Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան 2806»-ամյակին նվիրված տոնակատարությունը, ինչի առթիվ մայրաքաղաքում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ՝ հագեցած մի շարք ծրագրերով։
Iravaban.net-ը հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե տոնակատարության անցկացման համար քաղաքապետարանից որքան գումար է հատկացվել, այդ գումարներից որքանն է տրամադրվել միջոցառմանը հրավիրված երգիչ-երգչուհիներին, հաղորդավարներին, ինչպես նաև բլոգեր-ինֆլուենսերներին։
Ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրել են, որ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարությունների անցկացման համար կնքվել է 49 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է է 602 միլիոն 277 հազար 103 ՀՀ դրամ:
Iravaban.net-ը ներկայացնում է կնքված պայմանագրերը և տրամադրված ծառայությունների արժեքը։
Երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին, հաղորդավարներին՝
- Երգիչ Վարդան Սարգսյանին ելույթի համար վճարվել 1 միլիոն 378 հազար 100 դրամ,
- Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին միջոցառումների մասնակցության համար տրվել է 2 միլիոն 500 հազար դրամ,
- «Ռեինկարնացիա» երաժշտական խմբին վճարվել է 2 միլիոն 400 հազար դրամ,
- «ԹԻ ԷՄ ՊՐՈԴԱԿՇՆ» ՍՊԸ-ին Տիգրան Ժամկոչյանի ելույթը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանն ապահովելու համար վճարվել է 1 միլիոն 305 հազար 600 դրամ,
- Երգչուհի Նունե Եսայանին 1 միլիոն 268 հազար 800 դրամ,
- Ներսես Ավետիսյանին 1 միլիոն 50 հազար դրամ,
- Երգիչ Արսեն Սաֆարյանին 526 հազար 300 դրամ,
- «Թիվ 5» երաժշտական խմբի մենակատար Տիգրան Մնացակյանին ելույթի համար 137 հազար 300 դրամ,
- «Թիվ 5» երաժշտական խմբի մենակատար Մանվել Խաչատրյանին ելույթի համար 137 հազար 300 դրամ,
- «Թիվ 5» երաժշտական խմբի մենակատար Ալբերտ Գրիգորյանին ելույթի համար 137 հազար 300 դրամ,
- Ազատության հրապարակում դասական համերգի ընթացքում հաղորդավար Աննա Ավանեսյանին տրվել է 1 միլիոն դրամ,
- Գևորգ Հակոբյանին Ազատության հրապարակում ելույթի համար 1 միլիոն 378 հազար 100 դրամ,
- «ԼԱՅԹ ԱՓ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին երգիչ Էրիկ Կարապետյանի ելույթի համար 1 միլիոն 579 հազար դրամ,
- Երգչուհի Իվեկա Մուկուչյանին ելույթի համար 3 միլիոն 335 հազար դրամ,
- Արտակ Ներսիսյանին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը ելույթի համար 270 հազար դրամ,
- «Արտակ Գևորգյան» ԱՁ-ին երգիչ Արտո Թուջբոյաջյանի և «Արմենիան Նեյվի» բենդի ելույթը «Կասկադ» համալիրում ապահովելու համար 2 միլիոն 315 հազար 800 դրամ,
- Հաղորդավար Արման Մարգարյանին վճարվել է 1 միլիոն 50 հազար դրամ,
- Ազատության հրապարակում տեղի ունեցած դասական համերգի ընթացքում ելույթի համար Կատարինա Ֆարդազյանին վճարվել է 270 հազար դրամ,
- Ազատության հրապարակում տեղի ունեցած դասական համերգի ընթացքում ելույթի համար մենակատար Տիգրան Հակոբյանին վճարվել է 538 հազար դրամ,
- Նույն դասական համերգի ընթացքում ելույթի համար Բելլա Ամարյանին վճարվել է 407 հազար 300 դրամ,
- «Պապոնյա» ՍՊԸ-ին «Գարիկ և Սոնա» նվագախմբի ելույթն ապահովելու համար վճարվել է 4 միլիոն 145 հազար 900 դրամ,
- «Տիգրան Ոսկանյան» ԱՁ-ին «Լավ էլի» խմբի ելույթը Դիանա Աբգարի անվան զբոսայգում ապահովելու համար 1 միլիոն 593 հազար 600 դրամ,
- «Գրիգորի Ագախանյան» ԱՁ-ին՝ Գրիշա Աղախանյանի ելույթն ապահովելու համար 888 հազար 900 դրամ,
- «Պողոսյան Արմեն Էդիկի» ԱՁ-ին՝ 3․33 երաժշտական խմբի ելույթի համար 2 միլիոն 105 հազար 300 դրամ,
- Ռաիսա Սարգսյանին 635 հազար 600 դրամ,
- «Նեմրա» երաժշտական խմբին 2 միլիոն 105 հազար 300 դրամ,
- Անդրանիկ Մանուկյանին 526 հազար 300 դրամ,
- Տիգրան Քախվեջյանին համերգային ելույթի համար 270 հազար դրամ,
- «Կրեատիվ դեկորին» Արամ MP3-ի ելույթը 2 համերգներին ապահովելու համար 3 միլիոն 300 հազար դրամ։
1․ «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների մասնկացության համար կոմպոզիտոր Լևոն Մալխասյանին տրվել է 636 հազար դրամ,
2․ «Դավիթ Նիազյան» ԱՁ-ին «Սևագիր» նախագծի ելույթը Դիանա Աբգարի անվան զբոսայգում ապահովելու համար վճարվել է 473 հազար 700 դրամ,
3․ «Նարինե Պողոսյան Թելմանի» ԱՁ-ին «Ջազը երեխաների համար» նախագծի ելույթը ապահովելու համար 650 հազար դրամ,
4․ Վաչագան Ղարիբյանին «Կավիճ» նախագծի ելույթը միջոցառման ժամանակ ապահովելու համար 407 հազար 300 դրամ,
5․ «ԹՈՆԼԱԲ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ին «Ռեզեն Տալ» ռոք նվագախմբի ելույթը նույն զբոսայգում ապահովելու համար 666 հազար 700 դրամ,
6․ «Արիկ Գրիգորյան» ԱՁ-ին «Թմբաթա» նվագախմբի ելույթը նույն զբոսայգում ապահովելու համար 800 հազար դրամ,
7․«Նարեկ Բարսեղյան» ԱՁ-ին ՋԱԳ և Նարեկ Բարսեղյանի ելույթը նույն զբոսայգում ապահովելու համար 1 միլիոն 111 հազար 200 դրամ,
8․ «Գասպարյան Սերգեյ» ԱՁ-ին «Ֆեյրուինդ» նվագախմբի ելույթը նույն զբոսայգում ապահովելու համար 333 հազար 400 դրամ,
9․ «Սոնա Շիրոյան» ԱՁ-ին Արցախի պետական ջազ նվագախմբի ելույթը «Կասկադ» համալիրում կազմակերպելու համար 850 հազար դրամ,
10․ «Վահագն Հայրապետյան» ԱՁ-ին «Կատուներ» ջազային նվագախմբի ելույթը «Կասկադ» համալիրում ապահովելու համար 1 միլիոն 575 հազար դրամ,
11․ «Հայաստանի Էստրադային ջազ նվագախումբ» ՊՈԱԿ-ին 4 միլիոն դրամ,
12․ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին» 8 միլիոն 700 հազար դրամ,
13․ «Նումա» ՍՊԸ-ին միջոցառումների ժամանակ Հյուսիային պողոտայի տարածքում կայացած գինու փառատոնի կազմակերպման շրջանակներում անհրաժեշտ 50 մասնակից գինի ու սնունդ արտադրող ընկերությունների հավաքագրման, աշխատանքների կազմակերպման ու համակարգման ծառայությունների համար վճարվել է 5 միլիոն 265 հազար դրամ,
Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացած գարեջրի փառատոնի կազմակերպման շրջանակներում 24 մասնակից ընկերությունների հավաքագրման, աշխատանքների կազմակերպման ու համակարգման ծառայությունների համար վճարվել է 5 միլիոն 265 հազար դրամ,
14․ Հաղորդավար Արման Մարգարյանին վճարվել է 1 միլիոն 50 հազար դրամ,
15․ «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ին տեխնիկական միջոցների վարձակալության և սպասարկման ծառայությունների համար տրվել է ընդհանուր 45 միլիոն դրամ․
- Բեմ, ձայն, լույս, մետաղական կոնստրուկցիաներ – 25 միլիոն դրամ,
- Մետաղական կոսնտրուկցիաներ, լուսային և ձայնային սարքավորումներ – 20 միլիոն դրամ։
16․ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին Հանրապետության հրապարակում կայացած համերգի, Գաֆէսճեան քանդակների պարտեզի, «Կասկադ» համալիրում կայացած ջազ համերգի, Ազատության հրապարակի, Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացած համերգների ժամանակ սեգմենտների պատրաստման, մոնտաժման և ապամոնտաժման, բեմի քողարկման ծառայությունների համար 40 միլիոն 106 հազար 426 դրամ,
17․ «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացած ռոք համերգի կազմակերպման տեխնիկական միջոցների վարձակալության և սպասարկման ծառայությունների համար վճարվել է 20 միլիոն դրամ։
18․ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրերին հայաստանյան հայտնի երաժշտախմբերի ու անհատ արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև Սախարովի հրապարակում կազմակերպված սպորտային ուղղվածությամբ ծրագրերի համար վճարվել է 304 միլիոն 487 հազար 577 դրամ։
Մարիամ Շահնազարյան