2 ադամանդե մատանի, 2 ոսկյա ապարանջան, թոշակի գումար․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը իր եկամուտներն է ներկայացրել ԿԸՀ

Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հավակնում է նաև առաջիկա ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այն ներկայացրել է մարտի 12-ին՝ 2024-ի փետրվարի 1-ից 2025-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար։

Հանձնաժողովին հայտնել է, որ ամուսնացած է, չի աշխատում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ղուկասյանը ներկայացրել է հետևյալ անշարժ գույքը՝

  • հողամաս (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն,
  • տուն (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն,
  • առևտրի համալիր (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն,
  • տուն (Գյումրիում), տիրապետման ձևը՝ համատեղ սեփականություն։

Ներկայացրել է 1 շարժական գույք՝ BMW 760 LI մակնիշի ավտոմեքենա (թողարկամն տարեթիվը՝ 2005)։

Նա նշել է 6 թանկարժեք իրերն ու գումարի չափը․

  • ոսկյա ժամացույց՝ 1 միլիոն 200 հազար դրամ,
  • ադամանդե մատանի՝ 1 միլիոն դրամ,
  • ոսկյա ապարանջան 650 հազար դրամ, 
  • ադամանդե մատանի 1 միլիոն 5 հարյուր հազար դրամ,
  • ոսկյա խաչ ապարանջան 1 միլիոն դրամ,
  • ժամացույց՝ 1 միլիոն 300 հազար դրամ։

Ղուկասյանը թոշակառու է, նրա թոշակը կազմում է 530 հազար 291 դրամ։

Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 միլիոն դրամ, 6000 եվրո, 3500 ԱՄՆ դոլար։ Նրան է պատկանում «Ալեքսպոլ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել