Ինչպե՞ս և ովքե՞ր կարող են զենք ձեռք բերել ՀՀ-ում․ իրավական կարգավորումներ

ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու, գրանցելու և պահելու կարգը, ինչպես նաև դրա նկատմամբ սահմանափակումները։

Ո՞վ կարող է զենք ձեռք բերել

Զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝

  • պետական ռազմականացված կազմակերպությունները.
  • պետական մարմինները և կազմակերպությունները՝ օրենքով սահմանված դեպքերում.
  • հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
  • քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձինք.
  • զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք․
  • սպորտային հրաձգությամբ զբաղվող և հրաձգարան գործարկող կազմակերպությունները.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
  • օտարերկրյա քաղաքացիները:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

  • ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին:
  • ՀՀ քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերելու քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաև զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:
  • Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել առավելագույնը 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:
  • Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

Քննություն հանձնելու պահանջ

Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է հանձնել տեսական և գործնական քննություն՝ զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության վերաբերյալ։
Գործնական քննությունից ազատվում են․

  • այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները,
  • նրանք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի:

Պետական մարմինների կողմից քննություն անցկացվելու դեպքում սահմանվում է պետական    տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:

Ովքե՞ր չեն կարող ստանալ զենքի թույլտվություն

Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում

  • Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակներիցանկը սահմանում է Կառավարությունը).
  • դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն oրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
  • ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց՝ անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից.
  • հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.
  • այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը)․
  • դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
  • զենքի շրջանառության կանոնները մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտած անձանց.
  • դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.
  • ՀՀ բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց․
  • այն անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.
  • սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց.
  • այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է ՀՀ անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին  հիմնավոր կասկած:

 Առանց թույլտվության ձեռք բերվող միջոցներ

Առանց գրանցման և թույլտվության քաղաքացիները կարող են ձեռք բերել

  • մինչև 7.5 ջոուլ էներգիայով օդաճնշիչ զենքեր (այդ թվում՝ ռևոլվերներ), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները,
  • աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով
  • էլեկտրահարող զենքեր և կայծային պարպիչներ,
  • կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի  պարագաները

Անհրաժեշտ փաստաթղթեր զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

Քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել

  • սահմանված ձևի դիմում,
  • ՀՀ քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • 3×4 սմ չափի երկու լուսանկար,
  • բժշկական եզրակացություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • առաջին անգամ զենք ձեռք բերելու դեպքում՝ քննությունների հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ։

Կարևոր է իմանալ

  • Զենք ձեռք բերելու իրավունքը ենթադրում է ոչ միայն հնարավորություն, այլ նաև պատասխանատվություն։
  • Օրենքով սահմանված կարգը խախտելու դեպքում թույլտվությունը կարող է չտրվել կամ հետ կանչվել։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել