ԿԿՀ-ն ԲՀԿ-ին նվիրատվություն կատարելու համար «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տնօրենի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 28-ի որոշմամբ տուգանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերությունից նվիրատվություն ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում այն չի փոխանցել պետական բյուջե։

Սեպտեմբերի 11-ին ԿԿՀ-ն հրապարակել է նոր որոշում։ Հանձնաժողովը՝ քննելով «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության գլխավոր տնօրեն Արման Դավթյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը՝

Պարզել է

Նշված ընկերությունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կատարվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված չթույլատրված՝ իրավաբանական անձի անունից կուսակցությանը 792,786 ՀՀ դրամի չափով կատարված բնեղեն նվիրատվություն:

Վերոնշյալ խախտման հայտնաբերմամբ պայմանավորված՝ Հանձնաժողովը 2024 թվականի օգոստոսի 6-ի գրությամբ Արման Դավթյանին է ուղարկել ծանուցում՝ իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելու զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման վերաբերյալ՝ հրավիրելով վերջինիս hանձնաժողով՝ ծանուցումը ստանալուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը՝ ժամը 11:00-ին՝ մասնակցելու oրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուն, իսկ օգոստոսի 13-ին՝ ժամը 11:30-ին՝ առերևույթ իրավախախտման հիմքով կազմված արձանագրության և վերաբերելի նյութերի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու: Արման Դավթյանի կողմից նշված գրությունը ստացվել է 2024 թվականի օգոստոսի 8-ին:

Օգոստոսի 15-ին պատշաճ ծանուցված Արման Դավթյանի բացակայությամբ կազմվել է արձանագրությունը՝ oրենսգրքով նախատեսված իրավախախտման հատկանիշներով: Օգոստոսի 28-ին Արման Դավթյանի բացակայությամբ անցկացվել է հանձնաժողովի նիստ:

Հաշվի առնելով, որ օգոստոսի 28-ի դրությամբ Արման Դավթյանը պատշաճ ծանուցված չի եղել  գործի քննության օրվա և ժամի մասին, հանձնաժողովն այդ օրը կայացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ մինչև կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալը:

Գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված Արման Դավթյանի բացակայությամբ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:40-ին տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն:

Վարույթի շրջանակներում վարույթի մասնակցի կողմից դիրքորոշում և պարզաբանումներ չեն  ներկայացվել:

2022 թվականի ընթացքում «Երևանի կոնյակի գինու օղու կոմբինատ» ընկերության անունից կուսակցությանը կատարվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի տեսքով բնեղեն նվիրատվություն՝ 792,786 ՀՀ դրամի չափով (չթույլատրված նվիրատվություն):

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային միասնական գրանցամատյանում առկա տվյալների համաձայն՝ Արման  Դավթյանը հաշվետու ժամանակահատվածում (04.12.2020թ.-ից առ այսօր) հանդիսացել է ընկերության գլխավոր տնօրեն:

Նշենք, որ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նվիրատվություններ չեն թույլատրվում ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից:

Օրենսգրքի 189.21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով։

Հանձնաժողովը որոշել է

Ընկերության անունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նվիրատվություն կատարելու համար ընկերության գլխավոր տնօրեն Արման Դավթյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ նվիրատվության գումարի՝ 792,786 ՀՀ դրամի չափով։

Որոշումն ուժի մեջ է մտնում Արման Դավթյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Մարիամ Անտոնյան

Արման Դավթյանի լուսանկարը վերցվել է վերջինիս Facebook-ի էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել