ունեցել այն բանից հետո, երբ 2018 թվականին մահափորձի հետևանքով դանակի հարվածով վիրավորվել էր որովայնի հատվածում։
Ժաիր Բոլսոնարուն մերժել է իր դեմ ներկայացված մեղադրանքները։ Նրա փաստաբանները դատապարտել են «չափազանց խիստ» դատավճիռը և խոստացել բողոքարկել այն՝ «այդ թվում՝ միջազգային մակարդակով»։
«Նա գլուխը բարձր է պահում, որպեսզի դիմակայի այս հետապնդմանը»,-հայտարարել է նրա ավագ որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն։ Նրա խոսքով՝ պահպանողական ճամբարը «ամեն ինչ կանի», որպեսզի «խորհրդարանը միավորվի» այն համաներման նախագծի շուրջ, որը ներառում է նաև նախկին նախագահին։
Սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը մեղադրվում է Բրազիլիայում ժողովրդավարական համակարգը տապալելու փորձի համար, մի երկրում, որտեղ դեռ կենդանի են ռազմական դիկտատուրայի հիշողությունները։ Ավելի վաղ Բրազիլիայի նախկին նախագահներին նույնպես դատապարտել են կոռուպցիայի հետ կապված գործերով։
Բարձրագույն դատարանը նաև ազատազրկման է դատապարտել Բոլսոնարուի յոթ համախոհների, այդ թվում՝ մի քանի նախկին նախարարների և գեներալների՝ երկուսից մինչև 26 տարվա ազատազրկմամբ։