«Ներկայացված հայցագինն ուռճացված է»․ Առուշ Առուշանյանի գործով փաստաբանը՝ դատախազին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, շարունակվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին քննարկվեց հայցի ապահովման համար կիրառված միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Նախագահող դատավորը հայտնեց, որ օգոստոսի 27-ին հայցվոր կողմից դատարան էր ներկայացվել գրավոր միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու և կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին։ Միջնորդություններից քննվել է միայն առաջինը, իսկ ձևափոխման պահանջով հրավիրվել է այս դատական նիստը։

Միջնորդության վերաբերյալ դատախազը նշեց, որ հայցադիմումի մեջ ներկայացվել է դրամական պահանջ՝ 627 միլիոն 726 հազար 13 դրամի չափով։

Հաշվի առնելով դրամական պահանջի չափի փոփոխման և բացառություն կազմող գույքերի ցանկից «Գոռ մետալ» ՍՊԸ-ի դուրս գալու հանգամանքը, խնդրեց կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխել, Առուշ Առուշանյանին պատկանող գույքերի վրա արգելանք դնել 627 միլիոն 726 հազար 13 դրամի չափով՝ բացառությամբ Գորիս քաղաքի նշված բնակելի տան, Վերիշեն գյուղի նշված արտադրամասի և նույն գյուղի հողամասի։

Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ առարկությամբ նշել է՝ Սահմանադրական դատարանն այս հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի։

«Քանի որ հայցի ապահովման միջոց կիրառելու դեպքում այդ միջոցը կիրառելու անհրաժեշտությունը և դրա հիմքի առկայության հանգամանքները պետք է հստակ հիմնավորվեն դատարանի որոշմամբ, ապա արձանագրում ենք, որ անհրաժեշտություն և նման հիմքերի առկայությունը բացակայում են, հետևաբար հայցի ապահովման միջոց չի կարող կիրառվել»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնավոր իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ապահովման հայցի տեսակն ու առարկան, ներկայցված հայցի ապահովման եղանակը, թե որքանով է այն պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառման համար։

Փաստաբանի խոսքով՝ հայցվորի կողմից չի հիմնավորվել, թե ինչքանով է պիտանի և անհրաժեշտ ներկայացված հայցի ապահովման միջոցի կիրառումը, արդյո՞ք առկա է ողջամիտ հարաբերակցություն հայցագնի և ձեռնարկված հայցի ապահովման ծավալի միջև․ «Մեր գնահատմամբ, ներկայացված միջնորդությամբ խախտվել է համաչափության և չափավորության սկզբունքը, պատասխանողն իր գործողությունները երբեք կասկածի տակ չի դրել։ Անհասկանալի է հայցվորի կողմից հայցի ապահովման միջոց պահանջելը ոչ միայն պատասխանողի գույքի, այլև ընդհանրապես սույն գործի մասնակից չհանդիսացող ներկայումս արդեն որպես երրորդ անձը, որի 100% բաժնեմասը ճանաչվել է օրինական։ Գտնում ենք, որ հայցվորը դուրս է եկել հայցի ապահովման միջոցի կիրառման ՀՀ ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված պարզաբանումների շրջանակից և չարաշահում է հայցի ապահովումը՝ որպես իրավական մեխանիզմ»։

Պատասխանողի ներկայացուցիչը նշում է, որ չի հիմնավորվել, թե հաշվարկն ինչպես է ներկայացվել, և այդ դեպքում էլ հայցագինն «ուռճացվել» է։ Խնդրեց մերժել դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը։

Դատախազն ի պատասխան փաստաբանի արտահայտած դիրքորոշման՝ հարցրեց, թե «համաչափության սկզբունքի խախտում» արտահայտությունն ինչպե՞ս է դրսևորվում այս միջնորդության մեջ, Մարտիրոսյանն ասաց՝ Առուշանյանի գույքերի նկատմամբ արգելանք է դրվել՝ բացառությամբ աշխատավարձի, «Գոռ մետալ» ՍՊԸ-ն մի կողմից դիտարկվում է օրինական, մյուս կողմից նշվում է, որ այն ևս ենթակա է բռնագանձման։  Ըստ այդմ, նա ասաց, որ գույքերի վերաբերյալ բալանսը պահպանված չէ․

«Ընկերության բալանսը դատախազությանը հայտնի է, թե ինչքան գույք կա, 627 հազարը ծածկում է, թե չի ծածկում, եթե 627 միլիոն դրամը ծածկում է, ապա ինչու է անհրաժեշտություն առաջացել նաև Առուշ Առուշանյանի մյուս գույքերի նկատմամբ արգելանք դնել, այս սկզբունքների վերաբերյալ դատախազությունը որևէ հիմնավորում չի ներկայացրել»:

Դատախազը «Գոռ մետալ» ընկերության մասին ասաց․ «Քաղաքացիական օրենսգիրքը բաժնեմասերը հստակ դասում է շարժական գույքերի ցանկին, հայցի ապահովման միջոցը վերաբերում է նոր չափով հայցապահանջին, այսինքն՝ 300 և ավելի միլիոնը փոխարինվել է 627 միլիոն դրամով, և այս առումով իրավաչափ է, որ դատախազությունը ներկայացնում է ապահովման նոր միջնորդություն, որովհետև գումարի չափի փոփոխություն է տեղի ունեցել»։

Նա նշեց, որ եթե Հարկադիր կատարման ծառայությունը հայցի ապահովման միջնորդությունը բավարարի, 627 միլիոնի չափով արգելանք դնելիս պիտի հաշվի առնի, որ Առուշ Առուշանյանին պատկանում է նաև նշված շարժական գույքը՝ «Գոռ մետալ» ընկերության 100% բաժնեմասը։

«Ուռճացված» արտահայտության վերաբերյալ դատախազն ասաց՝ պետք է ձեռնպահ մնալ նման որակումներ տալուց․ «Բնական է, ներկայացուցիչները ներկայացնում են պատասխանողի շահերը, բայց դա չի նշանակում, որ պահանջի վերաբերյալ պիտի նման որակումներ հնչեցնեք դատարանում»։

Հաբեթ Մարտիրոսյանն այդ պահին ընդհատեց դատախազին՝ ասելով, որ պետք է երկուստեք հաշվի առնվեն ներկայացված կարծիքները, ու իրենց գնահատմամբ հայցագինն ուռճացված է։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո նախագահող դատավորը հայտնեց՝ դրա վերաբերյալ առանձին դատական ակտի ձևով որոշում կկայացվի և վաղը կուղարկվի կողմերին։

 

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել