«Ստեղծագործելը ի վերուստ է տրվում, մենք ինքներս էլ չենք մտածում՝ դա ինչպե՞ս եղավ»․ նկարչուհի Ալլա Անանյան

Նկարչուհի Ալլա Անանյանը սկզբում ցանկացել է երաժիշտ՝ դաշնակահարուհի դառնալ, ասում է՝ նկարիչ դառնալը պատահականություն էր։ Այդ օրը գնում էին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, և հանկարծ որոշել են իջնել Թերլեմեզյանի  անվան գեղարվեստի պետական քոլեջի մոտ․ «Ես ու մայրիկս էինք։ Մամաս ասեց՝ արի գնանք, փորձենք, եթե կլինի ժամանակ, թղթերը այստեղից կտեղափոխենք այնտեղ։ Համոզեց ինձ, բայց ես նկարելուց հեռու մարդ էի, կարողանում էի նկարել, բայց էս կարգի՞․․․»։

Առաջին տարում ցանկանում էր ուժերը փորձել գեղանկարչության մեջ, բայց չի կարողացել ընդունվել, հետո՝ հաջորդ տարի, դասախոսները ուղղորդել են դեպի դիզայներություն։

Ալլա Անանյանի պատմությունը շատ խորհրդանշական է այն առումով, թե ինչպես կարող է մարդու ուղին ձևավորվել երբեմն անսպասելի որոշումներից։ Այս դեպքում առանցքային է եղել մայրիկի խորհուրդը։

Դասախոսների կողմից նրան դիզայներության ուղղորդելն էլ հետաքրքիր է. երբեմն ուրիշները կարող են տեսնել մեր ներուժը այն վայրերում, որտեղ մենք ինքներս չենք էլ փնտրում։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ ստեղծագործական ուղին կարող է սկսվել պատահականությունից, բայց շարունակվել միայն ջանասիրությամբ, հավատով ու ճշմարիտ ներշնչմամբ։

«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնչորսերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, թույլ է տալիս ընկալել՝ ինչպես է արվեստը ապրում մարդու ներսում, ու թե ինչպես է իր արտահայտումը գտնում նրա հետագա ամբողջ կյանքի ընթացքում։

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

«Ես ոգեշնչվեցի աբստրակտ գործերից, էդ ազատությունը ինձ շատ դուր եկավ։ Ես չեմ սիրում փակվել, ես սիրում եմ ազատ լինել թե՛ իմ մտածելակերպով, թե՛ խոսելով, թե՛ մարդկանց հետ շփվելով։ Իսկ եթե տեսնում եմ մարդկանց մոտ այդ շփման արգելքը կա, ես չեմ կարողանում շփվել, նույնը նկարչության մեջ է»։

Մեր արվեստագետի համար սա ոչ միայն ոճի ընտրություն է, այլ՝ ներքին պատասխան, ինքնության ձև և միգուցե նաև բողոք սահմանափակումների դեմ՝ լինեն դրանք հասարակական, հոգեբանական, թե գեղարվեստական։

Այս խոսքերը վկայում են, որ նրա արվեստը գալիս է իր անձնական արժեքներից ու համոզմունքներից՝ և հենց դա է արվեստը դարձնում իսկական։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել