ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն կարգապահական հանձնաժողովի կազմում իրավաբան գիտնականի ընտրության վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Այս մասին iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«1. Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի թիվ 44-Լ հրամանով հաստատված հավելվածի 3-րդ կետի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովի) կազմում իրավաբան գիտնականի ընտրության համար հայտարարվում է մրցույթ:
- Հանձնաժողովի կազմում երեք տարի ժամկետով որպես իրավաբան գիտնական կարող է ընդգրկվել այն անձը, ով ունի առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- Դիմումատուները պետք է ներկայացնեն՝
1) դիմում ուղղված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ ըստ Ձև 1-ի,
2) անձը հաստատող փաստաթուղթ,
3) ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձառությունը (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք) կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում իրավաբանական որևէ առարկա դասավանդած լինելը հավաստող փաստաթղթեր ,
4) գիտական աստիճանը հիմնավորող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների, տպագրված հոդվածների ցանկը,
6) հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին:
- Նշված պահանջներին չբավարարող դիմում ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնողը դրա մասին պատշաճ ձևով ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է մեկ աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված դիմումին ընթացք չի տրվում:
- Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով: Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև սույն կարգով սահմանված դիմումների ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն: Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմումատուն ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
- Փաստաթղթերն առձեռն ներկայացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա հասցեով, ս․ թ․ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 09-ը ժամը 18։00-ն՝ ներառյալ, փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև սույն կարգով սահմանված հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը՝ ժամը 24:00-ն:
- Արդյունքներն ամփոփելուց հետո, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մրցույթում հաղթող ճանաչված իրավաբան գիտնականին ներգրավում է հանձնաժողովի կազմում և մեկօրյա ժամկետում մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
- Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն 011 900 026 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. Հասցեով»:
Լուսանկարը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի էջից։