«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղ են գտել դատարանների վճիռներ, որոնք վերաբերում են ԶԼՄ-ների կողմից արված հրապարակումներին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայցադիմումներ է ներկայացրել դատարան ու հայտնել, որ «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող Blognews.am լրատվական կայքում, ինչպես նաև «Օրագիր Մեդիա» ընկերության կողմից գործարկվող Oragir.News կայքում կոմբինատի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող նյութեր են հրապարակվել։
«ԶՊՄԿ-ն ընդդեմ Blognews.am-ի» գործը
ԶՊՄԿ-ն (հայցվորը) հայտնել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող Blognews.am լրատվական կայքում հրապարակվել է «Տրոցենկոն խոպանչու տրամաբանությամբ կթալանի Սյունիքը, իսկ փիառշիկ Արոն ստիպված կլինի սյունեցիներին հետո բացատրել, թե նրանք ինչու էլ ոչ հանք ունեն, ոչ էլ առողջություն» վերտառությամբ հոդվածը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հայցվորը նշել է՝ զրպարտչական բնույթ ունեն հոդվածում տեղ գտած ինչպես առանձին արտահայտություններ, այնպես էլ՝ հոդվածն իր ամբողջության մեջ։ Դրանում նշվում է, իբրև ԶՊՄԿ-ն թունավորում է Ողջի գետը, «թալանում» է Սյունիքը, «կեղեքում» է ընդերքը, վտանգում մարզի բնակչության առողջությունը։
Հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքացիական դատարանը հրապարակել է գործով վճիռը։ Դատարանը «Դատաբլոգ» ընկերությանը պարտավորեցրել է հերքել զրպարտություն համարվող և ԶՊՄԿ-ին վերաբերող տվյալները, որոնք հրապարակվել են Blognews.am կայքում։
Բացի այդ, ընկերությունից կբռնագանձվի 500 հազար դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցման գումար: Եվս 35 հազար դրամ՝ որպես հայցվորի կողմից ոչ դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Դատարանը հաստատված է համարել նաև, որ հոդվածում ներկայացված փաստացի տվյալներն իրականում նպատակաուղղված արատավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատիվը և գործարար համբավը:
Blognews.am-ի ներկայացուցիչը (պատասխանող կողմը), դատավարության ամբողջ ընթացքում հոդվածում նշած տեղեկություննները հիմնավորող որևէ ապացույց դատարան չի ներկայացրել:
Սեպտեմբերի 3-ին միայն միջնորդություն է ստացվել՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որին կից ներկայացվել է պատասխանողին պատկանող կայքից արտատպված հերքման հրապարակումը։ Այսինքն, կայքը, չսպասելով դատարանի վճռին, արդեն իսկ հերքում է հրապարակել։ Սակայն միջնորդությունը դատարանի կողմից չի հետազոտվել, քանի որ ներկայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման կայացումից հետո։
Դատարանը հաստատված է համարել, որ հոդվածում ներկայացված փաստական տվյալներն իրականությանը չեն համապատասխանում։
«ԶՊՄԿ-ն ընդդեմ Oragir.News-ի» գործը
2023 թվականի սեպտեմբերի 2-ին Oragir.News-ը հրապարակել է «Տրոյական ձին Սյունիքում․ ԶՄՊԿ-ում ադրբեջանցիներ են պաշտոններ ստացել․ աշխատակից» վերնագրով հոդվածը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ն նշել է, թե կոմբինատում «բունտ» է հասունանում, որը կապված է նոր նշանակումների հետ, բացի այդ՝ ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ են աշխատում, ինչի մասին տեղյակ են նաև ԱԱԾ-ում և նման այլ պնդումներ։
Հայցվորի ներկայացուցչն ընդգծել է՝ կատարված հայտարարությունը վերացական կամ ենթադրական չէ և ունի կոնկրետ առարկայական դրսևորում․ «․․․Պատասխանողի այդ հայտարարությունը կատարվել է դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի ու հայցվորի գործարար համբավն արատավորող փաստական տվյալների տարածման նպատակով։․․․Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ներկայիս պատերազմական դրությունը՝ վիճելի հոդվածը կարող է հանգեցնել հասարակության բացասական վերաբերմունքին ՀՀ-ի խոշորագույն հանքարդյունաբերողի դեմ»:
Բացի այդ, կոմբինատն ունի հազարավոր աշխատակիցներ և հանդիսանում է ՀՀ-ում առաջին հարկատուներից, որպիսի պայմաններում ձևավորված գործարար բարի համբավը վտանգվում է նմանօրինակ, անպատասխանատու հայտարարություններով, այն էլ լրատվական կայքի միջոցով, որն ունի հազարավոր դիտորդներ:
ԶՊՄԿ-ի կողմից ներկայացված ապացույցներով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը ընկերությունը համապատասխան պահանջագիր է ներկայացրել Oragir.News-ին, սակայն ԶԼՄ-ն որևէ քայլ չի ձեռնարկել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու կամ պատասխան դիրքորոշումը հրապարակելու համար:
Այսպիսով, Երևանի քաղաքացիական դատարանի որոշմամբ Օragir.News-ը պարտավոր է հերքել հրապարակված հոդվածը, ներողամտություն հայցել կոմբինատից՝ վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություն հրապարակելու և տարածելու, ինչպես նաև գործարար համբավը արատավորելու համար։
Բացի այդ, Օragir.News-ից հօգուտ ԶՊՄԿ-ի կբռնագանձվի 200 հազար դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, 26 հազար դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի չափով պետական տուրքի գումար, 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Հիշյալ որոշումները մեկնաբանելու խնդրանքով Iravaban.net-ը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Մեր հարցմանը պատասխանել է Ընկերության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
«Կարծում եմ` մեր բաց գործելաոճն ավելի քան ակնհայտ է վերջին շրջանում։ Մենք, բնականաբար, կողմ ենք ոլորտի լայն լուսաբանմանը, որը կառուցված է փաստերի և ոչ երբեք ասեկոսեների ու բամբասանքների վրա։ Որպես լրագրող` ինձ համար հենց դա է խոսքի ազատության հիմնասյուներից մեկը։
Երբ հետևողականորեն հրապարակվում է կեղծիք, զրպարտություն, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն կամ պարզապես վիրավորանք, քաղաքակիրթ ու ժողովրդավարական հարաբերությունները ենթադրում են անհամաձայնությունը լուծելու երկու ճանապարհ՝ արտադատական կարգով գալ հերքման համաձայնության (նման մի քանի դեպք ունեցել ենք), և երկրորդ՝ դիմել դատարան։ Կոնկրետ այս երկու դեպքերով խմբագրություններին առաջարկվել է քննարկել ու հերքում տպել այն տեղեկությունների մասով, որոնք հետագայում դրվել են հայցում։
Դատարանի այս որոշումները ցույց տվեցին, որ կոնկրետ հրապարակումների այն դրվագները, որոնց մասով մենք խնդրել էինք հերքել, պարունակում են զրպարտանք։
Ցանկացած ընկերության համար լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացնելը վստահաբար գերադասելի տարբերակը չէ, բայց երբ դրսևորվում է սեփական սխալը չընդունելու և հետևողականորեն զրպարտություն տարածելու գործելաոճ, այլ տարբերակ չի մնում։ Դատական հայցերը որևէ մեկին լռեցնելու փորձ չեն, այլ հանրային խոսքի որակի, պատասխանատվության բարձրացման միջոց, ինչը, կարծում եմ, բխում է հանրության շահերից։
Մենք բաց ենք մամուլի բոլոր գործընկերների համար և մտադիր ենք ավելի խորացնել առողջ ու գործընկերային աշխատաոճը»,- նշել է Ա․ Մարգարյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: ԶՊՄԿ-ն ավելի քան 31 միլիարդ դրամով ավելացրել է հարկային վճարումները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կոմբինատը վճարել է 83,668,387 հազար դրամ հարկ։ Նշենք նաև, որ ԶՊՄԿ-ն արդեն գերազանցել է 2023թ․ ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,881,967 հազար դրամ)։