Վերաքննիչ դատարանը հրապարակեց Վահագն Վերմիշյանի գործով դատավճիռը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հրապարակել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատավճիռը։

Iravaban.net-փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Կարեն Ամիրյանը ընթերցեց դատավճռի եզրափակիչ մասը, դատարանի կազմում են նաև դատավորներ Արմեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Մակյանը։

Վերաքննիչ դատարանը որոշակի մասով բեկանեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։

Այսպիսով, դատարանը որոշեց Վահագն Վերմիշյանին մեղավոր ճանաչել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածով, սակայն այս դրվագով պատիժ չնշանակվեց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Վերմիշյանը մեղավոր ճանաչվեց նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Առաջին դրվագով նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանքը՝ 300 հազար դրամի չափով։ Նույն հոդվածի 2-րդ դրվագով նույնպես ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց, նույն չափով տուգանք նշանակվեց։

Վերմիշյանը մեղավոր ճանաչվեց նաև կաշառք ստանալու համար (մեդալների դրվագ), նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 6 տարի ժամկետով։ Նա մեղավոր ճանաչվեց նաև խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով (Ռազմիկ Խուրշուդյանի դրվագ),  նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով։

Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով, տուգանքը՝ 400 հազար դրամի չափով։ Ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը կհաշվարկվի 2020 թվականի փետրվարի 5-ից՝ հաշվի առնելով նրա՝ 2024 թվականի մարտի 4-ից մինչև մարտի 6-ն ազատության մեջ գտնվելու երկօրյա ժամկետը։ Մեղադրյալ Վահագն Վերմիշյանից հօգուտ ՀՀ-ի բռնագրավել նաև 2 միլիոն 951 հազար դրամ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը թողնվեցին անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռը մնացած մասով թողնվեց անփոփոխ։

Դատարանը Գագիկ Գալստյանին մեղավոր ճանաչեց, սակայն նրա նկատմամբ պատիժ չնշանակեց վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։ Վազգեն Պողոսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ նույնպես պատիժ չնշանակվեց՝ նույն հիմքով։ Ռազմիկ Խուրշուդյանը նույնպես մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ տուգանքը նշանակվեց որպես պատիժ՝ 200 հազար դրամի չափով։

Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում է պահանջել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել