ԿԿՀ-ն տուգանել է ԲՀԿ նախագահին «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲԸ-ից չթույլատրված նվիրատվությունը պետական բյուջե չփոխանցելու համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 28-ի որոշմամբ տուգանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերությունից նվիրատվություն ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում այն չի փոխանցել պետական բյուջե։ Հանձնաժողովի կողմից կուսակցությանը գրություն է ուղարկվել, որով հանձնաժողովը խնդրել է կուսակցության 2022 թվականի տարեկան հաշվետվության ստուգման նպատակով հնգօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել բոլոր բանկային հաշիվների (բացառությամբ նախընտրական հիմնադրամների) վերաբերյալ տեղեկությունները, բանկային հաշիվների վերաբերյալ մուտքերի և ելքերի վերաբերյալ քաղվածքները, մի քանի այլ պայմանագրեր և փաստաթղթեր։

2024 թվականի մարտի 22-ին կուսակցության կողմից ներկայացվել է պահանջվող տեղեկատվությունը։ Միաժամանակ, կուսակցությունից հայտնել են, որ տարեկան հաշվետվության աուդիտորական եզրակացության, ինչպես նաև «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթով հայտնաբերված անհամապատասխանությունների և խախտումների առնչությամբ անհամաձայնություն առկա չէ:

Նշվում է, որ կուսակցությունը 2022 թվականի ընթացքում «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու» ԲԲ ընկերությունից ստացել է բնեղենով նվիրատվություն, որն ըստ կուսակցության հաշվարկի կազմել է 1 679 230 դրամ, սակայն աուդիտորական կազմակերպության կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում այն կազմել է 792 786  դրամ: 

ԿԿՀ-ի ստուգմամբ պարզվել է, որ տարեկան հաշվետվության աղյուսակում լրացվել են «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերությանը պատկանող հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կուսակցությանը հանձնելու վերաբերյալ տեղեկություններ, ինչպիսի նվիրատվությունը  չի թույլատրվում: Որոնման արդյունքում պարզ է դարձել նաև, որ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 14,763,359,807 դրամ, մինչդեռ կուսակցության կողմից դրա արժեքը նշվել է 14,777,703,882 դրամ, ինչը գերազանցում է վերը նշված արժեքին 14,344,075 դրամով, որն էլ իր հերթին կարող է հանդիսանալ ներկայացված հաշվարկված ոչ դրամային մուտքերի տարբերության պատճառ:

Կուսակցության տարեկան հաշվետվությամբ ներկայացված տվյալներով, ինչպես նաև բանկային հաշիվների քաղվածքներով առկա չեն «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերությունից ստացված բնեղենով նվիրատվությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պետական բյուջե փոխանցած լինելու վերաբերյալ տեղեկություններ:

Վերոնշյալ իրավախախտման հայտնաբերմամբ պայմանավորված՝ հանձնաժողովը 2024 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին ուղարկել է ծանուցում՝ օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու զանցանքի հատկանիշներով առերևույթ իրավախախտման վերաբերյալ՝ հրավիրելով վերջինիս հանձնաժողով՝ 2024 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 14:30-ին՝ մասնակցելու վարչական իրավախախտման հատկանիշներով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուն, իսկ 2024 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 15:30-ին՝ առերևույթ իրավախախտման հիմքով կազմված արձանագրության և վերաբերելի նյութերի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու: Գագիկ Ծառուկյանի կողմից նշված գրությունը ստացվել է 2024 թվականի հուլիսի 8-ին:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու վայրի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ծառուկյանը չի ներկայացել հանձնաժողով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը, ինչպես նաև մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու համար:

Հուլիսի 9-ին պատշաճ ծանուցված Գագիկ Ծառուկյանի բացակայությամբ կազմվել է արձանագրություն՝ օրենսգրքի  իրավախախտման հատկանիշներով: Հիմք ընդունելով Ծառուկյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանի կողմի հուլիսի 16-ին հանձնաժողով մուտքագրված գրությամբ ներկայացված միջնորդությունը՝ հանձնաժողովը նշանակված գործի քննությունը հետաձգել է և նշանակել օգոստոսի 14-ին՝ ժամը 14:30-ին, և  ծանուցել վարույթի մասնակցին վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին:

Այնուհետև գործի քննությունը կրկին նույն պատճառով հետաձգվել է և նշանակվել օգոստոսի 28-ին՝ ժամը 15:00-ին։

Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանի ներկայությամբ օգոստոսի 28-ին՝ ժամը 15:00-ին, տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն: 

Մինասյանը հայտնել է, որ «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերության կողմից կուսակցությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու արդյունքում կուսակցությանը 792,786 դրամի չափով չթույլատրված բնեղենով նվիրատվությունը, օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե չփոխանցելու արարքը կատարվել է տեղյակ չլինելու պատճառով: Միաժամանակ նշել է, որ հետագայում՝ 2023 թվականից, կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: 

Հանձնաժողովն ուսումնասիրել է գործում առկա նյութերը, կուսակցության տարեկան հաշվետվությամբ ներկայացված տվյալները՝ համադրելով դրանք կուսակցության բանկային հաշիվների քաղվածքների հետ և հաշվի առնելով Աուդիտորական եզրակացությամբ հայտնաբերված առերևույթ խախտումները՝ կատարել հանգամանքների ուսումնասիրություն, որի արդյունքում հաստատված է համարում։

Այսպիսով, 2022 թվականի ընթացքում կուսակցության պաշտոնատար անձ Գագիկ Ծառուկյանի կողմից չի պահպանվել պահանջը, այն է՝ կուսակցությունը «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերությունից չթույլատրված նվիրատվություն ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, այն չի փոխանցել պետական բյուջե: Հաշվարկված (վերահաշվարկված) բնեղենով նվիրատվության չափով գումարը կուսակցության կողմից պետական բյուջե չի փոխանցվել, որը հավաստվում է տարեկան հաշվետվությամբ ներկայացված տվյալներով և կուսակցության բանկային հաշիվների քաղվածքներով:

Տարեկան հաշվետվության «2.5 Անշարժ գույքը շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքեր» աղյուսակում լրացվել են «Երևանի Արարատ ԿԳՕ» ԲԲ ընկերությանը պատկանող  արտադրական նշանակության անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով Կուսակցությանը հանձնելու վերաբերյալ տեղեկություններ, ինչպիսի նվիրատվությունը չի թույլատրվում:

Կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցության նախագահը տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները։

Հանձնաժողովը որոշել է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից օրենքով չթույլատրված նվիրատվությանը համարժեք գումարն օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե չփոխանցելու համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100,000 դրամի չափով։

Բացի այդ, կուսակցության կողմից ստացված չթույլատրված նվիրատվությանը համարժեք՝ 792,786 դրամի չափով գումարը պետք է փոխանցվի պետական բյուջե: 

Որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Ծառուկյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից:

Որոշումը կարող է բողոքարկվել:

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել