Արմեն Աշոտյանի գործը՝ Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկայի հայելի

Նախաբան

Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործը վառ օրինակ է դարձել Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկայի հետ կապված համակարգային խնդիրների: Այս վերլուծական հոդվածը ներկայացնում է գործի զարգացումը երեք փուլերով՝ բացահայտելով կալանքի կիրառման հետ կապված հիմնախնդիրները: Iravaban.net-ի լրագրողները ուսումնասիրել են պաշտպանների կողմից ներկայացված երեք բողոքները և վերլուծել դրանց բովանդակությունը:

Ներկայացված բողոքները

Առաջին բողոքը.

  • անվանումը՝ հատուկ վերանայման բողոք,
  • ներկայացման ամսաթիվը՝ 2024թ. հունվարի 29,
  • դատարանը՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
  • վիճարկվող որոշումը՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. հունվարի 8-ի որոշում,
  • պաշտպանները՝ Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան, Հաբեթ Մարտիրոսյան,

Երկրորդ բողոքը.

  • անվանումը՝ հատուկ վերանայման բողոք,
  • ներկայացման ամսաթիվը՝ 2024թ. մարտի 19,
  • դատարանը՝ ՀՀ վճռաբեկ դատարան,
  • վիճարկվող որոշումը՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. փետրվարի 26-ի որոշում,
  • պաշտպանները՝ Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան, Հաբեթ Մարտիրոսյան,

Երրորդ բողոքը.

  • Անվանումը՝ հատուկ վերանայման բողոք,
  • ներկայացման ամսաթիվը՝ 2024թ. ապրիլի 25,
  • դատարանը՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
  • վիճարկվող որոշումը՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. ապրիլի 11-ի որոշում,
  • պաշտպանները՝ Ռուբեն Մելիքյան, Հաբեթ Մարտիրոսյան։
  1. Առաջին փուլ (2023թ. հունիս – 2024թ. հունվար)

Գործի նախապատմությունը.

  • ձերբակալություն՝ 2023թ. հունիսի 15,
  • քրեական հեդապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,
  • դատարանի որոշմամբ կալանքի կիրառում՝ 2023թ. հունիսի 16,

Պաշտպանության հիմնական փաստարկները.

  • դատավարական ակտի հիմնավորվածության խախտում,
  • կալանքի իրավաչափության պայմանների վերանայման անհրաժեշտություն,
  • վարույթին խոչընդոտելու ռիսկերի սխալ գնահատում,
  • կալանքի տևողության անտեսում,
  • այլընտրանքային խափանման միջոցների անտեսում,
  • կալանքի առավելագույն ժամկետի խախտում,

Վերլուծություն.

  • Վերաքննիչ դատարանի նախկին որոշումների ազդեցությունը. պաշտպանները պնդում են, որ Վերաքննիչ դատարանի 28.09.2023թ. և 16.11.2023թ. որոշումները պետք է հանգեցնեին Աշոտյանի՝ վարույթին խոչընդոտելու ռիսկի վերագնահատման:
  • կալանքի տևողության հաշվառում. հղում է արվում ՄԻԵԴ նախադեպային իրավունքին (Կլոոթն ընդդեմ Բելգիայի, 12.12.1991թ.), որտեղ նշվում է, որ վկաների վրա ներազդելու ռիսկը ժամանակի ընթացքում սովորաբար նվազում է:
  • այլընտրանքային խափանման միջոցների անտեսում. պաշտպանները վկայակոչում են ՄԻԵԴ-ի Դոլգովան ընդդեմ Ռուսաստանի (02.03.2006թ.) և Պուռակն ընդդեմ Լեհաստանի (12.02.2008թ.) գործերը,
  • կալանքի հիմքերի վերանայման անհրաժեշտություն. հղում է արվում Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի (22.02.2022թ.) գործին:
  1. Երկրորդ փուլ (2024թ. հունվար – 2024թ. փետրվար)

Գործի զարգացումը.

2024թ. հունվարի 8-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Աշոտյանի կալանքի ժամկետը մինչև 2024թ. ապրիլի 15-ը: 2024թ. հունվարի 29-ին Աշոտյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

Պաշտպանության նոր փաստարկները.

  • վարույթին խոչընդոտելու փաստի բացակայություն. պաշտպանները պնդում են, որ գործի նյութերում չկա որևէ փաստ, որը կվկայեր Աշոտյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին։
  • երաշխավորության ինստիտուտի էության անտեսում. հղում է արվում դոկտրինալ գրականությանը և դասագրքերին, որտեղ շեշտվում է, որ երաշխավորության բուն էությունը և միակ գործիքը երաշխավորի հեղինակությունն է,շ։
  • տնային կալանքի մերժման անհիմն լինելը. պաշտպանները վկայակոչում են ՔԴՕ 123-րդ հոդվածը:
  1. Երրորդ փուլ (2024թ. փետրվար – 2024թ. ապրիլ)

Գործի հետագա զարգացումը.

2024թ. փետրվարի 26-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի 2024թ. հունվարի 8-ի որոշումը: 2024թ. մարտի 19-ին Աշոտյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: 2024թ. ապրիլի 11-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը կրկին երկարաձգել է Աշոտյանի կալանքի ժամկետը, այս անգամ՝ մինչև 2024թ. հուլիսի 15-ը: 2024թ. ապրիլի 25-ին պաշտպանները նոր բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

Պաշտպանության նոր փաստարկները.

  • ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում. դատարանը չի վերացրել Հակակոռուպցիոն դատարանի որոշման այն հատվածը, որը հակասում է ՄԻԵԴ նախադեպային իրավունքին:
  • կալանքի հիմքերի վերանայման անհրաժեշտություն. դատարանը նորովի չի գնահատել քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը:
  • կալանքի ժամկետի հաշվարկման սխալ մեկնաբանություն. դատարանը չի հիմնավորել ՔԴՕ 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կալանքի եռամսյա ժամկետի հաշվարկման մեթոդը:

Ընդհանուր եզրակացություններ.

  • դատավարական ակտերի հիմնավորվածության խնդիր. դատարանները պատշաճ կերպով չեն անդրադառնում պաշտպանության կողմի էական փաստարկներին,
  • ՄԻԵԴ նախադեպային իրավունքի անտեսում. Հայաստանի դատարանները հաճախ անտեսում են ՄԻԵԴ-ի կողմից սահմանված չափանիշները:
  • այլընտրանքային խափանման միջոցների ոչ պատշաճ քննարկում. դատարանները բավարար ուշադրություն չեն դարձնում այլընտրանքային խափանման միջոցներին:
  • կալանքի հիմքերի վերանայման անհրաժեշտության անտեսում. դատարանները հաճախ չեն վերանայում կալանքի հիմքերը՝ հաշվի առնելով գործի զարգացումները:
  • կալանքի ժամկետների հաշվարկման խնդիրներ. առկա են տարակարծություններ կալանքի ժամկետների հաշվարկման հարցում:

Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործը բացահայտում է Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկայի հետ կապված համակարգային խնդիրներ: Մասնավորապես, առկա է միտում չափազանց հեշտությամբ երկարաձգել կալանքի ժամկետները՝ առանց պատշաճ հիմնավորման և այլընտրանքային միջոցների լիարժեք քննարկման: Այս պրակտիկան հակասում է ՄԻԵԴ-ի կողմից սահմանված չափանիշներին և կարող է հանգեցնել Հայաստանի դեմ նոր գանգատների:

Օրենսդրական բարելավման առաջարկություններ

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները, սույն վերլուծության հիման վրա առաջարկվում են հետևյալ օրենսդրական փոփոխությունները.

1․ Կալանքի այլընտրանքային միջոցների քննարկման պարտադիր դարձնելը.

  • առաջարկ. լրացնել ՔԴՕ 116-րդ հոդվածը՝ սահմանելով դատարանների պարտականությունը հիմնավորել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը,
  • հիմնավորում. այս փոփոխությունը կնպաստի կալանքի՝ որպես բացառիկ միջոցի կիրառման սկզբունքի ամրապնդմանը և կխթանի այլընտրանքային միջոցների ավելի հաճախակի կիրառումը:

2․ Կալանքի հիմքերի վերանայման չափանիշների հստակեցում և ընթացակարգի կանոնակարգում.

  • առաջարկ. լրացնել ՔԴՕ 118-րդ հոդվածը՝ սահմանելով կալանքի հիմքերի վերանայման ժամանակ դատարանի կողմից պարտադիր քննարկման ենթակա հարցերի ցանկ, ներառյալ՝ 
  • գործի քննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքները,
  • մեղադրյալի վարքագիծը կալանքի ընթացքում,
  • այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
  • հիմնավորում. այս փոփոխությունը կնպաստի վերանայման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և կապահովի կալանքի հիմքերի պարբերական և հիմնավոր վերանայումը:

3․ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի պարտադիր կիրառման ընդլայնում. 

  • առաջարկ. լրացնել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ սահմանելով, որ «Արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում և կիրառվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:»,
  • հիմնավորում. այս փոփոխությունը կնպաստի ՄԻԵԴ-ի չափանիշների ավելի լայն կիրառմանը և կբարելավի Հայաստանի դատական պրակտիկայի համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

4․ Կալանքի ժամկետների հաշվարկման մեթոդաբանության հստակեցում. 

  • առաջարկ. լրացնել ՔԴՕ 119-րդ հոդվածը՝ հստակ սահմանելով կալանքի ժամկետների հաշվարկման մեթոդաբանությունը, մասնավորապես՝ կալանքի ընդհանուր տևողության հաշվարկման կարգը և առավելագույն ժամկետները տարբեր փուլերում:
  • հիմնավորում. այս փոփոխությունը կնվազեցնի տարակարծությունները կալանքի ժամկետների հաշվարկման հարցում և կապահովի իրավական որոշակիություն:

5․ Կալանքի որոշումների հիմնավորվածության և մրցակցայնության ապահովում.

  • առաջարկ. լրացնել ՔԴՕ 288-րդ հոդվածը՝ ավելացնելով նոր մաս, որը կսահմանի դատարանի պարտականությունը քննել և որոշման մեջ անդրադառնալ պաշտպանության կողմի էական փաստարկներին խափանման միջոցների կիրառման կամ երկարաձգման հարցերը քննելիս: Միաժամանակ, սահմանել չափանիշներ, թե որ փաստարկները պետք է համարվեն էական,
  • հիմնավորում. այս փոփոխությունը կապահովի պաշտպանության կողմի փաստարկների պատշաճ քննությունը դատարանի կողմից, կբարձրացնի դատական ակտերի որակը և կնպաստի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը: Այն կընդլայնի դատական երաշխիքները՝ ապահովելով մրցակցային դատավարության սկզբունքի իրացումը խափանման միջոցների կիրառման գործընթացում:

Այս առաջարկությունները միտված են բարելավելու Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Դրանք պահանջում են մանրակրկիտ քննարկում և մշակում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը, դատական պրակտիկան և միջազգային փորձը:

Գործնական բարելավման առաջարկներ

Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ, անհրաժեշտ են նաև գործնական մակարդակում բարելավումներ: Ստորև ներկայացված են առաջարկներ, որոնք կարող են նպաստել կալանքի կիրառման պրակտիկայի բարելավմանը.

1․ Դատական համակարգի կարողությունների զարգացում. 

      • դատավորների և դատախազների համար ՄԻԵԴ նախադեպային իրավունքի և կալանքի կիրառման միջազգային չափանիշների վերաբերյալ պարբերական վերապատրաստումների կազմակերպում,
      • այլընտրանքային խափանման միջոցների կիրառման վերաբերյալ գործնական սեմինարների անցկացում,

2․ Մոնիթորինգի և վերլուծության մեխանիզմների ներդրում. 

      • կալանքի վերաբերյալ դատական որոշումների պարբերական վերլուծության իրականացում,
      • տարեկան զեկույցների հրապարակում՝ բացահայտելով առկա խնդիրները և լավագույն պրակտիկան,

3․ Միջգերատեսչական համագործակցության ընդլայնում. 

      • դատավորների, դատախազների և փաստաբանների միջև պարբերական քննարկումների կազմակերպում,
      • կալանքի և այլընտրանքային միջոցների կիրառման վերաբերյալ համատեղ ուղեցույցների մշակում,

4․ Տեխնոլոգիական լուծումների կիրառում. 

      • այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլեկտրոնային մոնիթորինգի համակարգերի ներդրում,
      • կալանքի և այլընտրանքային միջոցների կիրառման վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծում,

5․ Հանրային իրազեկման բարձրացում. 

    • կալանքի կիրառման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային քննարկումների և կրթական միջոցառումների կազմակերպում,
    • քաղաքացիների համար կալանքի կիրառման չափանիշների և այլընտրանքային միջոցների վերաբերյալ պարզեցված ուղեցույցների հրապարակում։

Այս գործնական քայլերը, զուգակցված օրենսդրական փոփոխությունների հետ, կարող են նպաստել Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկայի էական բարելավմանը և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Եզրակացություն

Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործը ցույց է տալիս, որ Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան դեռևս հեռու է կատարյալ լինելուց: Ինչպես վերևում արդեն նշվեց, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական մակարդակներում: Առաջարկված բարեփոխումները կարող են նպաստել այս խնդիրների լուծմանը և ապահովել մարդու իրավունքների ավելի բարձր մակարդակ քրեական արդարադատության համակարգում:

Կարևոր է շարունակել մոնիթորինգը և վերլուծությունը նմանատիպ գործերի, ինչպես նաև հետևել առաջարկված փոփոխությունների ներդրմանն ու արդյունավետությանը: Միայն շարունակական ուշադրության և բարելավումների միջոցով հնարավոր կլինի հասնել արդարադատության համակարգի իրական բարեփոխման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել