«Կինը որ ասպարեզում էլ լինի, եթե սիրում է աշխատանքը, հաստատ ստացվելու է»․ աշխարհի չեմպիոն, մանկապարտեզի տնօրեն, կին, մայր ու փրկարար ընկեր Գեղամյանը

Աշխարհի չեմպիոն, մանկապարտեզի տնօրեն և մայր։ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավագ սերժանտ, ավագ հրշեջ Նարինե Գեղամյանը Iravaban.netին պատմեց, թե ինչպես է որոշել թողնել մանկապարտեզի տնօրենի աշխատանքն ու դառնալ հրշեջ-փրկարար։

«2015 թվականին եմ ընդունվել համակարգ, մեծ հաճույքով, մեծ սիրով։ Քանի որ եղբայրներս նույնպես համակարգում են ծառայում՝ տեսնելով այդ ամենը, մեծ ցանկություն ունեի, բայց այդ ժամանակ աշխատում էի մանկապարտեզի տնօրեն, որոշեցի տնօրենի պաշտոնը թողնեմ և միանամ փրկարար ծառայությանը»,-ասում է նա։

Մեր զրուցակիցն ունի 4-ամյա երեխա։ Հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել ծառայությունն ու ընտանիքը` նշում է, որ եթե կա ցանկություն, ամեն ինչ կարող ես հասցնել և ստացվում է։

Նարինեն համակարգ է ընդունվել որպես հրշեջ փրկարար և հենց առաջին օրվանից էլ մասնակցել է հրդեհաշիջման և այլ բարդ աշխատանքներին։

«Իմ կարծիքով` դա մարդկային առանձնահատկություն է, մի քիչ էլ իմ սպորտային տվյալներն են օգնում, որ կարողանամ մասնակցել այդ աշխատանքներին։ Սպորտի վարպետ եմ, ունեմ սև գոտի 3-րդ դան, աշխարհի չեմպիոն եմ»,-նշեց Նարինեն։

Փրկարարի աշխատանքը բարդ է ու պատասխանատու։ Մեր զրուցակիցն ասում է, որ ինքն աշխատել է տարբեր իրավիճակներում։ Դեպք է եղել, երբ գնացել են հրդեհի վայր, պարզվել է, որ զոհեր էլ կան։ Ընտանիքի անդամը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։

«Ինձ բարձրացրեց ու գցեց գետնին։ Բայց իրավիճակը գնահատելով հասկանում ենք իրենց, այդ դեպքը շատ ծանր եմ տարել, ընտանիքը զոհվել էր։ Կանչեր էլ կան, որ ասում են՝ աղավնին չի շարժվում, կատուն բարձրացել է ծառը»,-նշում է նա։

Նարինեի խոսքով՝ փրկարարի կոչումն է՝ լինել համբերատար և գիտակցաբար մոտենալ ամեն տեսակի մարդու, քանի որ տարբեր մարդկանց հետ են շփվում, ովքեր տարբեր հոգևիճակներում են։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ստիպել է, որ Նարինեն թողնի իր մեկ տարեկան երեխային և անցնի ծառայության։

Մանրամասները` տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել