«Դռնփակության պայմաններում անցկացնելու միջնորդություն ունեմ»․ Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբանը միջնորդություն ներկայացրեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը:

Համաձայն հայցադիմումի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին պատասխանողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 79 անշարժ գույք. 
  • 42 տրանսպորտային միջոց.
  • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
  • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
  • 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 
  • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
  • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
  • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատաքննությանը դատախազ Համլետ Հարությունյանին էր միացել նաև դատախազ Գևորգ Քոչարյանը։

Գևորգ Քոչարյան

Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշեց, որ այս գործով վերջինիս մասնակցությունը թե՛ պրակտիկայի, թե՛ լիազորագրի տեսանկյունից առաջացնում է անհնարինություններ։

«Հայցադիմումի ներկայացման փուլում, ի վերջո, իրավասու մարմինն իր ո՞ր սուբյեկտների կամ ո՞ր աշխատակիցների միջոցով կարող է հանդես գալ և արդյոք այդ գործողությունները իրավաչափ են, թե ոչ, որովհետև մի ընթացք այս գործի շրջանակներում հայցվորի հիմնական ներկայացուցիչ պարոն Հարությունյանը հայց է հարուցել առանց լիազորագրի, հիմա, եթե պարոն Քոչարյանը լիազորագրով է հանդես գալիս, եկանք էն խնդրին, որ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պետք է վերջինս իրավազոր լինի իրավասու մարմնի ղեկավարի կողմից նման գործողություն անելու»,-նշեց Ասատրյանը։

Նա նաև ընդգծեց, որ իր կարծիքով Գևորգ Քոչարյանի լիազորագրի ներկայացումը, հանդես գալն այս գործի շրջանակներում լիովին իրավաչափ է, բայց Համլետ Հարությունյանի մասնակցությունը թույլատրելի չէ այդ պարագայում, որովհետև լիազորագիր չունի։

Դատախազ Գևորգ Քոչարյանը հայտնելով իր դիրքորոշումը՝ նախ անդրադարձավ այն հարցին, որ վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելը առաջին հերթին պատասխանողների շահերից է բխում, հնարավորինս արագ պետք է դատաքննություններն ավարտվեն։

Համլետ Հարությունյան

Լիազորագրի վերաբերյալ նա նշեց, որ այս գործի քննությամբ ի սկզբանե զբաղվել է Համլետ Հարությունյանը, ինչը փաստաթղթերով էլ է երևում և հայցը հենց իր կողմից է ներկայացվել։ «Այս վարույթով իմ ներգրավվածությունը ի տարբերություն պարոն Հարությունյանի կատարվել է Դատախազության ղեկավարի տեղակալի՝ Սրբուհի Գալյանի լիազորագրի հիման վրա, նույն ձևաչափով նաև այլ աշխատակիցներ կարող էին ներգրավվել»։

Այս գործով իր ներգրավման նպատակը գործի ծավալի և հայցվորի շահերն ավելի պատշաճ ներկայացնելն էր։

Նիստի շարունակման հետ կապված դատավորը նշեց, որ նիստը շարունակելու հնարավորություն դատարանը տեսնում է և գտնում է, որ ձևական կլինի նիստը հետաձգել միայն մեկ՝ երրորդ անձի պատշաճ ծանուցված չլինելու հիմքով, որովհետև կտուժի գործի արդյունավետ քննության պահանջը։

Գևորգ Քոչարյանի լիազորությունների հետ կապված դատարանն արձանագրեց, որ վերջինս ոչ թե հանդես է գալիս ի պաշտոնե ներկայացուցիչ, «այլ ավելի օրինական ներկայացուցիչ»։

Մինչև հայցադիմումի ներկայացումը, Վարազդատ Ասատրյանը միջնորդեց դատական նիստը դռնփակ անցկացնել, որի վերաբերյալ դատավորի որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել