«Անուշ, գիտեմ՝ էլ չեմ գալու»․ ինչպես է զոհվել երկու երեխայի հայր, կամավորական Վաղինակ Աբգարյանը

«Ծնողը պիտի երեխա չկորցնի»։

Տիկին Հասմիկին հանդիպեցինք Փարպի գյուղում։ Հարևանի տանն էր, մասնակցում էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղայի ծննդյան արարողությանը։

Զրուցեցինք, պարզվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայր է։ Հրավիրեց մեզ իրենց տուն։ Ներս մտանք, տանը ոչ ոք չկար։ Նա սկսեց արագ-արագ հավաքել դես ու դեն ընկած իրերը, խնդրեցի նստել, որ սկսենք մեր զրույցը։ Սկսեցինք շատ դժվար, չէր կարողանում հանգստանալ տիկին Հասմիկը, առողջական վիճակն ու լացը թույլ չէին տալիս խոսել որդու մասին։ Հետո արցունքների միջից ասաց․ «7 տարի երեխա չէի ունենում, ունեցա, միակ երեխաս զոհվեց պատերազմում»։

Ու նորից երկար դադար։

Վաղինակ Աբգարյանը ծնվել է 1994 թվականի մայիսի 2-ին, Աբգարյան ամուսինների միակ ժառանգն է։ 7 տարի երեխա չունենալուց հետո տիկին Հասմիկը շատ պատահական իմանում է, որ երեխայի է սպասում։ Նրա ուրախությանն իհարկե չափ ու սահման չի լինում, բայց առաջանում են դժվարություններ, Աբգարը ծնվում է 7 ամսականում՝ 1․5 կգ քաշով։

Հոգատար, մարդասեր և հայրենասեր․ սրանք են եղել ամենակարևոր արժեքներն Աբգարի համար։ Հենց այս արժեքներն էլ նրան ստիպել են մեկնել մարտի դաշտ ու կռվել հայրենիքի պաշտպանության համար։ Մայրը նշում է, որ պատերազմի լուր իմանալուն պես որդին հանգիստ չի ունեցել, փնտրել է ուղիներ, որ մեկնի մարտադաշտ։ Ի վերջո մոբի հետ միասին հոկտեմբերի 13-ին մեկնել էր ռազմաճակատ։

«Ես տանն էի, եկավ ասաց՝ մամա, պատերազմ է սկսվել, ես գնում եմ։ Ասացի՝ չէ, Վաղո, չես գնա, բա էրեխեքդ, բա ես։ Հակաճառեց՝ չէ մամա, պետք է գնամ, էդ ջահելների կողին մեկը պետք է, բա որ մեր հարևանի տղային մի բան լինի, ես գնում եմ իր մոտ։ Իջավ բակ, փոքր աղջկան գրկեց, ասաց՝ Անահիտ, գնում եմ, որ գամ, վազելով մոտ գաս։ Պատշգամբից նորից ասացի՝ խնդրում եմ, մի գնա, հետ դառի, ասաց՝ չէ, մամա ջան, թոռ էիր ուզու՞մ, քեզ թոռ եմ տվել, երկուսը, այդ երկու թոռներիդ կպահես։ Գնաց ու գնաց։ Էլ իրեն չտեսա»,-պատմում է մայրը։

Վաղինակը մեկնել է մարտի դաշտ, բայց մայրն այդպես էլ չի իմացել, որ որդին արդեն պատերազմում է։ Անընդհատ մորն ասել է, որ դեռ վերապատրաստման են։ Մայրը հիշում է իր և որդու զրույցներից մեկը։

«Կրակոց լսեցի, ասացի, Վաղո, այդ ի՞նչ ձայն էր, ասաց՝ մամ, վերապատրաստման ենք, կրակում են տղերքը։ Հետո ասաց՝ մամ, լավ հյուրեր եկան, ես ինչ իմանայի, որ թուրքերին է ասում «հյուրեր»։ Ասացի՝ Վաղո ջան, հյուրերիդ բարևի, բալա։ Ասաց՝ վա՜խ, մամ ջան։ Այնքան երկար ասաց այդ «վախ»-ը ու էլ չխոսեց»,-պատմում է մայրը։

Զինակից ընկերները տիկին Հասմիկին պատմել են, որ Վաղինակը միշտ փորձել է բարձր տրամադրությունը պահել, անընդհատ երգել է, հետո իրեն տվել են խմբի հրամանատարի պարտականությունները, քանի որ հրամանատարը փախել է։

Պատերազմի ամենաթեժ կետում են եղել։ Հանդիպել են թշնամու դիվերսիոն խմբին։ Ձեռնամարտ է սկսվել, Վաղինակը հասցրել է 6 թշնամու ոչնչացնել, երկուսին պատճառել է ծանր վիրավորում։ Իրեն խփել են թիկունքից, սրտին։

Վաղինակի դին մեկ ամիս շարունակ չեն կարողացել դուրս բերել հակառակորդի տարածքից։ Ի վերջո, նոյեմբերի 23-ին հաջողվել է նրա դին հասցնել Հայաստան։ Շուրջ մեկ ամիս հարևանները, բարեկամները տիկին Հասմիկից թաքցրել են, որ իր միակ որդին այլևս չկա․ «Դուրս էի գալիս փողոց, ասում էի՝ այսօր էլ Վաղոյիցս լուր չեկավ։ Հարևանները մի ձև հայացք էին գցում, բայց չէին ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել