«Կատարված հաշվարկն իր բացասական հեևանքներն է ունենում»․ Արմեն Սաքապետոյանի գործով դատարանում կողմերը շարունակեցին ներկայացված ապացույցների վերաբերյալ հարցեր ուղղել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը, որ նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Գլխավոր դատախազությունը Արմեն Սաքապետոյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

  1. Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փ 15-2 բնակարանը 0.42 տոկոսը
  2. Երևան, Դավթաշեն, Սասնա Ծռեր փողոց, 3 շենք, 11 բնակարանի, 1․75 տոկոսը,
  3. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենք 88 շինության, 8 և 53 ավտոկայանատեղիների 15․44 տոկոսը,
  4. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փողոց 58/20 շենք 29 բնակարանի 18․58 տոկոսը,
  5. Կոտայք, Ծաղկաձոր, ք․ Օլիմպավան փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 16․44 տոկոսը,
  6. HONDA ENP մակնիշի մեքենայի 4․72 տոկոսը,
  7. LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենայի 0․01 տոկոսը,
  8. Երևան, Կենտրոն, Թումանյան 21/2 հասցեում գտնվող անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքի 10․33 տոկոսը,
  9. Արմավիր, Վանանդ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 37,7 տոկոսը,
  10. Արմավիր, Արտամետ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 20,5 տոկոսը,
  11. «ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ  ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի 0․07 տոկոսը,
  • Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենքի 29 բնակարանը։

Արմեն Սաքապետոյից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

  1. 59 միլիոն 608 հազար 302 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  2. 246 միլիոն 204 հազար 682 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել (․․․)։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանող կողմը շարունակեց ներկայացված ապացույցների վերաբերյալ հարցեր ուղղել հայցվորին։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետ Կառլեն Ափինյանին ըստ ներկայացված աղյուսակային տվյալների ասաց՝ օրինակ, 2006 թվականի վերջին իր վտահորդի ենթադրյալ ապօրինի եկամտի (կանխիկ) գումարը 500 հազարից դարձել է 406 հազար 325 դրամ, ճշտեց՝ այս փոփոխությունն ինչպես է կատարվել, նվազման գործընթացն ինչ հիմքով է եղել։

Ափինյանն ասաց՝ այդ թվականին առկա են եղել հաշվի համալրումներ և կանխիկացումներ, ու այդ գործարքների արդյունքում գումարի չափը նվազել է, որոշ մասեր արտահայտվել են ավանդների ու այլ վճարումների մեջ։

Նշվեց, որ հաշիվն այդ ընթացքում համալրվել է 4 միլիոն 818 հազար դրամով, որից 4 միլիոն 599-ը օրինական կանխիկ գումար է համարվել, 219 հազար 33 դրամը հաշվարկի մեթոդաբանությամբ՝ անկանխիկ ապօրինի։

Կողմերը նաև քննարկման առարկա դարձրեցին Արմեն Սաքապետոյանին 2006 թվականին պատկանող 500 հազար դրամը, որը դիտվել է ապօրինի, գումարից 81 հազարը ընդունվել անկախնիկ ձևով կատարած ծախս, դրանից ընդհանուր մնացել է 410 հազար դրամ։

Արմեն Սաքապետոյանն հետաքրքրվեց՝ այդ 2-ի հանրագումարը պետք է կազմեր 500 հազար դրամ, ինչու այդպես չէ, և բացի այդ, եթե կա ապօրինի 410 հազար դրամ, հաջորդ տարվա ծախսերի մեջ այլ տոկոսային շեմ կիրառվե՞լ է, թե՞ ոչ։

Կառլեն Ափինյանը պատասխանեց․ «Մենք ծախսերը ոչ թե տոկոսային են դիտարկում ապօրինի, այլ ծախսի կատարման օրվա պահի դրությամբ որ հաշվից է կատարվել ու այդ հաշվին առկա էր օրինական բավարար միջոցներ, և եթե առկա չէր, որքան մասն էր կազմում ապօրինի»։

Նրա խոսքով՝ այս դեպքում կա նաև արտարժույթի տարբերության հարց, 2006 թվականին եղել են դոլարով ներգրավված ավանդներ, իրավասու մարմինը  տեսնում է հաշվի համալրման պրոցեսը, եթե x գումարի չափով հաշվի համալրում է տեղի ունեցել, բանկի նշված փոխարժեքի չափն օգտագործում են այդ պահին գործող դրամական արտահայտության ցուցանիշով։

«Մենք կանխիկի մասով խնդիր չունենք, դա հենց այդ պահին այդ կուրսով էլ դրամական արտահայտությամբ նշում ենք, այսինքն՝ եթե գումար եք կանխիկացնում, անկանխիկով ԱՄՆ դոլարով ինչ-որ գործարք եք անում, մենք այդ գործարքը այդ օրվա կուրսով փոխակերպում ենք ՀՀ դրամի, և հաշվարկն իրականացնում ենք այդ կուրսով՝ արտահայտված դրամով։

Խնդիրն առաջանում է անկանխիկի ժամանակ, երբ շարժը տեղի է ունեցել արտարժույթով, բայց դրամական արտահայտության բացասական կամ դրական տարբերություն ենք ունենում»,-ասաց նա։

Վերջինս նշեց, որ կանխիկացման ժամանակ այն փոխարժեքը, որը բանկը սահմանել է, դրանով էլ որոշել են չափը։ Այդ ընթացքում կատարված գործարքների, ավանդների ներդրման, արտարժույթների ու դրանց հաշվարկների վերաբերյալ քնննարկում տեղի ունեցավ։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանը հայցվոր կողմին ի պատասխան հայտնեց, որ կատարված հաշվարկն իր բացասական հեևանքներն է ունենում․ «Արտարժույթի մասով հաշվարկն օբյեկտիվ տվյալների հիման վրա չի իրականացվել, ու տվյալ դեպքում 2006 թվականին, եթե նայում ենք, իմ արտարժույթային բացասական տարբերությունը կամ վնասը մոտ 300 հազար դրամ է կազմում, իսկ 300 հազար դրամի պակաս լինելու արդյունքում, օրինակ, Սունդուկյան փողոցի բնակարանի մի մասը ճանաչել եք ապօրինի, ինչ-որ փոքր տոկոսը»։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն ասաց՝ իրավասու մարմինը պարտավորություն ունի որոշելու իրեն հայտնի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունները, ու դրանց մեթոդը, եղանակը, բանաձևը որոշելու իրավասությունը տրվել է օրենսդրի կողմից․ «Արտարժույթով ավանդ եք ունեցել, ներգրավել եք, այնուհետև մարել, իրավասու մարմինը մարման պահին համարել է, որ դրամական արտահայտությամբ է ունեցել, սա մոտեցման խնդիր է, որը գուցե օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանի, բայց այլ տվյալ, թե երբ է ԱՄՆ դոլարը վերածվել դրամի մինչև հաջորդ գույքային ձեռքբերումը, իրավասու մարմինը չունի։

․․Եթե ունեք այնպիսի տվյալներ, որոնք իրավասու մարմնի կողմից ձևավորված տրամաբանությանը չեն համապատասխանում, ունեք ապացույցներ, վկայակոչում եք այդ փաստաթղթերը, դրանցով հիմնավորում, որ արտարժույթի փոխանակումը տեղի է ունեցել այսինչ ամսաթվին, իրավասու մարմինը հենց այդ ամսաթվի փոխարժեքով կհամարի հաշվարկված, դրամի կվերածի և համապատասխան գույքային ձեռքբերման վրա կտարածի»։

Արմեն Սաքապետոյանի հաջորդ հարցը վերաբերում էր 2021 թվականին իր մորից ստացված 620 հազար դրամ կանխիկ գումարին, հարցրեց՝ սա ինչ գումար է, հայցվոր կողմից նշեցին, որ լրացուցիչ կնայեն, կպատասխանեն այդ հարցին։ Սաքապետոյանը նաև ընդգծեց, որ հարցը տրվում է այն հանգմանքով պայմանավորված, որ իր մայրը բացի իր քրոջից տրված գումարից և թոշակից այլ եկամուտ չի ունեցել։

Հաջորդ հարցը վերաբերում էր «ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ  ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի վաճառքին, որի 25 %-ը վաճառվել է Արտակ Անդրեասյանին, 25 %-ը՝ Կարեն Գալստյանին, վերջին գործարքի վերաբերյալ որևէ տվյալ չկա, հայցվոր կողմը այս մասով ևս հայտնեց, որ լրացուցիչ կվերանայեն։

Սաքապետոյանը մյուս հարցը կապված էր Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում 70 հա հողատարածքում իրականացվող գործունեությանը, տարածքի ձեռքբերումն օրինական է դիտվել, իրականացրել է գյուղատնտեսական գործունեություն՝ առվույտի մշակում, նա հետաքրքրվեց՝ հայցվոր կողմի համար ո՞ր փաստերը բավարար կգնահատվեն այդ գործունեությունից ստացված եկամուտները ներկայացնելու համար։

Նելլի Տեր-Թորոսյանն ասաց՝ համայնքի ղեկավարն ունի հաշվառում իրականացնելու պարտավորություն, պետք է համապատասխան տեղեկանք ներկայացվի գործունեության կատարման վերաբերյալ։

Փաստաբան Արմեն Հարությունյանն ասաց՝ այս փուլում հիմնական հարցերը սպառվեցին, մյուս հարցերը պատասխանող կողմը կտա քննարկված հարցերի վերաբերյալ համապատասխան դիրքորոշմամբ հանդես գալուց հետո, որի համար 1 ամիս ժամանակ խնդրեց։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 19-ին։

Մարիամ Շահնազարյան

Լուսանկարներն արվել են այլ նիստերի ընթացքում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել