Վերմիշյանի գործի եզրափակիչ փուլ. պաշտպանությունը ներկայացնում է հիմնավոր հակափաստարկներ առաջադրված մեղադրանքների դեմ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստ

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկան մեղադրյալներ Վահագն Վերմիշյանը, Ջոն Ֆարխոյանը, նրանց պաշտպաններ Երեմ Սարգսյանը, Մնացական Շահգալդյանը, մեղադրյալ Գագիկ Գալստյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Մեղադրյալ Ջոն Ֆարխոյանն իրեն առաջադրված մեղադրանքներից Վահագն Վերմիշյանին ծրարի մեջ գումար տալու դրվագի վերաբերյալ հայտնեց, որ քրեական գործում նման ապացույց չկա, ու իր համար զարմանալի են եղել դատախազի այդ հայտարարությունները։

«Իրականում, ես և Վահագն Վերմիշյանը վաղուցվա ընկերներ ենք, և եկեք իրականությունից չկտրվենք, ընկերն ընկերոջը չի կարող կաշառք տալ, համենայն դեպս, ես նման բան իմ կյանքում չեմ լսել։ Նույն դատախազ Աղաջանյանը խորհրդավոր վերլուծություն արեց, թե ինչով է պայմնավորված եղել Վահագն Վերմիշյանի ջանասիրությունը, որ փորձել ա ինձ օգնել, դա էլ բոլորի համար հասկանալի ա, որ այս կյանքում ավելի բարձր արժեքներ գոյություն ունեն, քան գումարն ա, դա մարդկային հարաբերություններն ա, ընկերական հարաբերությունները, ինչի համար ես շատ շնորհակալ եմ Վահագն Վերմիշյանին, որ իմ խնդրանքին համապատասխան փորձել ա ինչ-որ ձևով ինձ օգնել, իմ տղային օգնել»,-ասաց Ֆարխոյանը։

Նրա խոսքով՝ առաջին իսկ ցուցմունքում հայտնել է իր և Վերմիշյանի մտերիմ հարաբերությունների մասին, հերթական հանդիպման ժամանակ Վերմիշյանը 1500 դոլար է խնդրել որդուն ուսման վարձի համար փոխանցելու համար, ինքը եվրոյին համարժեք 2000 դոլար է փոխանցել։

«Ես իմացել եմ, Վահագն Վերմիշյանին իմ կարծիքը հայտնել եմ, զգուշացրել եմ, ասել եմ՝ զգույշ եղի, ինձ թվում ա՝ քեզ հետևում են, որովհետև սրճարանում նստած ժամանակ ես տեսել եմ, որ իրեն հետևում են, ու զգուշացրել եմ, դրանից հետո առնվազն պետք ա տկարամիտ լինեի, որ իմանալով, հասկանալով, որ Վերմիշյանին հետևում են, ես գնայի Ռամադա հյուրանոցի դիմաց մեքենայից դուրս գայի, քայլեի մուտքի մոտ, լուսավորության պայմաններում էդ տեսախցիկների ներքո ես նրան կաշառք տայի»,-նշեց նա։

Ջոն Ֆարխոյանը նշում է, որ այս դրվագի վերաբերյալ փորձել են հակասություն գտնել ու այդ ամեն ինչի վրա «փուչիկ կառուցել»։ Դատավոր Արմեն Հովհաննիսյանը վերջին արտահայտության վերաբերյալ հարցրեց՝ ինչ նպատակ է դա հետապնդել ու ինչու պետք է դա արվեր, Ֆարխոյանն ասաց՝ ինքը դրա վերաբերյալ ունի իր առանձին կարծիքը։

Մեղադրյալ Գագիկ Գալստյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը պաշտպանական ճառում պնդեց իրենց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Նա նշեց, որ հարցաքննությունների ընթացքում վարույթ իրականացնող մարմնի մոտ ևս առաջացավ այն կարծիքը, որ իրականում Գագիկ Գալստյանի Վերմիշյանին կարող էր գումարը տալ Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեռք բերման համար։

«Լավ, եթե կաշառք էր, տալիս էր, որ Վազգեն Պողոսյանը ստանա «Պատվավոր շինարարի» կոչում, Վերմիշյանն ինչի ա ասում չէ, չէ, չտաս, տենց բան չանես, ինձ պետք չի, այսինքն՝ ակնհայտորեն էդ տեսանյութի մեջ երևում ա, որ Գալստյան Գագիկը զոռով ա էդ գումարը տալիս, ու ասում ա դու մենակ չես, հո մենակ դու չես անելու, պիտի բոլորս էլ քարը քարի վրա դնենք (Iravaban.net` նկատի ունի Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեռք բերումը)»։

Պաշտպանի խոսքով՝ ցուցմունքներով վկաները հաստատել են, որ ներկա են եղել Գագիկ Գալստյանի ու Վահագն Վերմիշյանի խոսակցությանը, նշել՝ իրենք էլ են ցանկացել նման մեդալներ ձեռք բերելուն և նվիրաբերելուն մասնակցություն ունենալ։

Վերմիշյանին բետոն տրամադրելու վերաբերյալ դրվագի մասով նա նշեց, որ գաղտնալսումների մեջ կա Վահագն Վերմիշյանի ու Գագիկ Գալստյանի խոսակցությունը, որտեղ Վահագն Վերմիշյանն ասել է՝ պարտադիր գումարով պետք է դա տա, Գագիկ Գալստյանն ուղարկել է, Վերմիշյանը՝ գումարները փոխանցել։

«Պնդում ենք մեր ներկայացրած բողոքը, խնդրում ենք այն բավարարել»,-ամփոփեց իր խոսքը Ֆերոյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց՝ բետոն տրամադրելու դրվագով խոսակցությունից երևում է Գագիկ Գալստյանի դժգոհությունը, հարցրեց, եթե գումարով էր ինչու էր այդ դժգոհությունն առաջացել, պաշտպանն ասաց՝ ընկերությունն առհասարակ չի զբաղվել բետոնի վաճառքով, չեն հասցրել մյուսներին էլ տրամադրել, գումարային տեսանկյունից որևէ դժգոհություն չի եղել։

Մեղադրյալ Վազգեն Պողոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ իր գործերը Վերմիշյանի ստորագրությունից հետո Կառավարություն է գնացել սեպտեմբերի 17-ին, իրենց սկսել են լսել հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, ձերբակալել հաջորդ տարվա փետրվար ամսին․ «Ի՞նչ կաշառքի մասին կարող է խոսք լինել, ի՞նչ է, գործն անում են, հետո՞ են կաշառք տալիս, կաշառքը վերցնում են, հետո են գործ անում»։

Վահագն Վերմիշյանի պաշտպան Մնացական Շահգալդյանը պաշտպանական ճառում Նատալյա Չեռնիկովայի վերաբերյալ հայտնեց, որ նա ի սկզբանե մեծածավալ աշխատանքներ է կատարել, պնդեց՝ պատշաճ կարգով չի զննվել նրա համակարգիչը, որի մեջ եղել են աշխատանքների մի մեծ մասը։

«Մնացած առումներով լիովին համաձայն եմ Ֆարխոյանի և նրա պաշտպանի կողմից ներկայացված դիրքորոշումներին, գտնում եմ՝ դրանք առավել քան հիմնավոր են, ներկայացված անդորրագիրը պետք է ճանաչվի որպես ապացույց ու գնահատվի մյուս ապացույցների հետ։ Վազգեն Պողոսյանի և Գագիկ Գալստյանի հետ կապված դրվագներով դարձյալ համաձայն եմ պարոն Ֆերոյանի կողմից ներկայացված դիրքորոշումներին, և, իրականում, քրեական գործում եղած ապացույցներում առկա չէ որևէ ապացույց, որոնցով երևա, որ Վահագն Վերմիշյանը երբևէ Գագիկ Գալստյանին կամ Վազգեն Պողոսյանից կաշառք է պահանջել, առկա չեն ապացույցներ՝ այդ կաշառքն ինչի համար է պահանջել, ինչ նպատակով, ինչ արարք կատարելու համար»,-ասաց Վերմիշյանի պաշտպանը։

Խարդախության դրվագի վերաբերյալ պաշտպանը հայտնեց՝ դա խարդախություն չպետք է որակվեր, քանի որ Վերմիշյանի և Զոհրապ Հովհաննիսյանի միջև վստահությունը չարաշահելու դրսևորումներ չեն եղել, Հովհաննիսյանը ցուցմունքներով հայտնել է, որ իրեն տուժած չի համարում, այդ նախագծերի արժեքը 5000 դոլար է եղել, իրեն գումարը հարմար է եղել և համաձայնություն է տվել։

Վահագն Վերմիշյանն իր եզրափակիչ ելույթում մեկ անգամ ևս պնդեց՝ առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում։

Ջոն Ֆարխոյանի  կողմից գումար վերցնելու դրվագի վերաբերյալ Վերմիշյանը հայտնեց, որ այդ գումարը ընկերական հարաբերություններից ելնելով Ֆարխոյանը տվել է իրեն՝ տղայի համար վարձով տան բնակարանի գումարի վճարման համար․ «Ջոնի հետ մենք ընկերներ ենք մի տասնամյակից ավել ժամանակ, և ակնկալել, որ Ջոնը ինձ կարող ա ինչ-որ բանի համար կաշառք տա կամ իմ մտքով անցնի, տենց բան անհնար ա, դա աբսուրդ ա»։

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ 2019թ․ հոկտեմբերից մինչև 2020թ․ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նատալյա Չեռնիկովան պետական միջոցներից անհիմն ստացել է ընդհանուր 1 միլիոն 478 հազար 483 դրամ ընդհանուր գումարի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ փաստացի չկատարելով կոմիտեի գործառութային պարտականություններից բխող աշխատանքները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Վահագն Վերմիշյանը հայտնեց հետևյալը․ «Նատալյա Չեռնիկովան եղել է իմ լավագույն ուսանողուհիներից մեկը, երբ դասավանդում էի Ճարտարապետության ֆակուլտետում, գերազանցով ստացել ա իր դիպլոմը, և երբ իմացա՝ առողջական խնդիրների պատճառով կոնկրետ ուներ շատ լուրջ հիվանդություն, խորհուրդ էին տվել բժիշկները չոր կլիմայով ինչ-որ երկիր տեղափոխվել, քանի որ այն մասում, որտեղ ինքն ապրում էր, խոնավ էր։ Տեղափոխվել ա Հայաստան, տուն էին վարձել, բնակվում էին էստեղ»։

Նա հայտնեց, որ Չեռնիկովան 5 ծրագրերի է տիրապետել, բազմաթիվ նախագծերի հեղինակ է եղել, իր աշխատանքը մշտապես լավագույններից է եղել։

Ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու վերաբերյալ հայտնեց, որ իր դստեր առաջարկով բացել են ընկերություն, նույնիսկ լիցենզիա չեն ստացել դրա համար․ «Ինձ էս ընթացքում առաջարկություններ են եղել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում նախագծեր անել, ես հրաժարվել եմ, ուղղորդել եմ, այո, իմ լավ ընկերներներին։ Մի քանի շենքեր, որոնք ես պիտի նախագծեի, տվել եմ իրանք նախագծեն»։

Դուռ-լուսամուտների ձեռքբերման դրվագի վերաբերյալ Վերմիշյանը նշեց, որ Նատալյա Չեռնիկովան է այդ հարցով իրեն դիմել, խնդրել տրամադրել այդ գործող զբաղվող մեկի հեռախոսահամարը, Վերմիշյանը Գագիկ Գալստյանից է հետաքրքրվել, որն էլ փոխացնել է Մուշեղ անունով տղամարդու տվյալները։ Վերմիշյանը Նատալյա Չեռնիկովային նախապես ասել է՝ երբ պատրաստ լինի, իրեն տեղյակ պահի, որպեսզի շնորհակալություն հայտնի Մուշեղին։ Այս դրվագով ևս մեղադրանք է առաջադրվել, քանի որ պարզվել է՝ վերջինս Վազգեն Պողոսյանի փեսան է եղել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից երկուսի ամփոփումը ստորև ներկայացվում է (մյուս դրվագների ամփոփումները կներկայացվեն հաջորդիվ)։

  1. «Ռամադա» հյուրանոցում Ջոն Ֆարխոյանի կողմից Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տրամադրելու դրվագ.

Պաշտպանության կողմը հիմնավոր փաստարկներ ներկայացրեց այս դրվագով մեղադրանքի վերաբերյալ.

Երկարամյա ընկերություն.

Ջոն Ֆարխոյանը և Վահագն Վերմիշյանը ավելի քան տասնամյակ ընկերներ են եղել, ինչը հաստատվել է երկու կողմերի ցուցմունքներով:

Ընկերական օգնություն.

Ջոն Ֆարխոյանը պնդեց, որ գումարը տրամադրել է բացառապես ընկերոջը օգնելու նպատակով՝ Վահագն Վերմիշյանի որդու ուսումնառության ընթացքում բնակարանի վարձը վճարելու նպատակով:

Իրավական գնահատական.

Պաշտպանության կողմը շեշտեց, որ ընկերական հարաբերությունների շրջանակներում տրամադրված գումարը չի կարող որակվել որպես կաշառք: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, կաշառքը ենթադրում է պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու կամ չկատարելու համար նյութական արժեքների ստացում, ինչը տվյալ դեպքում բացակայում է (Iravaban.net` ՀՀ քրեական օրենսգրքի 435 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար»։)

 Վարքագիծ.

Ուշագրավ է, որ Ջոն Ֆարխոյանը զգուշացրել էր Վահագն Վերմիշյանին հնարավոր հետևման մասին: Պաշտպանությունը պնդեց, որ նման զգուշացումը հակասում է կաշառք տալու մտադրությանը և ընդգծում է նրանց միջև առկա վստահելի հարաբերությունները:

Գումարի չափ և հանգամանքներ.

Պաշտպանությունը նշեց, որ փոխանցված գումարի չափը (2000 դոլար) և դրա նպատակը (բնակարանի վարձ) համապատասխանում են ընկերական օգնության տրամաբանությանը և չեն կարող դիտարկվել որպես կաշառք:

Այլ փաստեր.

Այս դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում: Iravaban.net-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այն նկարագրել է որպես գործի «ամենազավեշտալի դրվագ»։  Մանրամասները հասանելի են Iravaban.net-ի  հրապարակման մեջ։

Եզրահանգում.

Այս փաստարկները ներկայացվեցին որպես հիմնավոր ապացույցներ, որ Ֆարխոյանի կողմից Վերմիշյանին տրված գումարը չի կարող որակվել որպես կաշառք: Պաշտպանական կողմը պնդեց, որ այս դրվագով մեղադրանքը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով ներկայացված փաստերը և իրավական վերլուծությունը:

  1. Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեռքբերման դրվագ.

Վահագն Վերմիշյանին առաջադրված յոթ մեղադրանքից մեկը վերաբերում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներին, որով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին։ Պաշտպանության կողմը հիմնավոր փաստարկներ ներկայացրեց մեղադրանքի վերաբերյալ.

Մեդալների ձեռքբերման նպատակ. Պաշտպանությունը պնդեց, որ Գագիկ Գալստյանը գումարը Վահագն Վերմիշյանին տվել է Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեռքբերման համար, ոչ թե որպես կաշառք: Նույնիսկ վարույթ իրականացնող մարմնի մոտ առաջացել է այս կարծիքը:

Վկաների հաստատում.

Ցուցմունքներով վկաները հաստատել են, որ ներկա են եղել Գագիկ Գալստյանի ու Վահագն Վերմիշյանի խոսակցությանը և նշել են, որ իրենք էլ են ցանկացել այդ մեդալներ ձեռք բերելուն և նվիրաբերելուն մասնակցություն ունենալ:

Մերժված առաջարկ.

Պաշտպանության կողմը նշեց, որ Վահագն Վերմիշյանը նույնիսկ մերժել է Գագիկ Գալստյանի առաջարկած գումարը Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեռքբերման համար՝ ասելով. «չէ, չէ, չտաս, տենց բան չանես, ինձ պետք չի»:

Ժամանակագրական անհամապատասխանություն.

Մեղադրյալ Վազգեն Պողոսյանը նշեց, որ իր պարգևատրման գործերը Վերմիշյանի ստորագրությունից հետո Կառավարություն են գնացել սեպտեմբերի 17-ին, իսկ գաղտնալսումները սկսվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ձերբակալությունը տեղի է ունեցել հաջորդ տարվա փետրվարին:

Իրավական գնահատական.

Մեդալների ձեռքբերման նպատակով տրված գումարը չի կարող որակվել որպես կաշառք: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, կաշառքը ենթադրում է պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու կամ չկատարելու համար նյութական արժեքների ստացում, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Այլ փաստեր.

Այս դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում: Iravaban.net-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն տեղեկացրել է, որ Վահագն  Վերմիշյանը 2019 թվականի օգոստոսին հրապարակայնորեն հայտարարել է Ջիմ Թորոսյանի հուշամեդալների վաճառքի մասին: Նա անձամբ ձեռք է բերել մեդալները 8000 ԱՄՆ դոլարով և հանձնել թանգարանին որպես նվիրատվություն: Հետաքրքրական է, որ թանգարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունը հաստատում է այս պատմությունը: Այնտեղ նշվում է, որ Վահագն Վերմիշյանը կանխել է մեդալների վաճառքը և անձամբ հանձնել դրանք թանգարանին: Սա հակասում է կաշառքի մեղադրանքին, քանի որ ցույց է տալիս գործողությունների բաց և բարեգործական բնույթը: Գագիկ Գալստյանի կողմից հետագայում տրված 5000 ԱՄՆ դոլարը, ըստ Վահագն Վերմիշյանի, նախատեսված էր թանգարանին նվիրաբերելու համար: Մանրամասները հասանելի են Iravaban.net-ի  հրապարակման մեջ։

Եզրահանգում.

Պաշտպանությունը պնդեց իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը: Պաշտպանական կողմից ներկայացված  փաստերը հարցականի տակ են դնում այս դրվագով դատախազության կողմից Վահագն Վերմիշյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքների հիմնավորվածությունը՝ միևնույն ժամանակ վկայելով Գագիկ Գալստյանի և Վահագն Վերմիշյանի միջև կայացած գործարքի օրինականությունը։ Այս ամենի հիման վրա այս դրվագով մեղադրանքը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով ներկայացված փաստերը և իրավական վերլուծությունը:

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգան դատախազ Ծովակ Մնացականյանն ու Վահագն Վերմիշյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Մարիամ Շահնազարյան

Այս լուսանկարներն արվել են նախորդ նիստերի ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել