Հայտնաբերվել է լաբորատորիա, ապօրինի շրջանառությունից հանվել 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում, պատրաստում և իրացնում է թմրամիջոց: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, և օգոստոսի 20-ին` ժամը 19.30-ին, իր բնակության վայրի մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին լուսային հատուկ սարքավորումներ, օդափոխության համակարգեր, օդի ջերմաստիճանի կարգավորիչներ ու ցուցիչներ, էլեկտրական կշեռքներ, զիպ փականով տոպրակներ, նաև` կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող ընդհանուր վեց կիլոգրամ 320 գրամ զանգված:

Բացահայտման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է շուրջ 127 միլիոն դրամի թմրանյութ:
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել