Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ․ հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և, համապատասխանաբար, նշանակել նպաստները։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նոր կարգավորումներով՝
- թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ էլեկտրոնային առողջապահական համակարգում բացվելու է անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ,
- էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված՝ անձի անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունն ինչպես անաշխատունակության թերթիկը բացելիս, այնպես էլ փակելիս Միասնական սոցիալական ծառայությունն ինքնաշխատ եղանակով կփոխանցի ՊԵԿ-ին, որն իր հերթին տեղեկատվությունը հասանելի կդարձնի գործատուին,
- անաշխատունակության թերթիկը փակելուց հետո ՊԵԿ-ից ինքնաշխատ եղանակով կստացվեն նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ (նախորդող 12 ամսում անձի ստացած եկամուտների վերաբերյալ),
- ստացված տվյալների հաշվառմամբ ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը կրկին ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար),
- նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ Ընդ որում, բանկի ընտրությունը քաղաքացին կատարելու է անաշխատունակության թերթիկ բացելիս։ Եթե քաղաքացու ընտրած բանկում վերջինս ունի գործող հաշիվ (չի հանդիսանում ավանդային կամ վարկային հաշիվ), ապա նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է այդ հաշվին։ Եթե քաղաքացին իր ընտրած բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա բացվելու է նոր՝ միանվագ դրամական վճարների հաշիվ և նպաստի գումարը վճարվելու է այդ հաշվի միջոցով,
Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվելու է նոր համակարգի միջոցով՝ էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։
Նոր ստեղծված համակարգի միջոցով նպաստը հաշվարկելուց և վճարման փոխանցվելուց հետո անձին այդ մասին կծանուցվի, իսկ հաշվարկված նպաստի (այդ թվում՝ նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական եկամտի չափի) վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ e-social.am ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակում գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։
Այսպիսով, եթե անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո, ապա քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ գործատուին ներկայացնելու կարիք չի ունենա։
Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նպաստը պետք է վճարվի՝
- որպես մահվան պատճառով չվճարված գումար, կամ
- դատական ակտի հիման վրա, կամ
- այն անձին, ում վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման։
Հիշեցնենք, որ մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և վճարում էր նպաստը, որից հետո գործատուին պետական բյուջեից փոխհատուցվում էր նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը։