«Դատախազությունն ամբողջությամբ պետք է հրաժարվի հայցից»․ փաստաբանը՝ Առուշ Առուշանյանի գործով նիստին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 27-ին, շարունակվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Աննա Հարությունյանը Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ խնդրելով տրամադրել մեկուկես ամիս ժամանակ։

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը հայտնեց, որ նախորդ նիստին ՍԴ որոշման համատեքստում պատասխանող կողմից դիրքորոշում է ներկայացվել գույքերի ծագման վերաբերյալ։ Նա պատասխանող Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչու է դիրքորոշմամբ նշվել, որ 2011 կամ 2017 թվականներին նախորդող ցանկացած այլ ժամանակահատվածին առնչվող գույքը չի կարող այս գործով վեճի առարկա դառնալ։

Փաստաբանն ասաց, որ ըստ ուսումնասիրության նյութերի՝ 2011 թվականը վերաբերում է Առուշ Առուշանյանի ստացած առաջին շահութաբաժնին․ «Մենք դատարանին ներկայացրել ենք համապատասխան փաստաթղթեր առ այն, որ 2011 թվականին ստացած եկամուտներն ամբողջությամբ օրինական են։ Այդ թվականին ներկայացված գույքը դատախազության գնահատմամբ որոշ չափով դիտվել է ապօրինի, իսկ մենք ասում ենք՝ սա չի կարող ապօրինի գույքի քննարկման առարկա հանդիսանալ»։

Նախագահող դատավորը ճշտեց՝ արդյոք փաստաբանի դիրքորոշումն այն է, որ մինչև պաշտոնի ստանձնումը ձեռք բերված գույքերը ենթակա չեն բնռագանձման, վերջինս դրական պատասխան տվեց՝ նշելով, 2017 թվականին նախորդող ժամանակահատվածում ձեռք բերված գույքերն օրինական են և ուսումնասիրման առարկա չեն կարող հանդիսանալ նաև ՍԴ որոշման համատեքստում։

Հայցվորի ներկայացուցիչը դատավորի հարցին ի պատասխան հայտնեց, որ հայցադիմումով 2 գույք ձեռք է բերվել 2017 թվականին։ Նա հայցի հետագա քննության, պատասխանող կողմի ներկայացրած դիրքորոշման վերաբերյալ ամբողջական պատասխան տալու համար խնդրեց մեկ այլ նիստի օր նշանակել։

Առուշանյանի ներկայացուցիչը կրկին պնդեց՝ ներկայացված հայցից դատախազությունն ամբողջությամբ պետք է հրաժարվի, քանի որ դիրքորոշման մեջ մանրամասն նշվել են այն ելակետերը, որոնց վերաբերյալ ՍԴ-ն առանձին դիտարկումներ է կատարել։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել