«Եթե երիտասարդ կին ես, աշխատում ես համակարգում, թյուր կարծիք է լինում, որ թույլ ես, տղամարդիկ կարող են ճիշտ ուղղություն ցույց տալ»․ ավագ քննիչ Գոհար Ադոնց

«Մասնագիտության ընտրության հարցում մեծ դերակատարում են ունեցել իմ ընտանիքի անդամները, այսպես ասած, գենով իրավաբանի ջիղը եղել է, պապիկս երկար տարիներ համակարգում է աշխատել, մեծացել եմ իրավաբանների ընտանիքում»-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոհար Ադոնցը։

-Կա՞ն առանձնահատուկ դժվարություններ, որոնց բախվում են կին քննիչները՝ համեմատած տղամարդ գործընկերների հետ։

-Առանձնահատուկ դժվարություններ չեմ կարող նշել։ Այս մասնագիտությունն ու աշխատանքն ինքն իրենով արդեն դժվար է՝ անկախ նրանից՝ դու կի՞ն ես, թե՞ տղամարդ։ Իհարկե, կնոջ տեսանկյունից որոշակի դժվարություններ կան, պետք է կարողանաս համատեղել ընտանիքի, կանացի գործերի հետ, նաև ինչ-որ առումով դժվար է այս բարդ մասնագիտության մեջ լինել ուժեղ քննիչ և չկորցնել կանացիությունը։

Մեր հասարակությունում կա կարծրատիպ, որ այս աշխատանքը կնոջ համար չէ, նման խոսակցություններ լսե՞լ եք, ինչպե՞ս եք արձագանքել։

-Բնականաբար, կան նման խոսակցություններ․ ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտություն, այդ թվում նաև իրավաբանությունը, սեռով պայմանավորելը ճիշտ չէ։ Երբևէ այդ խոսակցությունները ինձ կաշկանդող չեն եղել։ Եթե երիտասարդ կին ես, որ աշխատանքի է անցնում այս համակարգում, միշտ թյուր կարծիք է լինում, որ թույլ ես, որ տղամարդիկ կարող են ճիշտ ուղղություն ցույց տալ։ Այդ կարծիքները ընդհանրապես կաշկանդող չեն եղել։ Ընդհակառակը, ավելի ամրապնդել են նպատակը՝ ցույց տալու աշխատանքով, որ մասնագիտության ընտրության հարցում ոչ թե սեռը, այլ գիտելիք ու աշխատասիրությունն են կարևոր։

Ձեր պրակտիկայից ելնելով, նաև Ձեր ընկալումներով՝ ովքե՞ր են ավելի հաճախ ստում՝ կանայք թե՞ տղամարդիկ։

-Դա պայմանավորված է մարդու տեսակով, և ես նկատել եմ, որ մարդիկ ստում են վախի զգացողությունից ելնելով։ Ստում են, երբ վախենում են, որ իրականությունը կբացահայտվի, երբ վախենում են, որ իրենց պատմած իրականությամբ ինչ-որ մեկին կվնասեն։ Չեմ կարծում, եր սեռով պայմանավորված է, ե և չեմ կարող առանձնացնել՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են ավելի հաճախ ստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել