«Վահագն Վերմիշյանն ասել է՝ Գագիկ, կնեղանամ, պետք չի»․ փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի բարի մղումները որպես կաշառք վերցնել են ներկայացվել
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներին, որով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին։
Վերմիշյանը իմացել, այնուհետև 2019 թվականի օգոստոս ամսին, շինարարների օրվա առթիվ կազմակերպված հավաքի ժամանակ Գագիկ Գալստյանին տեղեկացրել է, որ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հուշամեդալները վաճառվում են, ինքը պատրաստվում է գնել ու հանձնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին:
Գագիկ Գալստյանը պատասխանել է, որ նա և մյուս շինարարները նույնպես մասնակցություն կունենան դրանց ձեռքբերման հարցում: Հուշամեդալները ձեռք են բերվել, որի համար Վերմիշյանն անձամբ վճարել է 8000 ԱՄՆ դոլար, սակայն մեդալները վերցրել է այլ անձ, չի հիշում՝ թե ով: Մեդալները հանձնել է թանգարանին՝ տնօրենին խնդրելով ներկայացնել, որ անանուն նվիրատուի կողմից է տրված:
Թանգարանի ֆեյսբուքյան անհատական էջի զննությամբ հիմնավորվել է, որ կայքէջում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ «Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանին հանձնեց հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ /1971-1981/, պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի շքանշաններն ու մեդալները, որոնք պատահականության սկզբունքով հայտնվել էին վաճառքի: Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի և իր ընկերների ջանքերով դա կանխվել է և թվով 11 գրքույկ, 10 մեդալ և 2 անցաթուղթ հանձնվել են ի պահ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին՝ հանձինս թանգարանի գլխավոր ֆոնդապահ Լարիսա Մարգարյանին: Թանգարանի տնօրինությունն ու աշխատակազմը շնորհակալություն են հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Վահագն Վերմիշյանին՝ Ջիմ Թորոսյանի ֆոնդը նոր արխիվային նյութերով համալրելու համար»:
2019 թվականի հոկտեմբեր ամսին իր աշխատասենյակ է եկել Գագիկ Գալստյանը և տեղեկացված լինելով հուշամեդալների ձեռք բերման մասին՝ տվել է 5000 ԱՄՆ դոլար՝ հայտնելով, որ միայն Վերմիշյանը չպետք է միայնակ այդ ծախսը կատարի: Կոմիտեի ղեկավարը չի ցանկացել վերցնել գումարը, քանի որ ֆինանսապես ապահովված է եղել, սակայն Գագիկ Գալստյանին չվիրավորելու համար վերցրել է և խոստացել գումարը նվիրաբերել թանգարանի ֆոնդին: Մեղադրական կողմից նշված մեդալների գնմանը «մասնակցություն ունենալու ցանկությունը» կաշառք է որակվել` Վագեն Պողոսյանի և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար: