ԵՄ պատվիրակության աջակցությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության նախարարության մասնակցությամբ մեկնարկել է ԹԱՅԵՔՍ երկօրյա աշխատաժողովը։
Աշխատաժողովի օրակարգում է եղել արդարադատության ոլորտում ԵՄ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա պատրաստված զեկույցի քննարկումը։ Մասնագիտական հանդիպմանը բացման խոսքով ելույթ է ունեցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպմանը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը վերահաստատել է Եվրոպական միության աջակցության կարևորությունը դատաիրավական բարեփոխումներին, այդ թվում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԹԱՅԵՔՍ» գործիքի միջոցով:
Բարձր գնահատելով ԵՄ փորձագետների կողմից կատարված աշխատանքը՝ նա մանրամասն ներկայացրել է դատավորների ընտրության, առաջխաղացումների, գնահատման համակարգի վերաբերյալ պրակտիկ խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Հիշեցնենք, որ ԹԱՅԵՔՍ–ը (TAIEX, Technical Assistance and Information Exchange) Եվրոպական հանձնաժողովի գործիք է, որի նպատակն է պետական կառավարման մարմիններին ԵՄ լավագույն փորձի փոխանակում՝ և տեխնիկական աջակցություն տրամադրել իրենց ոլորտներում ԵՄ օրենսդրության ներդրման, կիրառման և համապատասխանեցման նպատակով։